Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է գյուղատնտեսության նախկին նախարար Արթուր Խաչատրյանը:
– Ձեր գնահատմամբ՝ որքանո՞վ է տրամաբանական գյուղատնտեսության նախարարության ընդգրկումը էկոնոմիկայի նախարարության կազմում:
– Անտրամաբանական է: Որևէ լուրջ փաստարկ չեմ տեսել, թե ինչու պետք է գյուղատնտեսության նախարարությունը միանա տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը: Աշխարհում չկա որևէ զարգացած երկիր, որևէ զարգացող երկիր, որտեղ գյուղատնտեսության նախարարությունը գտնվում է էկոնոմիկայի նախարարության կազմում: Ցանկացած ոլորտ արժանանում է նախարարություն ունենալու «պատվին»՝ ելնելով այդ ոլորտի կարևորությունից երկրի ու բնակչության կյանքում:
Հայաստանում մոտ կես միլիոն մարդ զբաղված է գյուղատնտեսության մեջ, երկրի ՀՆԱ-ի 15%-ը գալիս է գյուղատնտեսությունից, ևս մոտ 10%-ը՝ գյուղատնտեսական մթերքների վերամշակումից: ՊԵԿ տվյալներով www.petekamutner.am՝ 2018 թ. Հայաստանից արտահանվել է 2.4 մլրդ ԱՄՆ դոլարի արտադրանք, որից 684 մլն ԱՄՆ դոլարը գյուղատնտեսական և գյուղվերամշակման արտադրանքն է: Եթե արտահանման ցանկից հանենք թանկարժեք քարերը, թանկարժեք մետաղները, սև և գունավոր մետաղները, ապա գյուղատնտեսությունը կկազմի մեր արտահանման շուրջ 40%-ը: Եվ սա այն դեպքում, երբ Հայաստանն աշխարհում գյուղատնտեսությունն ամենաքիչ ֆինանսավորող երկրներից է:
Ասում են՝ նախարարությունները միավորում են, որ բացառեն գործառույթների կրկնողությունը: Կուզեի տեսնել գյուղատնտեսության և տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարությունների այդ ո՞ր գործառույթներն են կրկնվում:
Գյուղատնտեսության նախարարությունը ոլորտային նախարարություն է, էկոնոմիկայի նախարարությունը ընդհանրական, մակրոտնտեսական պլանավորում իրականացնող, նորմատիվային նախարարություն է: Ո՞րն է միավորման հիմքը: Ինչո՞ւ գյուղատնտեսության նախարարությունը և տնտեսական զարգացման նախարարությունը, այլ ոչ թե տնտեսական զարգացման նախարարությունը և ֆինանսների նախարարությունը կամ՝ ոչ գյուղատնտեսության նախարարությունը և տարածքային կառավարման նախարարությունը: Որո՞նք են այն չափորոշիչները, որոնցով որոշվել է, թե որ նախարարություններն են միավորվում: Որպես օրինակ նշվում է արտահանման աջակցությունը: Գյուղնախարարությունը երբեք չի զբաղվել արտահանման աջակցությամբ: Բայց եթե դա է միավորման «բազիսը», ապա պետք է այս նախարարություններին միանար նաև էներգետիկայի ու բնական պաշարների նախարարությունը. չէ՞ որ մենք թե՛ հոսանք, թե՛ հանքանյութ ենք արտահանում: Եթե միավորման «բազիսը» ապրանքային արտադրությունն է, ապա ինչո՞ւ բարձր տեխնոլոգիաների նախարարությունը չի միավորվում տնտեսական զարգացման նախարարությանը, չէ՞ որ բարձր տեխնոլոգիաները միայն համակարգչային ծրագրերը չեն, այլև նանոտեխնոլոգիաներն են, միկրոպրոցեսորներն են, կիսահաղորդիչներն ու գերհաղորդիչներն են: Եթե բազիսը կրկնվող գործառույթներն են, օրինակ՝ ընդհանուր բաժինը, առաջին բաժինը, իրավաբանական վարչությունը, ֆինանսատնտեսագիտական վարչությունը (այսպես կոչված՝ «օժանդակ» ստորաբաժանումները), կարելի է մշակույթի նախարարությունը միացնել առողջապահությանը կամ սոցապը՝ արտգործնախարարությանը: Բոլոր նախարարություններում էլ կան նշյալ կրկնվող ստորաբաժանումները:
– Կառավարությունը հայտարարում է, որ նախարարությունները միավորվում են «կառավարման արդյունավետությունը բարձրացնելու համար»:
– Նախ՝ հասկանալի չէ կառավարության ծրագրում ֆիքսված «կառավարման արդյունավետությունը բարձրացնել» հասկացությունը: Տարբեր կազմակերպություններ կառավարման արդյունավետությունը տարբեր կերպ են սահմանում և գնահատում: Ըստ Համաշխարհային բանկի՝ կառավարման արդյունավետությունը գնահատվում է մի քանի չափորոշիչներով, օրինակ՝ հանրային ծառայության որակը, քաղաքացիական ծառայության որակը և ծառայության անկախությունը քաղաքական կոնյունկտուրայից, քաղաքականություններ մշակելու կառավարության ունակությունից: «Հազարամյակների մարտահրավեր» կորպորացիան կառավարության արդյունավետությունը գնահատում է շատ ավելի մեծ թվով չափորոշիչներով: Ըստ «Գլոբալ Իքոնոմի» կայքի՝ 2017 թվականին Հայաստանի Հանրապետությունը, ըստ կառավարման արդյունավետության, գտնվում էր 94-րդ հորիզոնականում, Ադրբեջանը 99-րդ հորիզոնականում է, Վրաստանը՝ 51-րդ: Որպեսզի բարելավվի մեր կառավարման արդյունավետությունը, քայլեր պետք է ձեռնարկվեն յուրաքանչյուր գնահատման չափորոշիչի բարելավման ուղղությամբ: Այսինքն՝ պետք է առաջնորդվեինք նույն տրամաբանությամբ, որով առաջնորդվում ենք Doing business (գործարարությամբ զբաղվելը) դասակարգումով մեր արդյունքները բարելավելու համար: Դա չի արվում:
Եթե «կառավարման արդյունավետությունը բարձրացնել» ասելով կառավարությունն ի նկատի է ունեցել տնտեսական զարգացման և ներդրումների խթանումը, գյուղատնտեսության խթանումը, տարածքային կառավարման բարելավումը, Սփյուռքի հետ հարաբերությունների բարելավումը, ապա այստեղ նույնպես որևէ տրամաբանություն չեմ տեսնում: Համակարծիք լինելով այն պնդումների հետ, որ մեր նախարարությունների աշխատանքները պետք է բարելավվեն, որևէ կերպ չեմ հասկանում, թե ինչպես կարելի է երկու կամ երեք ոչ արդյունավետ նախարարություններ իրար միավորելով ստանալ մեկ արդյունավետ «սուպեր» նախարարություն:
– Բայց կարծիքներ են հնչում, որ այդ ամենն արվում է ընդամենը բյուջեի միջոցները խնայելու նպատակով:
– Կարծում եմ՝ իրոք, քիչ փող ծախսելու խնդիր է դրված: Եթե բուն նպատակը դա է, ապա պետք է հստակ գրվի, որ կրճատումների, միավորումների արդյունքում ինչքան գումար է խնայվում, և ուր են ուղղորդվելու այդ գումարները: Բայց պետության նպատակը փող խնայելը չպետք է լինի, այլ դա ճիշտ օգտագործելը:
– Դուք վստա՞հ եք, որ նման հաշվարկ չկա:
– Ես չգիտեմ, թե այդ կրճատման արդյունքում ինչքան գումար է խնայվելու: Հեռուստաբանավեճերից մեկի ժամանակ այդ հարցն ուղղել եմ իմքայլական պատգամավորներին: Նրանք ևս հաշվարկներ չէին տեսել, բայց խոստացան ԱԺ քննարկումների ժամանակ հարցը բարձրացնել: Նույնիսկ եթե հաշվարկ կա, հանրությանն այն դեռ չի ներկայացվել: Ի դեպ, արդյունավետությունն ու ծախսարդյունավետությունն էլ իրար հետ խառնել չի կարելի: Դրանք էապես տարբեր հասկացություններ են:
– Ձեզ, որպես ոլորտը ներսից իմացողի, որքանո՞վ է բավարարում այսօր այս ճյուղում իրականացվող քաղաքականությունը, եթե իրականում որևէ քաղաքականություն վարվում է: Որո՞նք են տնտեսության այս ճյուղի առաջնահերթությունները: Գյուղատնտեսության ոլորտում ո՞րն է մեր ապագան:
– Ոչ, չի բավարարում: Ցավոք, պետության գյուղատնտեսական քաղաքականությունը հիմնականում սահմանափակվել է տարբեր տեսակի սուբսիդավորման ծրագրերով: Հստակ քաղաքականությունը բացակայել է. ի՞նչ պետք է արվի, ինչպե՞ս պետք է արվի: Սա շատ ավելի լուրջ քննարկման հարց է: Կարծում եմ՝ գյուղն ու գյուղատնտեսությունը չի կարելի իրարից տարանջատել: Ի դեպ, սա էր հիմնական պատճառը, որ մենք առաջարկեցինք գյուղատնտեսության նախարարությունը վերանվանել գյուղի և գյուղատնտեսության նախարարություն: Գյուղատնտեսական քաղաքականությունը պետք է տարվի երեք ուղղությամբ. 1) աջակցություն «գյուղացիներին», մարդկանց, որոնք ունեն մի քանի կով, մի քանի հեկտար վարելահող, միգուցե մեկ հեկտար այգի, այսինքն՝ մարդիկ, որոնց համար գյուղատնտեսությունը կենսակերպ է. արտադրանքի մի մասը վաճառում են, մի մասն էլ օգտագործում են սեփական կարիքների համար, 2) աջակցություն ագրոբիզնեսին և կոմերցիոն գյուղատնտեսությանը. ի դեպ, առաջին խմբին տրամադրվող աջակցությունը պետք է միտված լինի նաև նրան, որ մարդիկ «բնատնտեսությունից» անցնեն կոմերցիոն գյուղատնտեսության, 3) աջակցություն նրանց, ովքեր ուզում են դուրս գալ գյուղատնտեսությունից: Կհարցնեք՝ ինչո՞ւ: Հնարավոր չէ պատկերացնել գյուղատնտեսության զարգացումն առանց հողերի խոշորացման, գյուղատնտեսության մեքենայացման, նոր տեխնոլոգիաների ներդրման: Այս ամենը կբերի գյուղերում աշխատուժի «ավելցուկի» առաջացման: Եթե չենք ուզում, որ գյուղերը դատարկվեն, ավանդական կենսակերպը խաթարվի, սահմանների անվտանգությունը ռիսկի տակ դրվի, ուրբանիզացիան ավելի խորանա, խթանվի երկրից արտագաղթը, ավելացած աշխատուժի համար պետք է գյուղերում զբաղվածություն ապահովել:
– Բուսաբուծության ոլորտում գյուղատնտեսական արտադրության շղթան սկսվում է ոռոգումով, ավարտվում արտադրանքի իրացմամբ: Այս երկուսը ոլորտի անկյունաքարային գործառույթներից են, առանց որոնց ոլորտի զարգացումը բացառվում է: Պետությունը պատասխանատո՞ւ է սրանց ապահովման համար, թե՞ դրանք գյուղացու իրականացնելիք խնդիրներն են: Երկար ժամանակ է՝ ոչ մի կերպ չի ուրվագծվում պետություն-գյուղացի հարաբերությունների ջրբաժանը: Որտե՞ղ է ավարտվում մեկի անելիքն ու սկսվում մյուսի պատասխանատվության շրջանակը:
– Ոռոգման ջրի մատակարարումը պետության գործառույթն է: Գյուղմթերքի արտահանումների հուլիս ամսվա տվյալներով՝ գերազանցել էինք նախորդ ամբողջ տարվա ցուցանիշները: Բայց 2018թ.-ի տարեկեսից ունեցանք գյուղարտադրանքի անկում:
Հուլիս-օգոստոսին գյուղացուն ոռոգման ջրով ապահովելու լուրջ խնդիրների առաջ հայտնվեցինք:
– Հնչում էին կարծիքներ, որ դրսևորվող պոպուլիզմի արդյունքում 15-20 օր Սևանից ջուր բաց չթողնվեց, ինչն էլ նման խնդիրներ ստեղծեց գյուղացու և նախարարության համար:
– Գյուղատնտեսության արտադրանքի անկումը եղավ երեք պատճառով: Նախ՝ 2017-ի դաժան ձմեռվա պատճառով մենք ունեցանք անասնագլխաքանակի շուրջ 10 տոկոսի նվազում: Այսինքն՝ մտանք 2018 թվական արդեն ոչ բարենպաստ «ստարտային պայմաններով»: Ազդեցին նաև անոմալ շոգերը: Բարձր ջերմաստիճաններ, որպես կանոն, լինում էին օգոստոսին, բայց անցած տարի սկսվեցին հունիսին: Բացի այդ, ցերեկվա ու գիշերվա ջերմաստիճանային տարբերությունը շատ փոքր էր, ինչը բերեց ծաղկավիժման: Երրորդը՝ ջուր չտրվեց: Ինչու չտրվեց, դա երկար խոսելու թեմա է: Փաստ է, որ տրամադրված ջրի քանակը բավարար չէր: Ի դեպ, ինձ համար սա լուրջ ինստիտուցիոնալ խնդիր բացահայտեց: Երբ փորձեցի նախարարության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներից գյուղատնտեսության համար ջրի անհրաժեշտ քանակները ճշտել, պարզվեց, որ նախարարությունում այդ հարցի պատասխանը չունեն: Նախարարությունն առաջնորդվում է Ջրտնտպետկոմի տվյալներով, որոնք էլ ձևավորվում են ջրօգտագործողների ընկերություններից ստացված հայտերի վրա: Չկան ջրաչափեր, հնարավոր չէ ասել՝ որքան ջուր է տրվել: Այս շղթան ուսումնասիրելիս հասկանում ես, որ ջրային տնտեսությունը պետք է մտնի գյուղնախարարության կազմ, որպեսզի եղած ցցուն հակասությունները, անհասկանալի խոչընդոտները բացառվեն: Գյուղատնտեսական վերամշակումն ու հակակարկտային ծառայությունները ևս պետք է լինեն գյուղնախի ենթակայության տակ: Դրանով իսկ կստեղծվի հզոր նախարարություն, որը կմշակի գյուղատնտեսական քաղաքականություն և պետական աջակցությունը կկապի գյուղատնտեսական քաղաքականության իրականացման հետ:
– Հայաստանում հաշվառված է 41-42 հազար պտղատու այգի: Միջինում հեկտարից 10 տոննա բերքի դեպքում (ընդ որում, դա ոչ ժամանակակից տեխնոլոգիաներով մշակության դեպքում) մոտավոր հաշվարկներով տարեկան կունենանք 420 հազար տոննա պտուղ, որից 220-250 հազարը «ավելորդ» է և պետք է արտահանվի: Պետությունը գարա՞նտ է դրա իրացման համար, թե՞ դա իր լուծելիք խնդիրը չէ՝ գյուղացին պետք է մտածի իր արտադրանքի իրացման մասին:
– Պետությունը պետք է այլ երկրների հետ որոշակի պայմանավորվածություններ ունենա, որպեսզի մարդիկ կարողանան արտահանել: Այլ՝ երրորդ երկրների հետ պետք է բանակցել, որպեսզի հայկական արտադրանքի նկատմամբ «դրական» վերաբերմունք ձևավորվի: Կա նաև մասնավորի կողմից բիզնեսի ճիշտ կազմակերպման խնդիր:
– Ժամանակին ԱՄՆ գյուղդեպարտամենտի տարբեր ղեկավարներ բառացիորեն ասում էին նույնը. իրենց հիմնական նպատակն է գտնել շուկաներ ամերիկացի արտադրողների համար: Նույն մոտեցումն է դրսևորում Չինաստանը: Որպես կառավարության նախկին անդամ՝ Դուք կարո՞ղ եք նշել այն կառույցը, որը զբաղվում է Հայաստանում արտադրված գյուղմթերքների համար «շուկաների փնտրտուքով»:
– Մեր առաջ երբեք այդ նպատակը չի դրվել, բայց վաղուց ժամանակն է, որ դրվի: ԱՄՆ ամենահզոր նախարարություններից մեկը ԱՄՆ գյուղդեպարտամենտն է: Եվրամիության ընդհանուր բյուջեի զգալի մասը հատկացվում է գյուղատնտեսությանը: Այդ երկրները խիստ կարևորելով գյուղոլորտի նշանակությունը՝ պատասխանատու հզոր մարմիններ են ստեղծել: Մեզանում հակառակ գործընթացն է: Մենք երկու հիմնական խնդիր ունենք՝ ջուրը և սպառումը: Պետք է կարողանանք հաշվարկել, թե ինչքան ջուր է պետք, ճիշտ կառավարման շնորհիվ ճիշտ քանակի ջուր հասցնենք և աջակցենք, որ մեր գյուղմթերքը դուրս գա: Մինչ իմ նախարար դառնալը մշակվել է ագրոպարենային արտադրության սարքավորումների լիզինգը, որ ընդունվեց «իմ օրոք»: Սա թույլ կտա սառնարանային տնտեսություններ ստեղծել, որ մարդիկ կարողանան պահել ապրանքը, որպեսզի սեզոնին շատ էժան գնով չվաճառեն: Այս ծրագիրը կառավարությունում դժվարությամբ հաստատվեց, բայց հիմա շատ հաջող ընթացք ունի:
– Հետևո՞ւմ եք սառնարանային տնտեսության հետ կապված զարգացումներին: Վերջին ամիսներին Հայաստանում սառնարաններում կուտակված էր մնացել շուրջ 10-12 հազար տոննա խաղող, ավելի քան 60 հազար տոննա խնձոր: Խաղողի մի զգալի մասը փչացավ, մնացածն էլ իրացվել ու իրացվում է կիլոգրամը 120-220 դրամով, ամենաընտիրը՝ առավելագույնը 130 դրամով: Սրանից հետևում է, որ արտահանման մշակված մեխանիզմ չկա: Չկա նաև այն մարմինը, որ արտաքին շուկաներն ուսումնասիրի և խորհրդատվության շնորհիվ օգնի մարդկանց կողմնորոշվելու:
– Թվերին տեղյակ չեմ, չեմ ուզում վիճարկել: Ենթադրում եմ, որ խոսում եք գյուղացուն վճարվող գնի մասին, քանի որ սպառողը լրիվ այլ գնով է Ձեր նշած մթերքը գնում: Ի դեպ, սա էլ է խնդիր: Միջնորդները շատ ու շատ ավելի մեծ գումարներ են աշխատում, քան արտադրողները: 130 դրամը սարսափելի ցածր գին է:
Վերադառնամ Ձեր հարցին: Իրոք, դա խնդիր է: Կան տվյալներ, թե որ երկիրը ինչ չափով է սուբսիդավորում իր գյուղատնտեսությունը: Թուրքիայում ֆերմերի եկամտի 30%-ը գալիս է պետությունից: Այսինքն՝ եթե այստեղ 130 դրամով են վաճառում, այդ թվի 30%-ի չափով էլ պետությունն է ֆերմերին սուբսիդավորում: Մեր ավանդական շուկաներում, օրինակ՝ ՌԴ-ում, վրացական, թուրքական, ադրբեջանական ֆերմերները մեր ֆերմերների նկատմամբ ունեն առավելություն՝ պետական դոտացիաների շնորհիվ:
– Իրականությունն այն է, որ մեկ հեկտարից ստացվում է, ասենք, առավելագույնը 20 տոննա խաղող կամ 15 տոննա խնձոր, որի իրացման դեպքում «տակը» բան չի մնում:
– 20 տոննա՞ բերքատվություն: Առավել քան կրկնակի բարձր բերքատվություն եք ասում: 10 տոննան շատ, շատ լավ ցուցանիշ է: Այս տարի տեխնիկական սորտի խաղողը մթերվել է հիմնականում 140 դրամով: Մեր հաշվարկներով՝ 1 կիլոգրամի ինքնարժեքը մոտ 100 դրամ է: Այդ թիվը վերցնենք հաշվարկների հեշտության համար: Ստացվում է, որ 1 հեկտար խաղողի այգի մշակելով՝ գյուղացին աշխատում է ընդամենը 400,000 դրամ՝ ողջ տարվա ընթացքում: Վերածեք այս թիվը ամսական աշխատավարձի… Ի դեպ, իմ նախկին գործընկերներից ոմանք հաշվարկում էին, որ 40% եկամտաբերությունը «երանելի» բիզնես է: Եթե ֆերմերն ունենար 20 հա խաղողի այգի, 140 դրամը գուցեև վատ թիվ չէր: Բայց չունի. կա՛մ այդքան հող չկա, կա՛մ ջուր չկա, կա՛մ ընդլայնվելու գումար չկա: Իհարկե, եթե անցնեն ավելի թանկ՝ գինեմետ սորտերի մշակմանը, եկամուտը կրկնակի-եռակի բարձր կլինի: Կարծում եմ՝ պետությունը պետք է այս ուղղությամբ հատուկ քաղաքականություն իրականացնի: Նման դրական փորձ ունի Վրաստանը:
– Ի՞նչ հավանականություն եք տեսնում, որ նախարարությունը կվերականգնվի:
– Ես հույս ունեմ, որ մեկ-երկու տարուց նորից կունենանք գյուղատնտեսության նախարարություն: Մեկ տարի պետք է՝ հասկանալու համար, որ սխալ քայլ է արվել, մեկ տարի էլ՝ հասկանալու համար, որ սխալը պետք է ուղղել: