Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
27-ամյա Հռիփսիմե Մարգարյանի երկար սպասած` պաշտոնի և աշխատավարձի բարձրացումը եղել է առաջին հղիության ժամանակ: Սակայն մեկ-երկու ամիս ավելի բարձր աշխատավարձ ստանալն իրականում որևէ կերպ չի ազդել ծննդաբերության և մայրության նպաստի չափի վրա: Նպաստը հաշվարկվում է` հիմք ընդունելով վերջին մեկ տարում կնոջ միջին աշխատավարձի չափը:
Բանկում 9 տարվա աշխատանքային փորձ ունեցող Հռիփսիմեն աշխատավարձի բարձրացումից չի օգտվի նաև երկրորդ հղիության դեպքում, եթե հաջորդ տարվա հունվարի 1-ին օրինական ուժի մեջ մտնի «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքում փոփոխություններ մտցնելու մասին` կառավարության ներկայացրած նախագիծը:
«Ես հիմա երկրորդ բալիկիս եմ սպասում, ու եթե հունվարից այդ օրենքը գործի, նախորդ անգամ ստացած նպաստից ավելի ցածր եմ ստանալու»,- Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Հռիփսիմեն` նշելով, որ օրենսդրական փոփոխության հետևանքով կարող է նախատեսվածից մինչև 400 հազար դրամ պակաս ստանալ:
Բանն այն է, որ եթե ներկայումս աշխատող կինը մինչծննդաբերական և հետծննդաբերական շրջանի համար նպաստ ստանում է իր միջին աշխատավարձի 100 տոկոսի չափով, ապա, նոր օրինագծի համաձայն, 2015 թվականից առավելագույնս 80 տոկոսի չափով կստանա:
Այս նախագծով առաջարկվում է հղիության և ծննդաբերության նպաստը (մայրության նպաստ) աշխատող կնոջ դեպքում հաշվարկել` ըստ նրա վերջին աշխատավայրում ունեցած աշխատանքային ստաժի: Եթե նա աշխատել է մինչև 1 տարի, ապա նպաստը լինելու է միջին աշխատավարձի 40 տոկոսի չափով, եթե մինչև 3 տարի, ապա` 60 տոկոսի չափով, իսկ եթե 3-ից ավելի` 80 տոկոսի չափով: Սահմանվում է նաև նախատեսված 140 օր արձակուրդի համար նպաստի վերին շեմ: Այսպիսով` 1-ին և 2-րդ երեխաների դեպքում այդ նպաստը չի կարող գերազանցել 2.6 միլիոն դրամը, 3-րդ և 4-րդ երեխայի դեպքում` 3.6 միլիոն դրամը: Օրինակ` եթե կնոջ միջին աշխատավարձը 800 հազար դրամ է եղել, ապա առաջին երեխայի դեպքում նա առավելագույնս 2.6 միլիոն դրամ նպաստ կարող է ստանալ և ոչ այնքան, որքան կարող է կազմել իր միջին աշխատավարձի 80 տոկոսը:
Եվ մյուս կարևոր փոփոխությունն այն է, որ օրինագծի ընդունումից հետո` 2016 թվականից արդեն, մայրության նպաստ կսկսեն ստանալ նաև չաշխատող կանայք` միջին նվազագույն աշխատավարձի չափով` 140 օրվա համար: Նախատեսվում է, որ դա կազմելու է 275 հազար դրամ` առանց հարկերի (միջին նվազագույն աշխատավարձը 2016-ին լինելու է 80 հազար դրամ):
Աշխատող կինը կվճարի չաշխատողին
Վճարել չաշխատող մայրերին աշխատողներից խնայելու հաշվին` մեծագույն սոցիալական անարդարություն է. Yerkir.am-ի հետ զրույցում դիրքորոշում է հայտնում «Դադարեցրեք մայրության նպաստի վերաբերյալ օրենսդրական փոփոխությունների կատարումը» քաղաքացիական նախաձեռնության անդամ Տաթևիկ Դավթյանը:
«Հայաստանում աշխատում են այն կանայք, ովքեր քիչ թե շատ լավ աշխատավարձ են ստանում: Դա գրեթե գոյություն չունեցող միջին դասի ներկայացուցիչներն են, ովքեր ոչ թե շվայտ կյանքով են ապրում, այլ միջին լավ կյանք ունեն: Եվ եթե մենք փորձում ենք էս կանանցից վերցնել այս գումարը, ապա ստեղծվում է մի իրավիճակ, երբ մարդու կոշիկի մեկը հանում, տալիս ենք նրան, ով չունի: Արդյունքում` երկուսին էլ թողնում ենք կիսաբոբիկ»,- ասաց նա:
Ակտիվիստ կինը պնդում է, որ միանշանակ ողջունելի է, որ այսուհետ նպաստ են ստանալու նաև մոտ 30 հազար չաշխատող մայրացող կանայք, սակայն ինչո՞ւ վճարել նրանց աշխատողների գրպանից, ինչո՞ւ` ոչ այլ միջոցներից: Նա խոսում է շքեղության հարկի մասին. դրա վերաբերյալ օրինագիծն ԱԺ-ում այդպես էլ չընդունվեց, այնինչ` շատ տրամաբանական կլիներ շքեղ ապրողներից ստացված հարկերով վճարել մայրության նպաստը:
Տաթևիկը առաջ է քաշում մեկ այլ խնդիր եւս` օրենսդրական այս փոփոխությունները խտրականություն են դնում տղամարդու և կնոջ միջև: Հղիության և ծննդաբերության արձակուրդը միակ արձակուրդն է, որը պայմանավորված է սեռով, և մայրության նպաստը համարվում է փոխահատուցում կնոջ չաշխատած օրերի համար: Ի դեպ ՀՀ-ում դեռևս 1993 թվականից ուժի մեջ է «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» ՄԱԿ-ի կոնվենցիան, որի 11-րդ հոդվածով սահմանվում է, որ պետք է վերացվեն կանանց նկատմամբ խտրականությունը զբաղվածության ոլորտում: Մասնավորապես նույն հոդվածի երկրորդ մասի բ կետում նշվում է հետևյալը. «...տրամադրելու հղիության և ծննդաբերության վճարովի կամ սոցիալական համեմատելի նպաստներով արձակուրդ` առանց կորցնելու աշխատանքի նախկին տեղը, վերադասությունը կամ սոցիալական նպաստները»: Եվ բացի սրանից` նախորդ տարվա հուլիսից ուժի մեջ է մտել նաև «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենքը:
Եվ եթե դիտարկում ենք մի իրավիճակ, երբ կինն ու տղամարդն աշխատում են նույն պայմաններով, ապա կինը երեխա ունենալուց հետո, ֆինանսական առումով, հայտնվում է անհավասար պայմանում: Տղամարդը շարունակում է աշխատել և ստանալ իր աշխատավարձը, իսկ կինը` առավելագույնս դրա 80 տոկոսը:
Կսահմանափակվեն կնոջ իրավունքները, կխախտվի լեգիտիմ ակնկալիքի սկզբունքը
Օրինագծի խնդրահարույց կետերից մեկն էլ այն է, որ մայրության նպաստը հաշվարկվում է` վերջին գործատուի մոտ աշխատանքային ստաժից կախված: «Սա կարող է էականորեն սահմանափակել կնոջ աշխատանքի ազատ ընտրության իրավունքը»,- Yerkir.am-ի հետ զրույցում նշեց Մարդու իրավունքների պաշտպանի գլխավոր խորհրդական Աննա Սաֆարյանը:
Այսինքն` որպեսզի կնոջ մայրության նպաստը հաշվարկվի նրա աշխատավարձի ավելի բարձր տոկոսի չափով, ապա նա հղիության ընթացքում ստիպված է լինելու նոր աշխատանքի չանցնել: «Բայց պետությունը խնդիր չունի, որ կինը տարիներ շարունակ տվյալ գործատուին նվիրված աշխատի, դա գործատուի խնդիրը կարող է լինել»,- նշում է Տ. Դավթյանը:
Մյուս կողմից` ՄԻՊ գլխավոր խորհրդականը նշում է, որ օրինագծի ընդունումը կարող է հանգեցնել կանանց լեգիտիմ ակնկալիք ունենալու իրավունքի խախտմանը, ինչպես Հռիսփսիմե Մարգարյանի դեպքում է: Նա պլանավորել է երեխա ունենալ` ակնկալելով, որ 140-օրյա արձակուրդի դեպքում վճարվելու է իր միջին աշխատավարձի 100 տոկոսի չափով, և չէր կարող կանխատեսել, որ մի օր պետությունն ի վնաս իրեն օրենսդրական փոփոխություն կանի:
«Փաստորեն, մենք կրճատում ենք աջակցության չափը, և նրանց օրինական ակնկալիքը խախտվում է: Իսկ Սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներում լեգիտիմ ակնկալիքի սկզբունքի վերաբերյալ իր դիրքորոշումը հայտնել է, որ այն շատ կարևոր է պետության, իշխանության նկատմամբ վստահության տեսանկյունից»,- ասաց Ա. Սաֆարյանը:
Նա նշեց նաև, որ ՄԻՊ աշխատակազմում քննարկումների արդյունքում եկել են այն եզրակացությանը, որ նախագիծը որոշակիորեն հակասություններ կարող է ունենալ ՀՀ-ի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների հետ: «Եվրոպական սոցիալական խարտիայում նշվում է, որ նպաստը միջին ամսական աշխատավարձին պետք է համահունչ լինի, և Լատվիայի գործով կոմիտեն նշել է, որ չպետք է 70 տոկոսից պակաս լինի: Հետևաբար, երբ խոսում ենք 40 և 60 տոկոսների մասին, ապա դա կարող է հակասել խարտիայի պահանջներին»,- ասաց Ա.Սաֆարյանը (Տես` Digest of The Case Law of The European Comitee of Social Rights, 2008, sep 1, 265, page 250 - Ա.Կ.):
Իսկ Աշխատանքի միջազգային կազմակերպության 191 հանձնարարականում նշվում է, որ պետությունը պետք է ձեռնարկի միջոցներ, որպեսզի ծննդաբերության և մայրության նպաստը հնարավորինս բարձր լինի: Այնինչ` ներկայումս արվում է հակառակը:
Ինչո՞ւ է արվում օրենսդրական փոփոխությունը
Սոցիալական ապահովության պետական ծառայության պետի առաջին տեղակալ Սմբատ Սաիյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշում է, որ տարեցտարի մեծանում են ժամանակավոր անաշխատունակության ոլորտի ծախսերը, սակայն դրանց արդյունավետությունը չի աճում: Իսկ ծախսը աճում է ոչ թե օբյեկտիվ, այլ սուբյեկտիվ գործոնների հաշվին: «Ունենք այդ ծախսի ահագնացող աճ, որն այս տարի 40 տոկոս է կազմել, բայց միջին աշխատավարձի չափը չի բարձրացել, ծնելիության «բում» չի եղել, հիվանդության մակարդակի բարձրացում չի եղել»,- ասում է նա:
Սաիյանի խոսքով` աշխատող և մայրության նպաստ ստացող կանանց մոտ 20 տոկոսի դեպքում նկատվում է, որ նրանք աշխատանքի են անցել ծննդաբերությունից 15 օրից մինչև 2-3 ամիս առաջ: Այսինքն` ակնհայտ է, որ գրանցվել են` որպես աշխատող, հետագայում նպաստ ստանալու համար: Եվ այս դեպքում օրենքի որևէ խախտում չկա: «Մենք գործ ունենք իրավական բացի հետ, որը բերում է այս վիճակին: Հիմա մենք ասում ենք` հարգելի' կին, քեզ պատեպատ մի' տուր, էդ 140 օրվա համար ծանոթ մի' գտիր, որ քեզ գրանցի ու կարողանաս նպաստ ստանալ, քանի որ, անկախ դրանից, ստանալու ես այդ գումարը»,- ասում է Սոցիալական ապահովության պետական ծառայության պետի առաջին տեղակալը:
Բոլոր պնդումներին և հիմնավորումներին զուգահեռ` Ս. Սաիյանը շեշտում է նաև այն, որ ներկայացված նախագիծը վերջնական տարբերակը չէ. «Նախագիծը դիտարկեք որպես քննարկման ենթակա առաջարկություն: Չի բացառվում, որ այս քննարկումների արդյունքում վերջնական ունենանք մի փաստաթուղթ, որն էապես տարբերվի ներկայացվածից»:
Աստղիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ