Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանըմարտի 27-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Լիլիան Մորի Պասքիեին: Նախագահների ընդլայնված կազմով հանդիպմանը մասնակցել են նաեւ ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահներ, ԵԽԽՎ պատվիրակության եւ ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ Եվրոպայի Խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Պարույր Հովհաննիսյանը, Երեւանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան:
Ողջունելով հյուրերին՝ խորհրդարանի ղեկավարը կարեւորել է Եվրոպայի Խորհրդի ու դրա ինստիտուտների հետ համագործակցությունը եւ Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների գործընթացների ու ձեռքբերումների հարցում դրանց աջակցությունը:
Արարատ Միրզոյանը, խոսելով անցյալ տարի Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա հեղափոխության մասին, փաստել է. «Ժողովրդավարությունը, մարդու իրավունքներն ուազատությունները, թափանցիկությունը, կոռուպցիայի դեմ պայքարը մեզ համար սոսկ խոսքեր չեն, այլ հիմնարար արժեքներ»: Ազգային ժողովի նախագահի խոսքով՝ նշվածն ամբողջացավ անցյալ տարվա դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններով: Օրենսդիր մարմնի ղեկավարը շնորհակալություն է հայտնել ԵԽԽՎ-ին ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու համար՝ կարեւորելով ԵԽԽՎ մոնիթորինգի համազեկուցողների հնչեցրած անաչառ գնահատականները:
Անդրադառնալով բռնությունների դեմ պայքարին ու իրավահավասարության խնդիրներին՝ Ազգային ժողովի նախագահը վերահաստատել է Հայաստանի դիրքորոշումը՝ նշելով, որ մեր երկիրը հետեւողականորեն պայքարելու է մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների երաշխավորման ու պաշտպանության համար:
ԵԽԽՎ նախագահը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, վերահաստատել է ԵԽԽՎ աջակցությունը Հայաստանում բարեփոխումների իրականացման եւ ժողովրդավարության ամրապնդման հարցում: Լիլիան Մորի Պասքիեն, արժեւորելով Հայաստանում իրականացված ոչ բռնի հեղափոխությունը, նշել է. «Մենք կարծում ենք, որվերջին ընտրություններից հետո դուք ունեք ժողովրդի աջակցությունը եւ ձեզ հնարավորություն է ընձեռվել իրագործելու բոլոր ծրագրերը»:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են համագործակցության ծրագրերին, Ստամբուլի կոնվենցիայի վավերացման գործընթացին, Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Արարատ Միրզոյանը հույս է հայտնել, որ ԵԽԽՎ-ն կանդրադառնա այս ողբերգությանը: Նրա խոսքով՝ տարակուսանք չկա, որ մարդկության դեմ հանցագործությունների դատապարտմամբ եւ ճանաչմամբ է միայն հնարավոր կանխել հետագայում նման ոճրագործությունների կրկնությունը:
Հանդիպման ավարտին Լիլիան Մորի Պասքիեն գրառում է կատարել ՀՀ Ազգային ժողովի պատվավոր հյուրերի մատյանում:
Այնուհետեւ բարձրաստիճան հյուրը խորհրդարանի այգում տնկել է մշտադալար եղեւնի: