կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-11-21 15:28
Հասարակություն

Հույս ունեմ` հաջորդ խորհրդարանը կանդրադառնա ԱԱԾ և ՀՔԾ պետերի գաղտնալսված խոսակցության խնդրին. Գևորգ Կոստանյան

Հույս ունեմ` հաջորդ խորհրդարանը կանդրադառնա ԱԱԾ և ՀՔԾ պետերի գաղտնալսված խոսակցության խնդրին. Գևորգ Կոստանյան

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը հույս ունի, որ հաջորդ խորհրդարանը ևս կանդրադառանա ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսային խոսակցության գաղտնալսման խնդրին: Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նա համոզմունք հայտնեց, որ հաջորդ Ազգային ժողովում ևս կստեղծվի քննիչ հանձնաժողով, որպեսզի այս հարցերին կարողանան տալ սպառիչ, ամփոփ պատասխան:

«Բացի այդ` քանի որ հարցը վերաբերում է նաև դատարանի գործունեությանը միջամտության հնարավոր դրսևորումներին, ես վստահ եմ, որ, անկախ նրանից, թե որ ուժերը ներգրավված կլինեն պառլամենտում, այդ ուժերը ևս շահագրգռված են լինելու, որպեսզի հստակ և ամբողջական պատկերացում ունենան՝ արդյո՞ք մեր երկրում դատարանների անկախության հնարավորություններն առկա են»,- ասաց Կոստանյանը։

Նա հանձնաժողովը լուծարված չի համարում: «Քննիչ հանձնաժողովը ֆորմալ տեսանկյունից դեռևս լուծարված չէ, և լիազորությունները շարունակվում են նախքան այս խորհրդարանի լուծարումը: Իսկ նիստեր չեն գումարվում, քանի որ քվորում չկա. քվորում ապահովելու համար հանձնաժողովի  առնվազն վեց անդամ պետք է ներկա լինի նիստերին: Բայց հանձնաժողովի 12 անդամներից առնվազն 10-ը ներգրավված են ընտրական գործընթացներում, այդ թվում՝ ռեյտինգայինով առաջադրված են, ուստի նրանց մասնակցությունը գործնականում անհնար է»,- պարզաբանեց Կոստանյանը:

Ըստ նրա` նրանց բացակայությունն օբյեկտիվ է: «Ճիշտ է, նախընտրական քարոզչությունը չի սկսվել, բայց այդ պատգամավորները նախապատրաստական աշխատանքներ են իրականացնում: Պարզ է` եթե քվորում չկա, ես մենակ որևէ բան չեմ կարող անել»,–հավելեց հանձնաժողովի նախագահը:

Կոստանյանը նաև հայտնեց, որ ձեռք չեն բերել բավարարար չափով տեղեկություններ ու փաստեր, որպեսզի վերջնական եզրակացություն անեն: