կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-03-27 17:52
Առանց Կատեգորիա

Տնտեսական զարգացման նոր մոդելի ուրվականը

Տնտեսական զարգացման նոր մոդելի ուրվականը

Օր  օրի ավելի տեսանելի են դառնում տնտեսական զարգացման վերաբերյալ նոր կառավարության հիմնական մոտեցումները, և դրանք արդեն, որպես ձևակերպված մոդել, ներկայացվում են հանրությանը:

Այս մոդելի էությունը հետևյալն է՝ առանցքային դերակատարն ու պատասխանատուն են այն քաղաքացիները, որոնք, հավատալով ու ապավինելով իրենց ուժերին, կաշխատեն կամ կզբաղվեն ձեռնարկատիրությամբ և կլինեն երջանիկ: Կառավարությունն էլ կլինի երջանիկ, քանզի ունենալու է նվազագույն պատասխանատվություն և անելիք, հետևաբար նաև՝ իր քաղաքական ծրագիրը ձախողելու և հետագայում վերարտադրվելու ռիսկ: Կառավարությունը հիմնականում զբաղվելու է աշխատանքի քաջալերմամբ՝ շուկայական հավասար մրցակցային պայմաններ ապահովելով, պետական միջամտությունը՝ կարգավորումներն ու մասնակցությունը նվազագույնի հասցնելով, հարկային բեռը բոլորի համար համահարթեցնելով և հետագայում նվազեցնելու խոստումներով: Եվ ամենակարևորը, որով էլ գործողները տարբերվելու են նախորդ իշխանություններից՝ պետական պաշտոնյաները չեն խանգարելու ձեռնարկատիրությանը՝ անօրինական ճանապարհով փայատեր դառնալով և անաշխատ եկամուտներ ստանալով, ստվերային տնտեսությունը հովանավորելով:

Իհարկե, այս մոդելը պարունակում է, մեր երկրի զարգացման տեսանկյունից, օբյեկտիվորեն սպասված լուծումներ: Հուսանք, որ դրանք լիարժեք կյանքի կկոչվեն: Սակայն շատերի մոտ օբյեկտիվորեն առաջանում են նաև կոնկրետ մտահոգություններ և հարցեր: Մասնավորապես` այս մոդելը մեր երկիրը կտանի՞ տնտեսության ներառական զարգացման սպասված ճանապարհով՝ ապահովելով խորացող սոցիալ-ժողովրդագրական խնդիրների առաջանցիկ լուծումներ: Եվ, ի վերջ,ո առաջարկվող մոդելը համապատասխանո՞ւմ է մեր երկրի Սահմանադրությամբ ամրագրված պահանջներին, ըստ որոնց՝ Հայաստանի Հանրապետությունը սոցիալական պետություն է, որի տնտեսական կարգի հիմքը պետք է լինի սոցիալական շուկայական տնտեսությունը: Սահմանադրությամբ հստակ է նաև կառավարության դերն ու պարտավորությունը յուրաքանչյուր քաղաքացու սոցիալական խնդիրների լուծման և արժանապատիվ գոյության ապահովման գործում:

Բարձրացված հարցերի պատասխանները գտնելու նպատակով հատկանշական են ստորև բերված որոշ փաստերն ու շարունակվող խնդիրները:

Մեր երկրում համախառն ներքին արդյունքը պետության կողմից վերաբաշխելու միջոցով միայն 10-12 տոկոսն է բաժին հասնում սոցիալական ոլորտին, ներառյալ՝ սոցիալական պաշտպանությունը, առողջապահությունը, կրթությունը, մշակույթը: Սա այն դեպքում, երբ ներառական զարգացման մոդել ունեցող զարգացած երկրներում այս ցուցանիշը շուրջ 3 անգամ բարձր է և ընկած է 30-40 տոկոս միջակայքում: Իսկ նոր կառավարության առաջարկած մոդելով նախատեսվում է էլ ավելի կրճատել տնտեսության զարգացման գործում պետության կարգավորիչ դերն ու մասնակցությունը: Ի դեպ, կառավարության հնգամյա ծրագրում ևս սոցիալական պաշտպանության ոլորտին հատկացվող պետական միջոցների աճ նախատեսված չէ:

Բազմիցս հիմնավորել ենք, որ կոռուպցիայից և անօրինական սահմանափակումներից զերծ շուկայական մրցակցությանն ապավինումը, առանց անհրաժեշտ  և լրացնող պետական կարգավորման ու մասնակցության, չի կարող բերել կայուն տնտեսական զարգացում և սոցիալական արդարություն: Ազատ շուկան նույնպես ունի պարբերաբար ձախողումներ արձանագրելու անխուսափելի միտում, և որևէ երկիր չի կարող խուսափել դրանից: Իսկ կոռուպցիան նվազեցնելու համար արդյունավետ ճանապարհ չէ պետական անհրաժեշտ գործառույթների և ապարատի կրճատումը:

Նոր մոդելով առաջարկվում է եկամտահարկի դրույքաչափի համահարթեցում, որի պարագայում բարձր եկամուտներ ունեցողների հարկային բեռն էականորեն կնվազի, իսկ ցածր եկամուտ ունեցողներինը կմնա նույնը: Զուգահեռաբար կավելանան անուղղակի հարկերը և ապրանքների գները, որը վճարում ենք բոլորս, այսինքն՝ վերացվում է հարկային համակարգի սոցիալական կարգավորման բաղադրիչը: Հարկային գործիքով չի խթանվում նաև ցածր եկամուտներ ունեցողների եկամուտների առաջանցիկ ավելացումը:

Նվազագույն աշխատավարձի և սոցիալական նպաստների բարձրացում չի նախատեսվում, իսկ կենսաթոշակները բարձրացվելու են չնչին չափով՝ կենսաթոշակառուների ընդամենը մի փոքր հատվածի համար: Եվ սա էլ այն պարագայում, երբ կառավարությունը մտադրված է աղքատության էական կրճատմանը ցածր եկամուտ ունեցողների եկամուտների առաջանցիկ աճն ապահովելու ճանապարհով: 

2019 թվականի պետական բյուջեի եկամուտների և ծախսերի աճերը, նախորդ տարվա համեմատ, նախատեսված են գրեթե նույն չափով՝ շուրջ 10-11 տոկոս, ինչն արձանագրված է վերջին տարիներին: Եվ սա այն դեպքում, երբ, տարբեր գնահատումներով, մեր երկրի տնտեսությունում առկա է շուրջ 30-40 տոկոս ստվերային հատված:

Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց (հաշմանդամություն ունեցող անձինք, երկարատև գործազուրկներ, մասնագիտություն չունեցող անձինք, սոցիալապես անապահով ընտանիքի անդամներ և այլն), ինչպես նաև տնտեսական զարգացման առումով առավել խոցելի բնակավայրերի (բարձր լեռնային, սահմանամերձ, հեռավոր գյուղական բնակավայրեր և այլն) բնակչության համար կայուն զբաղվածություն ապահովող պետական աջակցությունը և դրա կոնկրետ արդյունքները բավարար չեն: Մասնավորապես` զբաղվածության պետական ծրագրերին հատկացվող` առանց այն էլ ոչ բավարար միջոցները չեն ավելացել: Պետական մասնակցությամբ սոցիալական ձեռնարկությունների հիմնում ևս չի նախատեսվում, որոնք շատ դեպքերում սոցիալապես խոցելի բնակավայրերի և անձանց համար կարող են հանդիսանալ զարգացման առաջնային բևեռներ:

  

Թադևոս Ավետիսյան

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ