Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչիի հետ հանդիպումից հետո, ըստ ՌԻԱ «Նովոստի» գործակալության տեղեկատվության, հայտարարել է, թե Թուրքիան քննարկում է Մաքսային միության հետ ազատ առևտրի գոտի ստեղծելու հարցը: Ուլյուկաևը նաև նշել է, թե Անկարայի հետ արդեն պայմանավորվածություն է ձեռք բերվել այդ հարցով աշխատանքային խումբ ստեղծելու և դրա հեռանկարկներն ու հնարավորությունները սեպտեմբերից ավելի մանրամասն քննարկելու մասին:
ՄՄ-ի նկատմամբ Թուրքիայի հետաքրքրությունն, իհարկե, նորություն չէ: Դեռեւս 2013թ. նոյեմբերին ՄՄ անդամ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտարարել էր, թե Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանն իր հետ հանդիպման ժամանակ ՄՄ-ին միանալու ցանկություն է հայտնել: Այդ ժամանակ նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հավելեց , որ պետք է լուրջ մոտենալ եվրասիական տնտեսական ինտեգրացիոն նախագծերի հանդեպ հետաքրքրություն ցուցաբերող երկրների` Հնդկաստանի և Թուրքիայի նկատմամբ` հաշվի առնելով դրանց չափազանց մեծ շուկան: Սակայն Անկարան դրանից հետո պաշտոնապես հերքեց ՄՄ-ին միանալու՝ իր ցանկության մասին լուրերը, որից հետո թեման առժամանակ փակվեց:
Պարզվում է, սակայն, որ այն փակվել էր լայն հասարակայնության համար, մինչդեռ իրականում ՄՄ-ի և Թուրքիայի միջև ընթացել են բավական ակտիվ և, ամենակարևորը, արդյունավետ բանակցություններ՝ կողմերը եկել են որոշակի փոխըմբռնման: Եվ այն հանգամանքը, որ Անկարան այս անգամ չշտապեց հերքել, հաստատում է ռուս-թուրքական կուլիսային բանակցությունների և որոշակի հանգրվանի գալու իրողությունը:
ՄՄ-ի հետ ազատ առևտրի գոտի ստեղծելը դրան անդամակցել չի նշանակում: Թուրքիան այս պահին չի կարող կազմակերպությանն անդամակցել, քանի որ ԵՄ ազատ առևտրի գոտու անդամ է, ինչն ինքնին բացառում է մաքսային, առևտրատնտեսական բոլորովին այլ ռեժիմներ սահմանող միության հետ նմանատիպ հարաբերությունների հաստատումը: Բացի դրանից՝ Թուրքիան չի հայտարարել ԵՄ-ին անդամակցելու մտադրությունից և քաղաքականությունից հրաժարվելու մասին: Մինչ այդ ՄՄ-ին անդամակցության մասին որևէ հայտարարություն ընդամենը քաղաքական սպեկուլյացիաների դաշտից է: Ազատ առևտրի գոտի ստեղծելը բոլորովին այլ բան է: Այն չի հակասում ԵՄ-ի Ազատ առևտրի գոտում նրա ստանձնած պարտավորություններին, այլ ընդամենը ամրագրում է ՄՄ-ի հետ առևտրատնտեսական որոշակի արտոնյալ պայմաններով հարաբերվելու իրավապայմանագրային հիմք ստեղծելու մասին: Այդքանով արդեն այս պրոցեսը միանգամայն իրատեսական և լուրջ պետք է համարել: Չի բացառվում, որ Թուրքիան այս գործընթացն սկսել է ի հեճուկս Բրյուսելի, որտեղից ավելի բաց տեքստով են սկսել խոսել Եվրամիությանը երբևէ Թուրքիայի անդամակցության անհնարինության մասին: Վերջին անգամ այդ միտքը պարզորոշ արտահայտել է Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը:
Անկարան պարզապես կարող է խաղարկել ՄՄ-ի հետ ինտեգրման հնարավորության հարցը` իր պահանջարկը ԵՄ-ի մոտ բարձրացնելու, Թուրքիայից հրաժարվելու քաղաքական և տնտեսական հետևանքները Բրյուսելի համար ավելի շոշափելի դարձնելու համար: Մյուս կողմից` ՄՄ-ին ինտեգրվելու թեման հրաշալի խայծ է նաև տարածաշրջանային հավակնությունների բավարարման առումով: Ուկրաինան կորցնելուց հետո իր նախաձեռնած ինտեգրացիոն նախագծերին լրջություն հաղորդելու համար Ռուսաստանին անհրաժեշտ է լրացնել Ուկրաինայի բացը: Թուրքիան այս տեսանկյունից` իր սպառման հսկայական շուկայով, կոմունիկացիոն ռեսուրսներով, աշխարհագրական դիրքով, հրաշալի, գրեթե անփոխարիների թեկնածու է Մոսկվայի համար: Թուրքիայի արժեքն այս առումով շատ ավելի մեծ է Ռուսաստանի համար, քան նույնիսկ Ադրբեջանինը: Եթե Մոսկվան կարող է համառություն դրսևորել ԵՏՄ-ին անդամակցության դիմաց Բաքվի պահանջները չկատարելու առումով, ապա հազիվ թե դիմադրի որոշակի «փոքր» զոհողություններով Անկարային ՄՄ-ի հետ ինչ-որ ձևաչափով ինտեգրվելու գայթակղությանը:
Կարելի է գրեթե չկասկածել, որ այս «թատրոնում» Ադրբեջանն ու Թուրքիան խաղում են համաձայնեցված: Բաքվի փորձը` Ռուսաստանին մղել ԵՏՄ-ին իր հիպոթետիկ անդամակցության դիմաց ԼՂՀ-ի ներկայիս տարածքների մի մասն իրեն հանձնելով վճարելուն, կարծես թե չի ստացվում, քանի որ Մոսկվան իր հերթին Բաքվից է ակնկալում առաջին քայլի կատարումը, այսինքն՝ ԵՏՄ-ին կամ ՄՄ-ին միանալու քաղաքական կուրս ընդունելը, ինչը Բաքուն չի պատրաստվում անել: Եվ ահա այստեղ ի հայտ է գալիս Թուրքիայի գործոնը, որը ևս, որպես ՄՄ-ի հետ ինտեգրվելու նախապայման, կարող է առաջադրել հայկական կողմին տարածքային զիջումներ պարտադրելու հարցը: Դրա համար Թուրքիան ունի շատ ավելի զորեղ փաստարկ: Բանն այն է, որ, ի պատասխան նման զիջումների, Թուրքիան կարող է բացել սահմանը Հայաստանի հետ, ինչի մասին վերջերս խոսել է նաև վարչապետ Էրդողանը: Այդ ճանապարհով մեխանիկորեն կարող է վերանալ ՄՄ-ին հետ Հայաստանի ընդհանուր սահման չունենալուց բխող խնդիրների ողջ համակարգը: Թուրքիան Ռուսաստանի հետ ցամաքային կապ չունի: Բայց ունի ծովային կապ, որը կարող է օգտագործվել Հայաստանին տնտեսական էքսկլավի կարգավիճակից հանելու համար: Դրա համար ընդամենը անհրաժեշտ կլինի ՄՄ-ի հետ կնքվելիք Ազատ առևտրի գոտու մասին պայմանագրում սահմանել այդ ճանապարհն ամրագրող կետ: Արդյունքում՝ Հայաստանը կարող է հայտնվել ԼՂՀ-ի տարածքների մի մասը հանձնելու դիմաց Սև ծովով ու Թուրքիայով ՄՄ-ի հետ ընդհանուր տարածք դուրս գալու երկընտրանքի առջև: Հետևաբար՝ ԵՏՄ-ին կամ ՄՄ-ին Հայաստանի անդամակցության ձգձգումը կարող է պայմանավորված լինել նաև այս նոր իրողությունների ի հայտ գալով:
Անհրաժեշտ է հասկանալ` Ռուսաստանը նաև Հայաստանի՞ց է գաղտնի վարել Անկարայի հետ բանակցություններն ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ: Եթե՝ այո, ապա սա դավադրություն է իր ռազմավարական դաշնակցի նկատմամբ, քանի որ սակարկություն է իրականացվում Հայաստանի շահերի հաշվին: Եթե՝ ոչ, նշանակում է Ռուսաստանն այդ բանակցությունները վարել է Հայաստանի իշխանությունների իմացությամբ կամ, որ նույնն է, համաձայնությամբ, ինչի վկայությունն այսքան ժամանակ Երևանի լռությունն է: Բայց շատ ավելի իրատեսական է, որ Մոսկվան թուրքերի հետ Հայաստանի փոխարեն ինչ-որ պայմանավորվածությունների հանգելու մասին Երևանին տեղյակ է պահել այն ժամանակ միայն, երբ այլևս հնարավոր չի եղել ինչ-որ բանով դրան խոչընդոտել, թեև, մյուս կողմից, Երևանն ի սկզբանե դրա հնարավորությունը չի էլ ունեցել: Թերևս հենց դրանով է բացատրվում վերջին երկու շաբաթվա ընթացքում Հայաստանի դիրքորոշման կարծրացումը Ադրբեջանին Ռուսաստանի կողմից զենք վաճառելու, շփման գծում խաղաղապահներ տեղակայելու հարցերում, որոնք կարող են փոքրիկ դեմարշներ լինել առհասարակ իր նկատմամբ ԵՏՄ-ի անդամակցության հարցում ցուցաբերված վերաբերմունքի, իրեն փաստի առջև կանգնեցնելու համար: Ավելի ու ավելի պարզ է դառնում, որ, օգտագործելով Հայաստանի` ԵՏՄ-ին միանալու խաղաքարտը, Ռուսաստանը փորձում է ամբողջական փաթեթով լուծել առհասարակ Հարավային Կովկասի յուրացման հարցը: Որքան էլ ցավալի լինի ընդունելը, այդ լուծման համատեքստում միակ կորցնողը...կրկին Հայաստանն է:
Գևորգ Դարբինյան