Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Մինսկում ապրիլի 29-ին կայացած` Եվրասիական տնտեսական խորհրդի` պետությունների ղեկավարների գագաթաժողովից հետո Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) նախագահ Վիկտոր Խրիստենկոն հայտարարել է, թե Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի նախագահների բանակցություններում հաջողվել է հաղթահարել պայմանագրի հետ կապված բոլոր հիմնախնդիրները: Դրանցից հիմնականը նավթի, նավթամթերքի և գազի ընդհանուր շուկայի ձևավորման մասին դրույթն է: Կողմերը պայմանավորվել են, որ այդ ընդհանուր շուկան պետք է ձևավորվի 2025թ. ոչ ուշ, և դրա համատեքստում պետք է վերանայվեն ԵՏՄ-ի շրջանակում նավթամթերքների մատակարարման համար վճարվող մաքսատուրքերը:
Այս կետի ընդունումը պնդել է Բելառուսը, որը ձգտում է հասնել Ռուսաստանի հետ կնքված` ռուսական նավթահումքի հիման վրա վերամշակված նաթամթերքի արտահանման դեպքում Ռուսաստանին հավելյալ վճարելու վերաբերյալ պայմանագրի վերանայմանը: Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ըստ էության, պայման է դրել, որ որքան հետաձգվի հարցի լուծումը, այնքան առկախված է պահելու Եվրասիական տնտեսական միության ստեղծման պայմանագիրն ստորագրելու հարցը, ինչն այլ կերպ, քան Մաքսային միության շրջանակում հատկապես ՌԴ նախագահի հետ նախապայմանների լեզվով խոսելու փաստ, չի կարելի որակել: Լուկաշենկոյի այս «կապրիզին», որն, ի դեպ, հսկայական ֆինանսական օգուտներ է խոստանում Բելառուսի բյուջեին, Պուտինը ստիպված է եղել համաձայնել` փրկելու համար իր հեղինակած Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ)` հնարավորինս արագ ստեղծման հեռանկարը: Բելառուսը, փաստորեն, օգտվել է ուկրաինական ճգնաժամի պատճառով Արևմուտքի կողմից Ռուսաստանի նկատմամբ կիրառվող տնտեսական պատժամիջոցների շրջանակն ընդլայնելու, խստացնելու իրողությունից, որը Մոսկվային դնում է անելանելի վիճակի մեջ և ստիպում դրա հետևանքները մեղմելու հապշտապ քայլեր ձեռնարկել և, որպես այդպիսին, ԱՊՀ տարածքում, ի դեմս Եվրասիական տնտեսական միության, սեփական տնտեսական գոտին ստեղծել: Սա խոցելի է դարձնում Մոսկվայի դիրքերը Բելառուսի և Ղազախստանի հետ հարաբերություններում, որոնք Ռուսաստանից առավելագույն զիջումներ կորզելու իրական շանս են ստանում:
Բայց եթե Լուկաշենկոյի հարցում պարզ է, թե որն է ակնկալիքը Ռուսաստանից, ապա առայժմ տեսանելի չէ Նազարբաևի հնարավոր պահանջը: Նազարբաևն ակնհայտ դժգոհություն էր հայտնել Ուկրաինայի հարցում Մոսկվայի կուրսի վերաբերյալ` խուսափելով ճանաչել Ղրիմի հանրաքվեի արդյունքները: Այդ քաղաքականության ներքո Աստանան տեսնում է նախկին ԱՊՀ երկրների ինքնիշխանության նվազեցման կամ վերացման անթաքույց նշաններ, որոնք, Ուկրաինայի օրինակով, Ղազախստանում ևս կարող են դրսևորվել բազմահազար էթնիկ ռուսների գործոնն օգագործելու միջոցով: Եվ չի բացառվում, որ Մոսկվայից Աստանայի առաջին պահանջն իր ինքնիշխանությունը հարգելու հետ է կապված: Մյուս կողմից` Ղազախստանը չի թաքցնում, որ բացարձակապես շահագրգռված չէ Մաքսային միությանը Հայաստանի միանալու հարցում: Դրա ներքո Աստանան տեսնում է ԼՂ չկարգավորված հիմնահարցի պատճառով Ադրբեջանի հետ իր տնտեսաքաղաքական հարաբերություններին սպառնացող իրական վտանգ և չի ցանկանում հավելյալ գլխացավանք ունենալ: Չի բացառվում, որ Ռուսաստանից Նազարբաևի հիմնական և չերևացող պահանջը կապված է հենց ՄՄ-ին Հայաստանի անդամակցությունը առնվազն առկախված թողնելու հետ: Թերևս պատահական չէր, որ ապրիլի 29-ին նախագահների գագաթաժողովի ընթացքին զուգահեռ Կրեմլի ոչ պաշտոնական խոսափողի դեր կատարող «Ռեգնում» գործակալությունը, հղում կատարելով իր «մերձկառավարական» անանուն աղբյուրներին, տեղեկատվություն տարածեց, թե ՄՄ-ին Հայաստանի միանալու ձգձգումը կապված է հենց ԼՂ հարցում Աստանայի վերապահումների հետ:
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը չմասնակցեց Մինսկի այդ գագաթաժողովին, թեեւ օրակարգում էր նաև Հայաստանի կողմից ՄՄ-ին միանալու «ճանապարհային քարտեզի» միջոցառումների կատարման վիճակին ծանոթանալը: Դժվար է ասել` արդյո՞ք Սերժ Սարգսյանը Մինսկ չմեկնեց իր նախաձեռնությամբ` ցույց տալով Հայաստանի` ՄՄ-ին միանալու հարցը շարունակ «ջրելու» փաստի կապակցությամբ իր դժգոհությունը, թե՞ դա, այնուամենայնիվ, բոլոր կողմերի միջև ձեռք բերված համաձայնության հետևանք էր, որպեսզի գործընկեր երեք երկրների ղեկավարները «կողմնակի աչքից հեռու» քննարկեն իրենց ներքին, խոհանոցային հակասական հարցերը: Բայց, անկախ պատճառից, փաստն այն է, որ Մինսկում այս անգամ ևս վերջնական չհստակեցվեց` ի վերջո, Հայաստանը կմիանա՞ ՄՄ-ին, թե՞ ոչ:
Գագաթաժողովից մոտ երկու շաբաթ առաջ ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահրամ Ավանեսյանը հայտարարել էր, թե Մինսկում ապրիլի 29-ին որոշվելու է` Հայաստանը Մաքսային միությա՞նն է միանալու, թե՞ միանգամից Եվրասիական տնտեսական միությանը: Գագաթաժողովից հետո ԵՏՀ նախագահ Վիկտոր Խրիստենկոն հայտարարեց, որ մինչև հունիս պատրաստ կլինի ՄՄ-ին և տնտեսական ընդհանուր տարածքին Հայաստանի միանալու պայմանագիրը, ինչը նշանակում է, որ Հայաստանն առավելագույնը կարող է միանալ Մաքսային միությանը: Բայց եթե Աստանայում մայիսի վերջին կայանալիք հերթական գագաթաժողովում ստորագրվելու է ԵՏՄ-ի ստեղծման պայմանագիրը, այն էլ` միայն եռակողմ` Ռուսաստան, Բելառուս և Ղազախստան ձևաչափով, ապա ի՞նչ իմաստ ունի Հայաստանի անդամակցումը մի միության կամ կառույցի, որը դե ֆակտո գոյություն չի ունենալու: Դա առնվազն նշանակում է, որ Հայաստանը չի լինելու ԵՏՄ հիմնադիր անդամ` նրան առաջարկում ու նույնիսկ պարտադրում են լավագույն դեպքում հավակնել ԵՏՄ շարքային առաջին անդամի կարգավիճակին, որից քաղաքական և տնտեսական օգուտներ Երևանը չի ունենալու: Այն հանգամանքը, որ Հայաստանը չի մասնակցում ԵՏՄ-ի ստեղծման բանակցություններին, նշանակում է, որ դրան հնարավոր կլինի անդրադառնալ միայն 2015թ. հունվարից հետո: Դա ինքնին նշանակում է նոր բանակցություններ, նոր «ճանապարհային քարտեզի» առաջադրում, ավելի լայն, տնտեսական նոր ռեժիմների նպատակահարմարության շուրջ քննարկումներ, ինչը, անկասկած, նորից ժամանակ է պահանջելու: Ստացվում է, որ եվրասիական ինտեգրացիոն պրոցեսներին Հայաստանը մասնակցելու է ընդամենը որպես ուրվական: Եվս մի անորոշ ժամանակահատված նրան պարզապես շղթայված են պահելու այդ պրոցեսների ստվերում` թույլ տալով շարունակ վազել ինտեգրացիոն այդ գործընթացների հետևից ու շարունակ չհասնել:
Ահա, թե ինչպես է գնահատվում ՄՄ-ին միանալու «ճանապարհային քարտեզը» կատարելու Երևանի` Մոսկվային հիացնող տեմպն ու նախանձախնդրությունը: Այդ հիացմունքը, փաստորեն, ընդամենը կատարում է այն նույն ֆունկցիան, ինչ լավ փաթեթավորված կոնֆետը` երեխային շահագրգռելու համար: Բայց ամենակարևորը` այդպես Մոսկվան կկատարի Ղազախստանի առաջադրած` Հայաստանի հետ կապված հնարավոր նախապայմանը:
Գևորգ Դարբինյան