Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում տեղի ունեցավ կլինիկական խորհրդի նիստ: Օրակարգի համաձայն՝ ներկայացվեցին համալսարանական հիվանդանոցային համալիրների 2018 թվականի գործունեության հաշվետվությունները, ինչպես նաև համալսարանական հիվանդանոցների մենեջմենթի և լիցենզավորման գործառույթներին վերաբերող հարցեր: Ներկայացնելով «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցային համալիրի տարեկան հաշվետվությունը՝ գլխավոր բժիշկ Արեն Բաբլումյանը նշեց, որ հիվանդանոցում 206 մահճակալով իրենց գործունեությունն են իրականացնում 14 կլինիկաներ:
Արեն Բաբլումյանի խոսքով՝ 2018 թվականին հիվանդանոցային համալիրում բուժօգնություն է ստացել 8898 հիվանդ, ինչը 542-ով ավել է նախորդ տարվա համեմատ: Հաշվետու տարում ավելացել է նաև վիրահատությունների թիվը, ինչն ավել է 19 տոկոսով: 2017 թվականի համեմատ՝ 4200-ով աճել է նաև ամբուլատոր հետազոտությունների թիվը: «Հաշվետու տարում արյան կետում իրականավել է 980 արյունատվություն: Արյան կետում վարվում է ռեեստր 576 դոնորով, որից 365 բժշկական համալսարանի աշխատակիցներ և ուսանողներ են»,-ասաց Արեն Բաբլումյանը:
Անդրադառնալով կատարված աշխատանքներին ու խնդիրներին՝ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցի գլխավոր բժիշկն ասաց, որ 2018 թվականին բաձրացվել են մի շարք բաժանմունքների բուժաշխատողների աշխատավարձը, իրականացվել են վերանորոգման աշխատանքներ: 2019 թվականին նախատեսվում է ախտորոշիչ և բուժական նպատակով ժամանակակից սարքավորումների ձեռքբերում, լապարոսկոպիկ վիրաբուժության զարգացում, ինվազիվ առիթմոլոգիայի ներդնում, բժշկական ապահովագրական ընկերությունների հետ ճկուն սակագնային քաղաքականության վարում, նավիգացիոն համակարգի ներդրում:
«Մուրացան» հիվանդանոցային համալիրի գլխավոր բժիշկ Բագրատ Բավեյանը ներկայացնելով 2018 թվականի գործունեության հաշվետվությունը՝ նշեց, որ հիվանդանոցի մահճակալների թիվը 258 է: Հաշվետու տարում ավելացել է ստացիոնար, ամբուլատոր հիվանդների թիվը, արձանագրվել է դիմելիության աճ: 2018 թվականին գրանցվել է նաև վիրահատությունների ընդհանուր քանակի աճ: Հաշվի առնելով հիվանդանոց դիմելիության ավելացումը՝ անհետաձգելի բուժօգնության ծառայությունը համալրվել է երկրորդ հերթապահ բժշկով։ «Իրականացվել է որոշ կլինիկաների աշխատողների աշխատավարձների բարձրացում, ինչը շարունակական բնույթ է կրելու՝ ընդգրկելով բոլոր կլինիկաները»,- ասաց գլխավոր բժիշկը՝ ընդծելով, որ 2018 թվականին մոտ 30 տոկոսով աճել են հիվանդանոցի ֆինանսական մուտքերը, ինչը պայմանավորված է ինչպես ամբուլատոր, այնպես էլ ստացիոնար հիվանդների դիմելիության ավելացումով:
Բագրատ Բավեյանը նշեց, որ 2018 թվականից՝ ամեն շաբաթ օրը, իրականացվում է «բաց դռների» միջոցառում, որի ընթացքում հիվանդները ստանում են նեղ մասնագիտական անվճար խորհրդատվություն, իսկ անհրաժեշտության դեպքում ուղղորդվում են ստացիոնար բուժման։ Իրականացվել են նաև տարածքի բարեկարգման աշխատանքներ, կարգավորվել է հիվանդանոցի տարածք մուտք գործող մեքենաների երթևեկությունը մեկ ուղղությամբ: Վերասարքավորվել և արդիականացվել է հիվանդանոցի օդի մատակարարման համակարգը, ինչպես նաև կատարված աշխատանքների արդյունքում բարձրացվել է թթվածնային կայանի անվտանգությունը:
Անդրադառնալով խնդիրներին ու նպատակներին՝ «Մուրացան» հիվանդանոցային համալիրի գլխավոր բժիշկը նշեց, որ նախատեսվում է բաժանմունքներում վերանորոգման աշխատանքների իրականացում, գույքի նորագում, նոր սարքավորումների ձեռք բերում, բուժման որակի բարձրացում և վերահսկում: «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» ՓԲԸ-ի տնօրեն Էդուարդ Բարսեղյանը ներկայացնելով գործունեության հաշվետվությունը՝ ասաց, որ հիվանդանոցն ունի 220 մահճակալ ծավալելու հնարավորություն։ «Մեր նպատակն է հանդիսանալ խոշորագույն կադրային դարբնոց, բարձրացնել բուժսպասարկման որակը, ներդնել հիվանդանոցային համալիրների ժամանակակից կառավարման միջազգային փորձը, էլեկտրոնային կառավարման համակարգ, կատարել գիտահետազոտական աշխատանքներ, ընդլայնել միջազգային գործընկեր-հիվանդանոցների ցանցը, կազմակերպել խոշոր միջազգային գիտաժողովներ և մասնագիտական վերապատրաստումներ, այդ թվում ստեղծել ժամանակակից սիմուլացիոն-թրեյնինգ կենտրոն»,- ասաց Բարսեղյանը։
Նրա խոսքով՝ արձանագրվել է ինչպես ամբուլատոր (146 տոկոս), այնպես էլ ստացիոնար (47տոկոս) պացիենտների թվի աճ, ինչպես նաև 2018 թվականի օգոստոս-դեկտեմբերին վիրահատությունների թիվն աճել է 38,4 տոկոսով: Եկամուտների աճը նկատվում է օգոստոսից, երբ Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ են տեղափոխվել ԵՊԲՀ-ի լավագույն մասնագետներից: «Համաձայն մեր զարգացման ծրագրի պլանավորում ենք ունենալ 12 թերապևտիկ և 14 վիրաբուժական կլինիկաներ»,- նշեց գլխավոր բժիշկն՝ ավելացնելով, որ հիմնական խնդիրներից է տարածքների անարդյունավետ օգտագործումը, որոնք վերանորոգման բացակայության պատճառով դեռ հասանելի չեն, ինչպես նաև նյութատեխնիկական հագեցվածության արդիականացումն ու նոր կադրերի ներգրավումը: Էդուարդ Բարսեղյանը կարևորեց նաև հիվանդանոցի վերապրոֆիլավորման մասին բավարար իրազեկումը:
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի խոսքով՝ հիվանդանոցներիի ֆինանսական հաջողությունները չպետք է ստվերեն որակական խնդրահարույց կողմերը: «Մենք ռեկտորատի նիստում քննարկել են որակի հանձնաժողովի ստեղծման հարցը, որը կզբաղվի ինչպես որակական ցուցանիշներով, այնպես էլ ներհիվանդանոցային բոլոր խնդիրներով՝ սանիտարական, դեղորայքի հետ կապված հարցերով, այդ թվում՝ իրավական գնահատականներով, ինչը հնարավորություն կտա խուսափել խնդրահարույց հարցերից: Կստեղծվի տեղեկատվական դաշտ, որպեսզի մեր աշխատակիցները սովորեն, թե ինչպիսի հիվանդության պատմագրեր, տեղեկանքներ, եզրակացություններ կարող են տրամադրել»,-ասաց Արմեն Մուրադյանն՝ ընդգծելով, որ դրանք հետագայում կարող են ծառայել որպես տվյալների բազա:
ԵՊԲՀ ռեկտորը նշեց, որ կլինիկական խորհուրդներին ներկայացված տվյալներից ելնելով պետք է եզրահանգումներ արվեն ձեռքբերումների ու բացթողումների վերաբերյալ՝ հետագա գործունեությունն ավելի արդյունավետ կազմակերպելու նպատակով: