Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մայիսի 17-ին Ագրարային համալսարանի գիտխորհրդի հերթական նիստում ռեկտոր Վարդան Ուռուտյանը իր գոհունակությունն ու աջակցությունն է հայտնել համալսարանի ուսանողներին քաղաքական գործողություններում ներգրավելու փորձի՝ ուսխորհրդի կողմից վճռական կանխման եւ այդ առթիվ տարածված հայտարարության առիթով։ Կարճ ասած՝ Ուռուտյանը շնորհակալություն է հայտնել բուհի ուսխորհրդի նախագահ Թոռնիկ Ալիյանին՝ «օպերացիան» բարեհաջող ավարտին հասցնելու համար։ Տպավորություն ստեղծելու համար, թե ընդդիմության հանրահավաքներին քաղաքացիները գումարով են մասնակցում, իշխանությունը, Թոռնիկի ձեռամբ, քրեական տարրեր պարունակող թատերական «օպերացիա» էր իրագործել։
Օրեր առաջ Կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանին պատկանող լրատվական կայքերից մեկը հրապարակել էր ձայնագրություն, որում իբր թե համալսարանի դասախոսներից մեկը՝ Էմմա Սարգսյանը, Թոռնիկին առաջարկում է կազմակերպել ուսանողների դասադուլն ու միացումը ընդդիմության շարժմանը, որի համար յուրաքանչյուր ուսանող կստանա հազարական դրամ։ Մինչդեռ՝ անգամ հրապարակված մոնտաժված ձայնագրությունից ակնհայտ է դառնում, որ Թոռնիկն է «ուսանողներին» վաճառքի հանում։ Ինչեւէ, գործն իրավապահների տիրույթում է, միայն արդար քննությունը ճիշտն ու սխալը ջրի երես կհանի։
Ագրարային համալսարանի երբեմնի բարի համբավը ընկավ, երբ բուհի ռեկտոր նշանակվեց Վարդան Ուռուտյանը, որը, ինչպես հայտնի է, Կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի մտերիմն է եւ հենց նրա՝ ԿԳՄՍ նախարար եղած ժամանակ է դարձել Ագրարայինի ռեկտոր։ Ուռուտյանի պահվածքից կարելի է ենթադրել, որ նա Թոռնիկի հետ եղել է հանցավոր համաձայնության մեջ օպերացիան մշակելիս եւ իրագործելիս։
Բուհից Yerkir.am-ին ուշագրավ տեղեկություններ են հաղորդում։ Պարզվում է՝ այս բուհում է աշխատում հիշյալ գործով կալանավորված Ավետիք Չալաբյանի եղբայրը՝ Արա Չալաբյանը։ Ագրարայինի երկարամյա դասախոս Չալաբյանն ու ռեկտոր Ուռուտյանը լավ հարաբերությունների մեջ են։ Ահա այստեղ է, որ բախվում ենք բարոյական նորմերին եւ կարմիր գծերին։ Փաստորեն, նույնիսկ այս հանգամանքը Ուռուտյանին չի կաշկանդում հերոսացնել Թոռնիկին՝ իր բուհի դասախոսի, իր գործընկերոջ եղբոր «գլխին սարքելու» համար։
Մեզ ասացին, որ քաղաքական պատվերներ ընդունող եւ փնթի վրիպակներով գործող Թոռնիկի բախտը միայն այս հարցում է փոքրիշատե բերել, ուսման մեջ անգրագիտության ջահակիր է։ Համալսարանից հայտնեցին, որ առաջիկայում տեղի է ունենալու Թոռնիկի մագիստրոսական թեզի պաշտպանությունը, որին մասնակցելով՝ կբացահայտենք նրա խայտառակ անգրագիտությունը։
Համալսարանից բուհի ռեկտորին հրապարակային հարցեր են ուղղում՝ քանի՞ տարի է Էմմա Սարգսյանն աշխատում ագրարային համալսարանում, արդյո՞ք անձամբ ճանաչում է նրան։ Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում կասկածելի է նրա հերքումը, թե՝ Էմմա Սարգսյանին չի ճանաչում, քանի որ նա հրավիրյալ դասախոս է։ Մինչդեռ հրապարակում ենք լուսանկար, որում Էմմա Սարգսյանը, որպես բուհի ժամավճարով աշխատող դասախոս, 2020թ․ մասնակցում է Ագրոբիզնեսի կենտրոնում կազմակերպված միջոցառմանը։ Ի դեպ, Ագրոբիզնես կենտրոնի տնօրենը մինչ 2018 թ․ եղել է նույն ինքը՝ Վարդան Ուռուտյանը։
Հ․Գ․ Կից հրապարակված լուսանկարներից առաջինում՝ Էմմա Սարգսյանը, երկրորդում՝ Արա Չալաբյանը՝ ձախից, Վարդան Ուռուտյանը՝ աջից