|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Մարտի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության նախարար Պետեր Էրիկսոնին: Այս մասին հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից:
Ողջունելով հյուրի առաջին այցելությունը Հայաստան՝ Զոհրաբ Մնացականյանը շնորհավորել է Պետեր Էրիկսոնին այս պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել կարևոր առաքելության մեջ։
Կողմերն արժևորել են երկու երկրների միջև առկա քաղաքական երկխոսության դինամիկան և վերահաստատել փոխադարձ հանձնառությունը՝ խորացնելու փոխշահավետ համագործակցությունն ինչպես երկկողմ, այնպես էլ՝ բազմակողմ ձևաչափերում: Նախարարներն առանձնահատուկ կարևորել են բարձրաստիճան շփումների և փոխայցելությունների կազմակերպումը:
Նախարար Մնացականյանն ընդգծել է նաև խորհրդարանական դիվանագիտության դերը երկկողմ հարաբերությունների առաջմղման գործում:
Նախարար Մնացականյանն անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումներին և ժողովրդի լայն մանդատի հիման վրա կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների գործընթացին՝ ուղղված ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության և օրենքի գերակայության առավել ամրապնդմանը: Որպես կառավարության առաջնահերթություն՝ նախարար Մնացականյանն առանձնացրել է բարձր տեխնոլոգիաների և նորարարության վրա հիմնված տնտեսական հեղափոխության համար նպաստավոր պայմանների ստեղծումը:
ՀՀ ԱԳ ղեկավարը զրուցակցին ներկայացրել է այս տարվա հոկտեմբերին Երևանում կայանալիք Տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական աշխատանքները և հույս հայտնել, որ շվեդական կողմն իր ակտիվ մասնակցությունը կունենա այս միջոցառմանը:
Հանդիպման օրակարգում էին նաև բնապահպանության, այլընտրանքային էներգետիկայի ոլորտներում համագործակցության հեռանկարներին անչվող հարցեր:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Հայաստան-ԵՄ գործընկերության շուրջ: Այդ համատեքստում Զոհրաբ Մնացականյանն ընդգծել է, որ Արևելյան գործընկերության 10-ամյա հոբելյանը լավ առիթ է՝ անդրադառնալու արձանագրված ձեռքբերումներին և ուրվագծելու համատեղ աշխատանքի հեռանկարները՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով երիտասարդությանը և նորարարությանը:
Զրուցակցի խնդրանքով՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում Հայաստանի մոտեցումները և սկզբունքային դիրքորոշումը: