Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Լույս է տեսել ԵՊՀ թյուրքագիտության ամբիոնի դոցենտ, բանասիրական գիտ. թեկնածու, ԵՊՀ ՀՀԻ հայ-օսմանական առնչությունների բաժնի ղեկավար Լուսինե Սահակյանի «Համշենը հայկական ձեռագրերում» մենագրությունը (363 էջ, 120 էջ գունավոր ներդիր, Համշենի գավառի 15-17-դր դարերի քարտեզ), որի շնորհանդեսը տեղի կունենա մարտի 18-ին, ժամը 13:00 ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում։
Գիրքը հրատարակվել է ԵՊՀ գիտական խորհրդի երաշխավորմամբ։ Գրքի խմբագիրն է ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Սերգեյ Վարդանյան, իսկ գրախոսները` պ. գ. դ., պրոֆեսոր, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը, բ. գ. թ., պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը, պ. գ. թ., պրոֆեսոր Ալեքսանդր Սաֆարյանը:
Սույն ուսումնասիրությունը կատարվել է ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի և ՀՀ Գիտության կոմիտեի «Գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման» շրջանակում։
Մենագրության մեջ (363 էջ, 120 էջ գունավոր ներդիր, Համշենի գավառի 15-17-դր դարերի քարտեզ) առաջին անգամ ի մի են բերվել XV-XVII դդ. Համշենում ընդօրինակված քսան ձեռագիր մատյան, որոնք պահվում են Մաշտոցի անվան մատենադարանում, Վենետիկի և Վիեննայի Մխիթարյան, Երուսաղեմի հայոց պատրարքարանի ձեռագրատներում, Լոնդոնի Բրիտանական թանգարանի և Ֆիլադելֆիայի «Ազատ» գրադարաններում։
Հեղինակը պատմաբանասիրական քննության է ենթարկել ձեռագրերում համշենցի գրիչների թողած հիշատակարանները, որոնք բացառիկ և արժեքավոր տեղեկություններ են հայտնում հայոց Համշեն գավառի պատմության, իշխանության, ժողովրդագրության, տեղանունների և անձնանունների, ժողովրդական հավատալիքների, լեզվավիճակի, բնակչության զբաղմունքի վերաբերյալ։
Այս մատյաններն աներկբա հաստատում են, որ Համշենը եղել հայոց հոգևոր թեմերից մեկը և կարևոր սրբատեղի, որտեղ ամփոփվել են Սուրբ Վարդանանց աճյունները, պահվել Քրիստոսի վարշամակը և Սուրբ Նշանները։
Մենագրությունը ցույց է տալիս, որ Համշենը եղել է հայ գրչության ուրույն կենտրոն, որտեղ ստեղծված մանրանկարներով և զարդանախշերով ծաղկած այս բարձրարժեք ձեռագրերը հայոց մշակութային գանձարանի անգնահատելի գոհարներից են։
Ուսումնասիրության մեջ առաջին անգամ համեմատական քննության են ենթարկվել նաև Ստամբուլի Վարչապետական գլխավոր արխիվում պահվող Համշենի՝ XVI-XVII դարերի օսմանյան աշխարհագիր մատյանները։
Գրքում տեղ են գտել գունավոր լուսապատճեններ՝ ձեռագերի համապատասխան էջերից և նկարներ՝ Համշենի բնաշխարհից։ Առաջին անգամ ներկայացվում է նաև Համշենի գավառի՝ XV-XVII դարերի մանրամասն քարտեզ, որը կազմվել է Լ. Սահակյանի տեղագրական ճշտումների հիման վրա։
Շնորհանդեսի վերջում տեղի կունենա բացառիկ համերգ, որի ժամանակ կհնչեն Համշենի երգեր ու պարեր` արտերկրից ժամանած համշենցի հայտնի երգիչների և հայաստանցի արվետի գործիչների կատարմամբ։
Մուտքն ազատ է։