կարևոր
1414 դիտում, 5 ժամ առաջ - 2025-05-21 11:32
Հասարակություն

Տեղի կունենա Հայոց ցեղասպանության զոհ հայ կանանց և որբերի ճակատագրի մասին աղբյուրագիտական բացառիկ արժեք ունեցող գրքի շնորհանդեսը

Տեղի կունենա Հայոց ցեղասպանության զոհ հայ կանանց և որբերի ճակատագրի մասին  աղբյուրագիտական բացառիկ արժեք ունեցող գրքի շնորհանդեսը

Մայիսի 22-ին ժամը 19:30-ին Լակրասենտա քաղաքի Մհեր և Սաթիկ Տեր Օհաննեսյան կենտրոնում տեղի կունենա Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված «ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀ ԿԱՆԱՆՑ ԵՎ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՓՐԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸ «ՏԵՂԵԿԱՏՈՒ ԴԻՒԱՆԻ» ՎԱՎԵՐԱԳՐԵՐՈՒՄ. ԶԱՎԵՆ ՊԱՏՐԻԱՐՔԻ ԶԵԿՈՒՅՑԸ ԱԶԳԵՐԻ ԼԻԳԱՅԻՆ» (աշխատասիրությամբ՝ Լուսինե Սահակյանի, Անի Սարգսյանի, Կորյուն եպս. Բաղդասարյանի) գրքի  ներկայացումը։         

Բացառիկ տեղեկություններով և նոր մանրամասներով դասախոսությամբ հանդես կգա ԵՊՀ դոցենտ, թուրքագետ ԼՈՒՍԻՆԵ ՍԱՀԱԿՅԱՆԸ՝ Հայոց ցեղասպանության զոհ հայ կանանց և որբերի ճակատագրի վերաբերյալ։ Հանդիսությունը կվարի Վաչե Բրուտյանը։

Սույն գիրքը ներկայացնում է 1918 թ. Մուդրոսի զինադադարից հետո Կ. Պոլսում Զավեն արք. Տեր-Եղիայանի նախաձեռնությամբ իրականացված որբահավաքի աշխատանք­ները։ Ուսումնասիրության համար հիմք են ծառայել Երուսաղեմի Հայոց պատրիարքարանում պահվող «Տեղեկատու դիւանի» և այլ արխիվային վավերագրեր։ Քննության է են­թարկ­վել և առաջին անգամ ֆրանսերենից ու անգլերենից ամբողջությամբ հայերեն է թարգ­ման­վել Հայոց ցեղասպանության զոհ կանանց և երեխաների փրկության գործին վերաբերող «Տեղեկատու դիւանի» թղթապանակը։ Նրանում հավաքված են 1920-1921 թթ. Ազգերի լիգային հանձնված՝ Ժնևի կենտրոնական կոմիտեի՝ «Պատերազմի զոհ դարձած երեխաների օգնության միջազգային միության» Հայկական բաժնի, Զավեն պատրիարքի զեկույցները, Առա­­քել Չաքրյանի տեղեկագրերը և ևս մեկ տեղեկագիր-զեկույց։ Այս  թղթապանակը մի գործ է (դոսիե)՝ օսմանյան իշխանությունների, ապա քեմալականների կողմից հայ կանանց, աղջիկներին, երեխաներին համակարգված կոտորելու կամ թուրքացնելու վերաբերյալ։ Ման­րա­մասներ են հաղորդում նրանց արգելափակման, ստրկավաճառության և ա­զա­տագ­րութ­յանն ուղղված գործո­ղու­թյունների մասին։ «Տեղեկատու դիւանի» այս թղթապանակը ստեղծվել է կարևոր այս խնդի­րը միջազգայնացնելու և Հայոց ցեղասպանության կազմակերպիչ-պատասխանատուներին, մասնակից հանցագործներին պատժելու և արդարությունը վերականգնելու ակնկալությամբ։ Սույն գիրքը նախատեսված է համապատասխան մասնագետների և ուսանողների, նոր ցեղա­սպանությունների կանխարգելմանն ուղղված հայ և միջազգային կառույցների նախաձեռ­նությունների համար։ Գիրքը հրատարկվել է Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի և ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի համագործակցությամբ։ Խմբագիրներն են՝ պ. գ. դ., պրոֆ. Ռուբեն Մելքոնյան, պ. գ. թ., դոցենտ Վահրամ Պետրոսյան, Վաչե Բրուտյանը։ Ֆրանսերեն վավերագրերի թարգմանությունը կատարել է Ասյա Ղարիբյանը։

Գր­քի հրա­տա­րա­կութ­յան հովանավորն է սա­ղի­մա­հայ բա­րե­րար Հով­սեփ Գ­ևորգ­յա­նը։

Նշենք նաև՝ գրքի առաջին շնորհանդեսը տեղի է ունեցել սույն թվականի ապրիլի 25-ին Երուսաղեմի Հայոց պատրիարքարանում՝ հոգևոր հայրերի,  վարժարանի սաների, տեղի հայ համայնքի և այլ երկրներից ժամանած հյուրերի մասնակցությամբ՝ ջերմ ու հուզիչ մթնոլորտում։ Շնորհանդեսին բացման խոսքով հանդես եկան Կորյուն եպս. Բաղդասարյանը, ԵՊՀ ՀՀԻ տնօրեն Վահրամ Պետրոսյանը։ Բանախոսեցին գրքի աշխատասիրողներ Լուսինե Սահակյանը և Անի Սարգսյանը։