կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-03-13 15:00
Քաղաքական

Հայաստանի նոր իշխանությունն առաջին անգամ Արցախի հարցում հստակ ուղերձ հղեց. Էդմոն Մարուքյան

Հայաստանի նոր իշխանությունն առաջին անգամ Արցախի հարցում հստակ ուղերձ հղեց. Էդմոն Մարուքյան

Ստեփանակերտում Հայաստանի և Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստ անցկացնելը կարևոր ուղերձ է, հատկապես` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունից հետո. խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Ըստ նրա` այդ նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը հստակ ուղերձ էր: «Երևի թե առաջին անգամ Հայաստանի նոր իշխանությունն Արցախի հարցում հստակ ուղերձ հղեց: Դրանք արտաքին օգտագործման ուղերձներ էին»,- նշեց պատգամավորը:

Մարուքյանը կարևորեց Նիկոլ Փաշինյանի ելույթի այն շեշտադրումները, ըստ որոնց` Արցախի իշխանության վերադարձը բանակցային գործընթաց կարևոր է: Շեշտեց, որ միջնորդները պետք է հստակեցում մտցնեն բանակցային հիմք հանդիսացող սկզբունքների և տարրերի միջև:

Ի պատասխան հարցի` մինչև այսօր պարզ չէ՞ր, թե ինչի շուրջ էին բանակցությունները, պատգամավորն ասաց. «Մինչև այսօր կարող է պարզ է եղել մինչև այսօր բանակցողների համար, բայց նոր իշխանությունը նոր է սկսում բանակցությունը, առաջին հանդիպումն է լինելու»:

Փաշինյան-Ալիև հանդիպումից Էդմոն Մարուքյանն առանձնակի մեծ արդյունքներ չի ակնկալում, իսկ Արցախը բանակցային գործընթաց վերադարձնելու համար, ըստ նրա,  հայկական կողմը դիվանագիտական և խորհրդարանական հարթակներում պետք է բանակցություններ վարի միջազգային հանրության հետ:

«Չպետք է սպասել, որ Ալիևը, ադրբեջանական կողմը ասի` դե լավ, որ ասում եք, թող գան, բանակցեն: Այդպես չի լինելու, քանի դեռ Յոհաննես Հանից սկսած մինչև միջազգային հանրության այլ ներկայացուցիչներ չասեն` բայց կարծում եմ, որ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղանի շուրջը: Եվ եթե բոլոր մայրաքաղաքներից այդ ուղերձը գա, Ադրբեջանն այլընտրանք չի ունենալու»,- կարծիք հայտնեց պատգամավորը: