կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-26 17:47
Քաղաքական

Թե ինչ ուղերձներ հղեց Ֆրանսուա Օլանդը Երեւանում. պարզաբանում է Ֆրանսիայի դեսպանը

Թե ինչ ուղերձներ հղեց Ֆրանսուա Օլանդը Երեւանում. պարզաբանում է Ֆրանսիայի դեսպանը

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Հայաստան կատարած իր վերջին պետական այցի ժամանակ մի շարք հետաքրքիր ուղերձներ հղեց. լրագրողներին այսօր ասաց ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոն:

 

Առաջին կարեւոր ուղերձը, ըստ դեսպանի, այն էր, որ Ֆրանսիայի նախագահը Երեւանում հայտարարեց ի լուր աշխարհի, որ եկող տարի' Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի առիթով Ֆրանսիայի Հանրապետության նախագահն անպայման լինելու է Հայաստանում:

 

«Սա շատ հետաքրքիր հայտարարություն էր` հատկապես հաշվի առնելով, որ դա արվում է այնպիսի երկրի գերագույն ղեկավարի կողմից, որը, եթե ես չեմ սխալվում, միակ երկիրն է, որ օրենքի ուժով է ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Երկրորդ կարեւոր հանգամանքը այս հայտարարության այն է, որ 100-ամյա տարելիցին մասնակցելու մասին հայտարարությունը կատարվեց տարելիցից 1 տարի առաջ: Մի բան, որը եւս մեկ անգամ գալիս է ընդգծելու Ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման ուղղությամբ Ֆրանսիայի որդեգրած հստակ ռազմավարությունը»,- ընդգծեց Անրի Ռենոն:

 

Անդրադառնալով Ֆրանսուա Օլանդի երկրորդ ուշագրավ ուղերձին` Ֆրանսիայի դեսպանը հիշեցրեց Ֆրանսիայի նախագահի այն հայտարարությունը, որը վերաբերում էր ԵՄ-Հայաստան հարաբերություններին: Նախագահ Օլանդը, ինչպես շեշտեց դեսպանը,  իր ուղերձում բավական հստակ կոչ արեց' ընկալել քաղաքական եւ աշխարհագրական իրավիճակը, որում գտնվում է Հայաստանը, եւ, այդ իրավիճակի հստակ ըմբռնումով հանդերձ, ասաց, որ հարկ կլինի ընդունել մի միջոց' բանաձեւ, որը հնարավորություն կտա ասոցացնելու Հայաստանը Եվրամիության հետ: Ըստ դեսպանի` այս հայտարարությանը նախորդել են խոր վերլուծական գործընթացները եւ այդ վերլուծությունների արդյունքում որդեգրված քաղաքականություն է դա:

 

Անրի Ռենոն նշեց, որ Ֆրանսիայի նախագահի պետական այցը Հայաստան համընկավ Արցախյան պատերազմում հակամարտող կողմերի միջեւ կնքված զինադադարի համաձայնագրի 20-ամյակին, ուստի Ֆրանսիայի նախագահն ընդգծեց ԼՂ հակամարտության  կարգավորման բացառապես խաղաղ տարբերակ գտնելու անհրաժեշտությունը' հիմնված Մադրիդյան երեք հիմնարար սկզբունքների վրա, եւ որ Օլանդը եւս մեկ անգամ հարկ համարեց հատուկ ընդգծել, որ այդ երեք սկզբունքներն էլ հավասարազոր են, եւ բնականաբար, կատեգորիկ բացառվում է ռազմական ճանապարհով ԼՂ հակամարտության կարգավորման ցանկացած տարբերակ:

 

Այցի ամենակարեւոր ու ընդգծված պահերից մեկն էլ, ըստ դեսպանի, այցի տնտեսական բաղադրիչն էր, որի առնչությամբ եւս կար հստակ ուղերձ` ուղղված արդեն Հայաստանին:

 

«Ֆրանսիան բավական ընդգրկուն ներդրող է Հայաստանում, Ռուսաստանից հետո երկրորդն է' արտաքին ներդրումների առումով, եւ հարկավոր է այնպես անել, որ տնտեսական եւ քաղաքական հարաբերությունները նույնպես բարձրանան ու հասնեն նույն մակարդակի, ինչ Ֆրանսիայի դերն է Հայաստանի համար` որպես արևմտյան ամենախոշոր ներդրողի: Որովհետեւ բավական մեծ է տարբերությունը առեւտրական ու ներդրումային քաղաքականությունների միջեւ, եւ հասունացել է անհրաժեշտությունը առեւտրային հարաբերությունների մակարդակը եւս բարձրացնելու այն մակարդակի, որոնք պատշաճ լինեին արևմտյան առաջին ամենախոշոր ներդրողին»,- ասաց դիվանագետը:

 

Ամփոփելով Ֆրանսիայի նախագահի այցի մյուս ուշագրավ դրվագները եւս` դեսպանը հիշեցրեց Միսաք Մանուշյանի անվան զբոսայգու բացումը Երեւանում, ինչը Օլանդի այցի, դեսպանի խոսքերով, անձնական եւ հուզական բաղադրիչն էր: «Եվ սա առիթ էր Ֆրանսիայի նախագահի համար` ցույց տալու, որ հայ-ֆրանսիական հարաբերությունները միակողմանի չեն, միայն մի ուղղությամբ չեն զարգանում, նաեւ առիթ էր Ֆրանսիայի նախագահի համար' իր երախտիքը հայտնելու հայ ազգին այն մասնակցության ու դերի համար, որ ունեցավ հայությունը թե' Երկրորդ աշխարհամարտի տարիներին' Ֆրանսիայի ազատագրության համար մղված մարտերի ժամանակ, թե' դրանից հետո' Ֆրանսիայի վերակառուցման հարցերում»,- նշեց Ռենոն:

 

Ֆրանսիայի նախագահի այցի հուզական մյուս բաղադրիչը, ըստ նրա, նույնպես հավաստում էր հայ-ֆրանսիական սերտ ու ընդգծված բարեկամական հարաբերությունները` Շառլ Ազնավուրի համերգն ու ծննդյան տարեդարձի տոնելն էր Երևանում: