Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մարտի 11-18-ը Երևանում հերթական անգամ կանցկացվի «ՆԱՏՕ-ի շաբաթը»: Այդ շրջանակում Հայաստան է ժամանելու Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը, որն այսօր երեկոյան հանդես կգա մամուլի ասուլիսով: Իսկ մինչ այդ լրագրողների հետ հանդիպեցին և «ՆԱՏՕ-ի շաբաթի» մեկնարկն ազդարարեցին ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանը և ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը:
Դեսպանը, հիշատակելով Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակում Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությունը, ինչպես նաև քաղաքական երկխոսությունը, ուրախությամբ արձանագրեց, որ այս երկու ուղղություններն էլ նշված են ՀՀ կառավարության ծրագրում: «Սա հստակ ցույց է տալիս Հայաստանի հաստատակամությունը ՆԱՏՕ-ի հետ գործընկերության հարցում: Չմոռանանք նաև ՆԱՏՕ-ի ներկայությամբ Աֆղանստանում և Կոսովոյում Հայաստանի մասնակցությունը»,- ասաց նա:
Միաժամանակ գերմանացի դիվանագետը նշեց, որ հայաստանյան հասարակության ներկայացուցիչների հետ շփումներից տպավորություն է ստացել, որ Հայաստանում ՆԱՏՕ-ն հայտնի է միայն փորձագետների նեղ շրջանակներին: «Ուստի այս շաբաթվա ընթացքում կարևոր են ոչ միայն մասնագետների, փորձագետների միջև քննարկումները, այլև հանրության` հնարավորինս լայն շերտերի ներգրավվածությունը»,- ասաց ՀՀ-ում Գերմանիայի դեսպանը:
Իր հերթին ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանը վստահեցրեց՝ ՆԱՏՕ-ն շարունակում է Հայաստանի համար կարևոր գործընկեր մնալ: «Համագործակցությունը բավականին արդյունավետ կերպով է շարունակվում և բազմաթիվ ոլորտներում: Մասնավորապես` ռազմաքաղաքական ոլորտում մենք շարունակում ենք երկխոսությունը ՆԱՏՕ-ի շրջանակներում, այդ թվում՝ պաշտպանական բարեփոխումների ուղղությամբ: Ունենք մի քանի տասնյակ ուղղություններ, որտեղ ՆԱՏՕ-ն մեզ տրամադրում է փորձագիտական խորհրդատվություն: Շարունակում ենք նաև մասնակցությունը ՆԱՏՕ-ի կողմից ղեկավարվող միջազգային առաքելություններում և շարունակելու ենք: Մեր կոնտինգենտները ծառայություն են իրականացնում Աֆղանստանում և Կոսովոյում, որն ընթանում է շատ արդյունավետ կերպով: Մենք շարունակում ենք նաև ավելացնել փոխգործունակ կարողությունները ՆԱՏՕ-ի անդամ երկրների զինված ուժերի հետ, դրա համար մենք ունենք հատուկ ստեղծված պրոֆեսիոնալ ստորաբաժանում՝ խաղաղապահ բրիգադը: Նախորդ տարի այդ բրիգադի կազմում նոր կարողությունների գնահատման գործընթաց սկսեցինք, դա մեկ դաշտային հոսպիտալն է և ինժեներական ստորաբաժանումը: Այս տարի շարունակվելու է կարողությունների գնահատման գործընթացը»,- հայտնեց Լևոն Այվազյանը: