Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Արցախի Հանրապետության ներքաղաքական զարգացումների, 2020թ. ընտրությունների վերաբերյալ Դաշնակցության Արցախի Կենտրոնական կոմիտեի տեսակետի մասին «Ապառաժ»-ը զրուցել է ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանի հետ:
-Պարոն Իշխանյան, արդեն մի քանի ամիս է՝ ինչ կարծես նախընտրական քարոզչություն է ծավալվում Արցախում, հնչում են 2020թ. նախագահի թեկնածուների անուններ: Ինչպիսի՞ն է այդ գործընթացների նկատմամբ ՀՅԴ Արցախի ԿԿ-ի տեսակետը:
-2020թ. նախագահական ընտրությունների մեկնարկը կարծես թե շուտ է տրված: Այստեղ ես ավելի շատ շահարկում եմ տեսնում, քան թե բուն նախագահական կամ խորհրդարանական ընտրությունների հարցի շոշափում: Քաղաքագիտական տրամաբանությունը թելադրում է կարևորել ոչ թե անձերին, այլ առաջադրված ծրագրերը և գաղափարները: Այս տեսանկյունից ես ներկայումս շրջանառվող հավանական թեկնածուների մոտ գաղափարի առաջադրում կամ տեսակետի հստակեցում չեմ նկատում: Մյուս կողմից, այն հավանական թեկնածուները, որոնց անունները շոշափվում են, բոլորն էլ իշխանական ճամբարից են, և, բնականաբար, չեն կարող իշխանության որդեգրած կուրսից բացի այլ բան մատուցել հանրությանը:
-Իսկ ինչպե՞ս եք վերաբերում ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի՝ ԱՀ նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին հայտարարություններին:
-Այսպես ասած՝ ընդդիմության ճամբարից թեկնածուի՝ Սամվել Բաբայանի հավանական թեկնածությունը կեղծ եմ համարում, որովհետև չկա ոչ իրավական հիմք, ոչ էլ հնին վերադառնալու հասարակական պահանջ: Իհարկե, Սամվել Բաբայանը մեծ ավանդ է ունեցել մեր հաղթանակների մեջ, սակայն յուրաքանչյուր մարդ պետք է գիտակցի իր ժամանակի ավարտի մասին: Նա կարող է շատ արժեքավոր խորհուրդներ տալ բանակաշինության, անվտանգության ապահովման տեսակետից, բայց որպես նախագահի թեկնածու՝ նա համահունչ չէ մեր իրականությանը: Կարծում եմ՝ նրա անունը այս փուլում շահարկվում է որոշ ուժերի կողմից այլ նպատակների համար, հավանաբար՝ ներքին միասնականությունը պառակտելու նպատակով:
-Արդյո՞ք ՀՅԴ Արցախի կառույցը պատրաստվում է 2020թ. ԱՀ նախագահի թեկնածու առաջադրել:
-Արդեն իսկ որոշ քաղաքական ուժերի կողմից «հայտ» է ներկայացվել թեկնածուների առումով: Այդ համատեքստում ինչպե՞ս կարող է Դաշնակցությունը թեկնածու չունենալ՝ հատկապես նկատի առնելով մեր կուսակցության համահայկական ընդգրկվածությունը և նրա ցանցային հնարավորությունները: Բայց նախքան թեկնածուի մասին խոսելը պետք է խոսել թեկնածուի ծրագրի մասին:
Մեզ համար կարևորը ընդհանուր օրակարգի հստակեցումն է՝ երկրի անվտանգության, միասնականության և ամբողջականության գաղափարի առումով: Մենք փորձելու ենք դրա շուրջ համախմբել գաղափարակից, նույն ուղղությամբ մտածող և նույն մոտեցումները կիսող մարդկանց ու քաղաքական ուժերին: Ցանկալի կլինի, որ կարողանանք ամբողջ հասարակությանը հավաքել այդ գաղափարների շուրջ, ձևավորել համապատասխան պլատֆորմ: Այս հարցերի շուրջ նախևառաջ պետք է քննարկումներ ծավալվեն քաղաքական ուժերի շրջանակում, ապա տեղի ունենան հանրային քննարկումներ: