Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի կարծիքով` Կարեն Կարապետյանի գալով` իսկապես նոր շունչ մտավ կառավարման համակարգի մեջ: Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում, պատասխանելով հարցին՝ ի՞նչ դրական փոփոխություններ կարող է նշել վարչապետի մեկամյա գործունեության ընթացքում, նա նշեց, որ նորարարությունների արդյունքները տեսնելու համար ժամանակ է պահանջվում:
«Դժբախտաբար, դեռ այդ վիճակը չունենք, ուստի տեմպերը պետք է դրան համապատասխանեցվեն, տեմպերը կարող են գոհացնող չլինել, բայց ուղղությունը, որ կառավարությունը վերցրել է և կառավարության ծրագրով ներկայացվեց, գրեթե 90 տոկոսով համապատասխանում է մեր պատկերացումներին»,- ասաց պատգամավորը:
Ըստ նրա` գլխավոր հարցն այն է, թե շրջափակված Հայաստանը դեպի ծով ելք չունենալու պայմաններում ինչպես պետք է իր սեփական ռեսուրսները ձևավորի և այդ ուղղությամբ խնդիրները լուծի: «Կառավարության մեջ էլ ենք մենք նույնը անելու: Մեր բռնած ուղղությունը ճիշտ է, և կամաց-կամաց Հայաստանը դուրս է գալու այս ճգնաժամից»,- վստահեցրեց Ռուստամյանը:
Հարցին՝ կցանկանա՞ք, որ Կարեն Կարապետյանը շարունակի իր սկսած գործն առաջիկա տարիներին, նա արձագանքեց. «Մեզ համար կարևորը գաղափարներն ու ծրագրերն են, որոնք պետք է շարունակություն ունենան, դրա համար մենք ընդունել ենք կառավարության ծրագիր, որը 17-22 թվականների հետ է կապված: Անձի հետ կապված չէ: Իրականացնողն ո՞վ կլինի, մեզ համար, իհարկե, կարևոր է, որ իր հոգով-սրտով այս գործը կարողանա կատարել, բայց այդպիսի մարդիկ շատ կան, և մեզ համար, այդ առումով, անձն այնքան էլ կարևորություն չունի»:
Հարցին էլ՝ ինչո՞ւ ՀՅԴ-ն չունի վարչապետի սեփական թեկնածու, Ռուստամյանը պատասխանեց, որ դա քաղաքական օրինաչափ գործընթաց է: «Դուք երևի տեղյակ չեք կոալիցիոն համաձայնագրի տեքստից: Աայնտեղ շատ հստակ գրված է, որ այդ տեղը տրված է ՀՀԿ-ին, այդ պատճառով էլ իմաստ չունի, որ ՀՅԴ-ն իր սեփական թեկնածուի մասին խոսի»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է հարցին, որ Ծառուկյանը չի բացառել կոալիցիա կազմելը, արդյո՞ք ՀՅԴ-ն տեսնում է երեք ուժերի կոալիցիա, Ռուստամյանը նշեց, որ հիպոթետիկ հարցերի չի անդրադառնում, եթե կոնկրետ վիճակ լինի, այդ մասին կխոսեն: