կարևոր
3712 դիտում, 1 տարի առաջ - 2023-08-07 12:33
Քաղաքական Արցախ

Արցախի ժողովրդի անվտանգությունը, բարօրությունը եւ զարգացումը բացարձակ առաջնահերթություններ են ՀՅԴ համար. ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հ. Տեր- Խաչատուրյան

Արցախի ժողովրդի անվտանգությունը, բարօրությունը եւ զարգացումը բացարձակ առաջնահերթություններ են ՀՅԴ համար. ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հ. Տեր- Խաչատուրյան

Դավիթ Իշխանյանի` ԱՀ ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ «Ապառաժ»-ը իր հարցերն է ուղղել ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանին.

—Արցախի Հանրապետության այս ծանր օրերին ՀՅԴ Բյուրոյի անդամ ընկեր Դավիթ Իշխանյանն ընտրվեց ԱՀ ԱԺ նախագահ: Ի՞նչ ընթացք է ունեցել ընկեր Իշխանյանի առաջադրումն այս կարևորագուն պաշտոնին և ի՞նչ հիմունքներով ՀՅԴ-ն ընդունեց այդ առաջարկը:

-ՀՅԴ Բյուրոն ստացավ Արցախի ներկա ու վերջին երկու նախագահների համախորհուրդ առաջարկը, որպեսզի Դաշնակցությունն իր դերակատարությունը բարձրացնի Արցախի պետական համակարգում՝ ընդառաջելով ընկեր Դավիթ Իշխանյանի՝  ԱՀ Ազգային ժողովի նախագահ առաջադրելու իրենց խնդրանքին, բնական է, որ մենք ամենայն լրջությամբ վերաբերվեցինք այդ առաջարկին, միաժամանակ ունենալով մտահոգություններ. քաջ գիտակցում ենք այն ծանր պատասխանատվության բեռը, որի դեմ հանդիման է դրվել մեր աշխարհատարած կազմակերպությունը: Գնահատել ենք նաեւ այն իրողությունը, որ Արցախի մեր քաղաքական գործընկերները անվերապահորեն թիկունք կանգնեցին այսպիսի պատասխանատու պաշտոն ստանձնելու առաջարկին:

-Արդյո՞ք որևէ պայմանավորվածություն կայացել է այս ընտրության նախօրեին:

-Այս առաջարկի հետ մեկտեղ առկա է նաեւ խոստում, որ ԱՀ Ազգային ժողովի դերն ու պատասխանատվության շրջանակը պետք է ընդարձակվի, եւ Խորհրդարանի նախագահը պիտի ունենա վճռորոշ դերակատարություն քաղաքական հիմնական բոլոր գործընթացների մեջ, ի մասնավորի Արցախի կարգավիճակի, անվտանգության, բանակցությունների եւ առհասարակ արտաքին հարաբերությունների ոլորտներում: Ազգային ժողովը ԱՀ-ի ժողովրդի կողմից ընտրված երկու սյուներից մեկն է նախագահական հաստատության հետ միաժամանակ: Այն լիազորված է ներկայացնել ժողովրդի կամքը եւ  խոսել նրա անունից: Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է, որ ԱԺ-ի նախագահն ունենա ազդու լիազորություն, գործիքակազմ եւ քաղաքական հնարավորություններ իր գործունեությունը արդյունավետ կերպով կատարելու համար:

—Այս վճռորոշ օրերին ՀՅ Դաշնակցությանը բավականին ծանր ու պատասխանատու պաշտոն է վստահվել: Որո՞նք են  լինելու ՀՅԴ հետագա քայլերը: 

-Արցախի ժողովրդի անվտանգությունը, բարորությունը եւ զարգացումը բացարձակ առաջնահերթություններ են Դաշնակցության համար եւ մենք երբեք չենք խուսափել պատասխանատվության մեր չափն ու կշիռը բարձրացնելու՝ ի սպաս Արցախի, մանավանդ օրհասական պահերին: Այդ համոզումով ենք գտնվում Արցախյան գոյամարտի ակունքներում առաջին իսկ օրերից՝ պատերազմի դաշտում, համաշխարհային զորաշարժ իրագործող հայ դատի բանակով եւ Արցախի զարգացման աշխատանքների նվիրումով: Որովհետեւ Հ.Յ.Դ.-ի համար Արցախի հիմնահարցի կարգավորումը ինքնորոշման իրավունքի հիման վրա,  արցախահայության անվտանգության ապահովումը եւ սոցիալ-տնտեսական ճգնաժամի վերացումը մեր համաշխարհային շարունակական աշխատանքի առանցքն են կազմում ցարդ եւ կազմում են այսօր:

Համաձայվելով ընկեր Դավիթ Իշխանյանի՝ որպես ԱՀ Ազգային Ժողովի նախագահ առաջադրվելու առաջարկին, ակնկալում ենք, որ Արցախի քաղաքական բոլոր ուժերը կհամախմբվեն խորհրդարանի շուրջ, լավագույնս արտահայտելով իր ճակատագրին տեր արցախահայության վճռակամ կամքը: Միաժամանակ խթան հանդիսանալով մեր՝ աշխարհով մեկ տարվող պայքարին՝ ընդդեմ Ադրբեջանի եւ Թուրքիայի հայատյաց եւ ցեղասպանական քաղաքականության:

Արցախը մենակ չի մարտնչում, այն ունի ամբողջ հայության նեցուկը:Մենք հավատում ենք, որ 2020-ի պարտությունն ու այսօրվա ճգնաժամը ժամանակավոր են,  եւ համազգային ճիգերով հաղթահարելու ենք ներքին թե արտաքին ամեն խոչընդոտ:Շնորհավորում ենք ընկեր Դավիթ Իշխանյանին իր նոր ու պատասխանատու պաշտոնում ընտրվելու առիթով, մաղթում ենք բեղուն գործունեություն եւ լիակատար հաջողություն:

«Ապառաժ»