Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ծնունդով լոռեցի Արմեն Վահրամյանի գեղանկարների ցուցադրությունը նվիրված է Ամենայն Հայոց բանաստեղծի՝ Հովհ. Թումանյանի ծննդյան 150-ամյա հոբելյանին: Ցուցադրության նախաձեռնողն է Համազգային Հայ Կրթական և Մշակութային Միությունը:
Թումանյանական հաշտ ու խաղաղ մարդկության, կատարյալ և ներդաշնակ աշխարհի անրջական տողերն են ո՛չ պատահաբար մտքումս պտտվում, երբ դիտում եմ Արմեն Վահրամյանի գեղանկարչական աշխատանքները, բնանկարները, գծանկարները՝ ասես հեքիաթների դրվագներ, որ լեզվով չեն պատմվում, այլ մարդուն ու աշխարհին ուղղված ջինջ-մանկական, անեղծ ու անկեղծ հայացքում արտացոլված պատկերներով: Ոնց թումանյանական տողի հանճարեղ պարզությունը, այս դեպքում՝ կտավին հանձնված կերպարների և գույների միջոցով անբառ պատումները նույնի մասին են՝ «Լիներ հեռու մի անկյուն, լիներ մանկան անչար քուն...»:
Լոռվա գեղաչքնաղ բնակավայրերից է Արդվինը՝ նկարեն ձորակով, բնաշխարհի գողտրիկությամբ, Սուրբ Հովհաննես վանքի՝ խոշորաչափ սրբատաշ քարերով կառուցված հինավուրց շինություններով, եկեղեցական բեմառաջին՝ Հովհաննես Օձնեցի կաթողիկոսի սուրբ մասունքներն ամփոփող տապանաքարով, խորանարդաձև զանգակատնով, պատկերաքանդակ խաչքարադաշտերով, լեռան լանջին՝ վիշապակերպ քարաշերտ երակներով, բուժիչ աղբյուրաջրերով, հինավուրց ավանդազրույցներով... Իր ծննդավար Արդվիի բնության գողտրիկությունը, սրբատեղիների խորին խորհրդի իմաստնությունն ու պայծառությունը, ավանդապատումներից մանկուց ստացած տպավորությունները, իրենց հողին ու ջրին կապված գեղջուկ մարդկանց պարզությունն ու անխարդախ կերպարները, Օձնեցու խորախորհուրդ, անշոշափելի հոգևոր ներկայությունն այդ վայրերում իրենց խորը կնիքն են դրել ապագա նկարչի երևակայության և աշխարհընկալման վրա: Հետո այս ամենը պիտի յուրովի կերպավորվեր ու իր արտացոլումը գտներ Արմեն Վահրամյանի գեղանկարներում, պայմանակորեն թեմատիկ շարքերում, բնանկարներում, գծապատկերներում... Իսկ մինչ այդ՝ տատի ուղեկցությամբ մասուր հավաքելիս լիներ մանչը, թե գառներին արածեցնելիս, ձեռքից վար չէր դնում թողթն ու մատիտը՝ արձանագրելով այն, ինչ իր շուրջը բուրում էր, գունագեղվում, ձայն արձակում... Մինչ գեղարվեստա-թատերական ինստիտուտի գրաֆիկայի բաժնում սովորելը՝ Մ. Սարյանի անվ. ուսումնարանում խորացավ մանրանկարչության գաղտնագրության մեջ, և դա էլ իր կնիքը դրեց Արմեն Վահրամյանի գեղանկարչական արվեստի վրա: Որոնումները կերպարվեստում, սեփական ձեռագրի ձևավորման ճանապարհը նրան բերեցին դեպի մի հանգրվան, որում հեքիաթն ու իրականությունը միախառնված են, որտեղ միջնադարյան-քուչակյան ոգով պատկերագրումները հայրեններ լինեն ասես՝ կտավի մակերեսին հանձնված, աստվաշնչյան թեմաների արծարծումները՝ հոգեմաքրման արարներ և խոհեր՝ սիրո ու մատնության, ներման և հավերժի մասին: Հայրենի Արդվիի ավանդազրույցները Հովհաննես Օձնեցու հրաշագործությունների մասին անուղղակի արտացոլվում են իր հեքիաթային պատկերների մեջ. նրանցում իրարու հակված մարդ ու կին զույգերը՝ վառ-գունագեղ նկարազարդված, հայ ավանդական գերդաստանի խորհրդապատկերները լինեն ասես, թռչող, ամպացած էակները՝ անմարմնական երազները կրող մանկամարդ աղջիկներ, ծաղկամանից ելած ցողունների պես կերպարները՝ ավանդական կենսածառը, որ հիմնված է սիրո, հավատարմության, վստահության հավերժական արժեքների ու դրանց հասնելու՝ արվեստագետի ձգտման հետ: Նույն ձեռագրով են արված Արմեն Վահրամյանի՝ թումանյանական հեքիաթների ձևավորումները, և նշմարելի տարբերություն չկա իր՝ պարզ, երազային, միջնադարյան «խաղիկների» ու թումանյանական նկարչական մեկնաբանությունների միջև: Վերջիններիս շարքում է «Թումանյանի աշխարհ» ստեղծագործությունը. կտավի մակերեսի մշակումը հիշեցնում է միջնադարյան մատենագրությունից մեզ քաջ հայտնի մագաղաթյա ձեռագիր նկարազարդ էջերի որակը. նման մակերեսով գեղանկարչական գործեր Արմեն Վահրամյանը շատ ունի, և դա՝ մանրանկարչության ասպարեզում իր առած դասերի հետևանքն է: Բայց ոչ միայն դրանում է արտահայտվում միջնադարյան հայ մատենագրության բարերար ազդեցությունը. թեմատիկ նկարների մակերեսին նկատում ենք մանրանկարչական պատկերազարդումների տարրեր, որոնք ներդաշնակված են գեղանկարչությանն ու գծանկարին: Այս երեքի ներդաշն գործածությամբ է նաև պայմանավորված Ա. Վահրամյանի արվեստի յուրատիպությունը, որ ճանաչելի է դարձնում նրան բոլոր մյուս նկարիչների մեջ: Սովորական կտավների մակերեսը հորթի մշակված կաշու վրա շերտավորված գույն ու երանգների տպավորություն են թողնում՝ վրան միջնադարյան սիրերգակների հայրենների՝ որթան գույներով նկարազարդումներ:Նրա արվեստի բնութագրիչներն են նաև ինքնատիպությունը, անկեղծությունը, մանկականորեն պարզ պատկերներին խորհուրդ հաղորդելու վարպետությունը, արհեստական զգացմունքներին և դրանցից բխող՝ անհամոզիչ- նորարար ձևերին տուրք տալու գայթակղությունից զերծ մնալը, հեղինակային արտահայտչաձը՝ թե՛ գունապատկերային, թե՛ բովանդակային առումներով:
Թումանյանական ժառանգության մի-մի դրվագի պատկերային մեկնաբանություններն են Արմեն Վահրամյանի «Հին օրհնություն», «Կիկոսի մահը» գործերը, «Անհաղթ աքլոր» նկարաշարը: Դրանք այլ կտավների, գրաֆիկական թերթերի կողքին ներկայացված են Հայաստանի Նկարիչների տանը բացված անհատական ցուցահանդեսին, որի դիտումից ստացած տպավորությունս հուշում է, որ նույն շարքի մեջ կարող ենք դասել նաև այլ՝ «Խնջույք», «Հայաստան», «Հարսանիք», «Հեքիաթ սիրո մասին», «Հեքիաթ», «Բարի լույս» խորագրված և այլ ուրիշ գործեր: Խորագրերի պայմանականությունը միայն որոշակիորեն հուշում, բայց չի սահմանափակում ակնդրի երևակայությունը:
Հեքիաթային աշխարհներ է ներկայացնում նկարիչը նաև իր բնանկարներում ու գյուղական պատկերներում: Հիմնականում Լոռվա աշխարհից առնված պատառիկներ են՝ մե՛կ հեռվում հորիզոնը եզրագծող լեռների նուրբ ստվերների ներքո ծփացող կարմրադեղին - բաց դարչին գույներով ստորոտներին փռված - փունջ կազմած գյուղական տներով («Իմ չքնաղ Լոռի»), մե՛կ շերտ-շերտ՝ կանաչ- դեղնավուն հավասար ձգվող հողերի շար-շարաններով, որ ասես, արեգական ճառագայթներ լինեն՝ երկրի երեսին («Գառգառ»), մե՛կ երեկոյացող օրվա ամպածրար երկնքով և խաղաղ բնակավայրի նինջով («Ստեփանավանը Լոռվա բերդից»), մե՛կ գյուղական ծուռ-մուռ ճամփի կողքերին բաշված բնակավարով, որից դեպի լեռները ձգվող արահետները կորչում են իրիկնային նարնջագույն հունչերի մեջ... Արդինի հնակառույց վանքի պատկերներն է կտավին հավերժացրել մի առանձին սիրով ու նկատելի երկյուղածությամբ: Նույնպիսի զգացմամբ է կտավին արել մեկ այլ Հովհաննեսի՝ Օձնեցու կերպարի սեփական մեկնությունը. հեքիաթային գույներով, շուրջը ծաղիկ ու թռչունք օրհնողը, լույս – պսակ՝ շուրջանակի՝ իր գլուխն առյալ, կաթողիկոսական հագ ու կապով, թռչունք՝ հրեշտակակերպ՝ ծաղիկներն կտուցներին՝ աջ ու ահյակ թևելով: VIII դարի գրող, աստվածաբան, թարգմանիչ և իմաստասեր Հովհ. Օձնեցին, որ դասված է սրբերի շարքը, կյանքի վերջին տարիներին որպես նստավայր է ընտրել հայրենի Օձուն գյուղը, վարել ճգնակյաց կյանք, ըստ ավանդապատումների հրաշքներ գործել, օձերի սանձել, դասավանդել, և հենց նրա կերպարն է դարձել է Արմեն Վահրամյան արվեստագետի համար ոգեշնչման աղբյուր: Մի այլ կտավում էլ դրվագվել է Օձնեցուն վերագրվող հրաշագործություններից մեկը՝ օձին հաղթելն ու տեղում բուժարար աղբյուր բխեցնելը:
Ա. Վահրամյանը նուրբ գծանկարների հեղինակ է, և իր գծապատկերներն ինքը վարպետորեն տեղափոխում է կտավին՝ գծերով սահմանված «տարածքը» դարձնելով հիմք՝ թեման շարունակելու, վիպասքներ հյուսելու կամ իր հոգևոր ապրումները շարադրելու համար: Այդ հոգևոր ապրումների, աշխարհի և մարդու հարաբերության, խոհականության արտահայտություններն են ատվածաշնչյան թեմաներով ստեղծված գործերը: Դրանցում գույները հաճախ թանձրանում – զգալի մթնում են, քանի որ արվեստագետը խոսում է անպարփակելի սիրո ու զոհողության, դավի ու զղջման, խաչին չարչարանքի ու անամոքելի վշտի մասին: Եվ սա՝ հաղթելով ավանդական սրբանկարչության բոլոր կանոնները, բերելով մեկնաբանման իր եզրույթները, հարազատ մնալով նկարչական իր ուրույն լեզվին, կերպարներ կերտելու իր կերպին: Կտավների մակերեսների մագաղաթակերպ թերթերի գունամշակմամբ, միջնադարյան ծաղկողների գեղանկարչական «լեզվի» հեղինակային զարգացմամբ, մանրանկարչական տարրերի ներդրմամբ է ստեղծել այս շարքը, որի մեջ են «Փախուստ Եգիպտոսից», «Ծնունդ», «Մոգերի երկրպագությունը», «Աստվածամայր», «Խորհրդավոր ընթրիք», «Խաչելություն», «Տերը մեզ պահապան» խորագրված և այլ կտավները, ընդ որում շարքում կան նաև միևնույն խորագրով, սակայն իրարից լրիվ տարբերվող գործեր: Սուրբ Մաշտոցի կերպարին ևս անդրադարձ ունի. գործն անվանել է «Մեսրոպատառ»: «Նկարչի աշխարհում աստվածաշնչյան մաքրություն է, անարատություն և խաղաղություն: ... Աշխարհ, որից դրախտային անմեղություն է ծորում»,- Ա. Վահրամյանի ստեղծագործությունների փարիզյան ցուցադրությունից տպավորված՝ ասել է Քրիստիան Ճերմակը: Արմենը քանիցս անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում, Փարիզում (Ֆրանսիա), Մոնրեալում (Կանադա), Գերոնայում (Իսպանիա), Նյու-Յորքում (ԱՄՆ), Գլազգոյում (Շոտլանդիա), ցուցադրվել աշխարհի տարբեր մասնավոր ցուցասրահներում, մասնակցել խմբակային ցուցահանդեսների: 2016-ին արժանացել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր նկարչի կոչման, ինչը, իր իսկ հավաստմամբ, կրում է մեծ պատասխանատվությամբ:
Համազգային Հայ Կրթական և Մշակութային Միության նախաձեռնությամբ 2019-ի փետրվարի 26-ին Հայաստանի նկարիչների միության սրահում բացված անհատական ցուցահանդեսը հերթական քայլն էր՝ հայ արվեստասեր հանրությանը ամբողջականորեն ներկայացնելու Լոռու լեռնաշխարհից սերված արվեստագետին:
Ցուցադրության բացմանը Ա. Վահրամյանի արվեստի գեղարվեստական արժեքը համառոտակի ներկայացրեցին արձակագիր, հրապարակախոս Սպարտակ Ղարաբաղցյանը, «Լոռի» հայրենակցական միության նախագահ Սերգո Երիցյանը, գեղանկարի Վարպետ Հրանտ Թադևոսյանը:
Աբստրահարված պատկերներից, կոմպոզիցիաներից մինչև իրապաշտական բնանկարներ, նախնական պարզության պատկերաշարերից մինչև խոհական ընդհանրացումներ, ավանդազրույցներից մինչև արթմնի երազներ, միջնադարյան աշխարհիկ պատկերների տպավորությունից մինչև բիբլիական թեմաների միջոցով հոգու խորքերի քննություն,- սա՛ է Արմեն Վահրամյանի արվեստի ընդգրկումը: «Եթե ինձ հնարավորություն տրվեր մի անգամ ևս այս կյանքն ապրել, ես էլի կընտրեի նկարչի իմ կոչումը: Կոչում, քանի որ նկարչությունն ինձ համար մասնագիտություն չէ՛»,- ասում է նկարիչը:
«Արմենը կարողանում է մարդու մեջ Մարդ տեսնել, բնության մեջ գտնել բնության էությունը, ոգին և բնավորությունը,- ասաց նկարչուհի Նաիրա Ահարոնյանը:- Բնանկարները ասես արտացոլում են Արմենի նուրբ, պարզ, բարի ու շիտակ ներաշխարհը: Հրաշալի ընկեր է. զչի զլանում պետքական խորհուրդներ տալ, միշտ պատրաստ է օգնության ձեռք մեկնելու... Բացառիկ նկարիչներից է, ով կհաղորդի իր իմացությունը, կբացատրի, թե ի՛նչ նյութերով ու տեխնոլոգիայով է նկարում, այսինքն՝ կբացի մասնագիտական գաղտնիքները... Արմենի ստեղծած կերպարները, յուրօրինակ են, ինչն էլ հենց գնահատելի է ու իրեն ճանաչելի է դարձնում մյուս նկարիչների մեջ: Այդ նկարչությունը պահանջարկ ունի մեզանում»:
Հասմիկ Սարգսյան