Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վարչապետն ու կառավարության այլ պատասխանատուներ չեն զլանում «ծրագրային» ու «ռազմավարական» ելույթների ընթացքում կրկնել Հայաստանի բոլոր մարզերի համաչափ զարգացման մասին: Կառավարող կոալիցիային մաս կազմող կուսակցությունների նախընտրական ծրագրերում էլ վերոհիշյալ դրույթը կարևոր տեղ է գրավում: Բոլորը խոսում են, որ Երևանը, իր զարգացման տեմպերով և կենսամակարդակով զգալիորեն գերազանցելով հանրապետության մյուս քաղաքներին, էլ չենք խոսում գյուղերի մասին, լուրջ սպառնալիք է ստեղծում մեր դեմոգրաֆիական վիճակի, քաղաքային և գյուղական բնակչության հարաբերակցության առումով:
Կառավարությունն էլ, մի քանի ամիսը մեկ իր նիստերը գումարելով տարբեր մարզերում, փորձում է տպավորություն ստեղծել, թե մարզերի զարգացման հիմնահարցերը գտնվում են ուշադրության կենտրոնում: Իսկ նախընտրական շրջանում կառավարման համակարգի ապակենտրոնացման անհրաժեշտության մասին պոպուլիստական խոսակցությունները հասնում են իրենց ակտիվության գագաթնակետին, առաջարկներ են հնչում նույնիսկ որոշ նախարարություններ և ծառայություններ, օրինակ, Գյումրի տեղափոխելու մասին:
Բայց կյանքը մեկ անգամ չէ, որ ցույց է տվել, որ կառավարության ծրագրերը մի բան են, իսկ կոնկրետ գործը՝ բոլորովին այլ: Այս կիրակի Երևանի կենտրոնի՝ լրատվամիջոցների հայտարարություններին մի փոքր անուշադիր բնակիչները վեր թռան իրենց անկողիններում: Փողոցում հնչում էր բարձր երաժշտություն: Հերթական «տաշիի» պատճառը պարզելու համար դուրս գալով` նրանք ականատես եղան զարմանալի մի տեսարանի. քաղաքի ուղիղ կենտրոնում՝ Հյուսիսային պողոտայում, կանգնած էր բոլորովին նոր գյուղտեխնիկա և հանգիստ իրենց նախաճաշն էին որոճում ցեղական ցուլերը: Պարզվեց, գյուղնախարարությունը կազմակերպել էր «բերքի տոն»:
Իհարկե, վատ չէ, բայց բոլորի մոտ հարց առաջացավ՝ ինչո՞ւ հենց Երևանում, հենց Հյուսիսային պողոտայում պետք է այն կազմակերպվեր: Ո՞ւմ էին ցուցադրում նոր գյուղտեխնիկան, կամ ո՞ւմ էին փորձում համոզել, որ անասնապահությունը մեր երկրի զարգացման հեռանկարային ճյուղերից մեկն է՝ քաղաքի բնակիչների՞ն, թե՞ արտասահմանցի հյուրերին: Մի՞թե հնարավոր չէր գոնե այս մի միջոցառումը անցկացնել որևէ մարզում, թե՞ գյուղնախարարի երևակայությունը նման թռիչք չէր ունեցել: Իսկ գուցե սա հերթական շոո՞ւն էր: Կամ էլ համոզվելով, որ զարգացման տեմպերով գյուղը քաղաքին մոտեցնելու փորձերը ձախողվում են, կառավարության պատասխանատուները որոշել են քաղա՞քը մոտեցնել գյուղին: Ինչևէ, տպավորությունը բավական տխուր էր, իսկ հետևանքները՝ նույնիսկ տհաճ: