Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Արեւի նման նայեք աշխարհին». Հովհաննես Թումանյանի այս պատգամով սկսվեց Համազգային հայ կրթական եւ մշակութային միության Երեւանի գրասենյակի եւ Հայաստանի գրողների միության Լոռու մարզային բաժանմունքի համատեղ միջոցառումը՝ նվիրված գիրք նվիրելու օրվան։ Միջոցառումը տեղի ունեցավ Լոռու մարզային գրադարանում։
Բացման խոսքում ԳՄ բաժանմունքի նախագահ, գրող Մանվել Միկոյանը, կարեւորելով օրվա խորհուրդը, շնորհակալություն հայտնեց Համազգայինին նման նախաձեռնության համար։
Համազգայինի Երեւանի գրասենյակի տնօրեն Ռուզան Առաքելյանը ներկայացրեց բոլոր այն գրքերը, որոնք տպագրվել էին Համազգայինի նախաձեռնությամբ եւ նյութական միջոցներով։
«Գիրքը միայն գրողի հոգու հայելին չի. այն մեզ մոտեցնում է մեր անցյալին, պատկերանում է ներկայով եւ հույս ու հավատ ներշնչում ապագայի հանդեպ։ Մեր գրականությունն ու մշակույթն է մեզ սովորեցնում չափանիշ դարձնել անանցանելի արժեքները, մեր մեջ ձեւավորում իդեալ ունենալու գաղափարախոսությունը, առանց որի աղոտ կլինի մեր անցնելիք ճանապարհը»,- իր ելույթում ասաց Ռուզան Առաքելյանը։
Միջոցառմանը ներկա էին նաեւ Վանաձորի պետական համալսարանի դասախոսները, ովքեր իրենց ելույթներով կարեւորեցին Համազգայինի նախաձեռնությունը եւ օրվա խորհուրդը։ Նրանք անդրադարձան այն հեղինակներին, որոնց հեղինակած գրքերը նվեր ստացան։
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Վանաձորի պետական համալսարանի դասախոս Արմենուհի Կյուրեղյանն իր խոսքում ընթերցեց Թումանյանի խոսքերը, որոնք նույնքան արդիական են, որքան ամենայն հայոց բանաստեղծի ժամանակներում։
Միջոցառման վերջում բոլոր ներկաները նվեր ստացան Համազայինի տպագրած գրքերից։
Գրքի տոնին նվիրված միջոցառման ավարտին դարձյալ վկայակոչվեցին անմահ Թումանյանի խոսքերը. «Արեւի նման նայե՛ք աշխարհին»։
Հիրավի, արեւը ոչ միայն ջերմացնում է մարդկանց հոգիները, այլեւ հալեցնում է չար ու նենգ մտքերը։
Համազգային Հայ Կրթական և Մշակութային միության Երևանի գրասենյակ