Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Փետրվարի 15-ին Մյունխենյան անվտանգության համաժողովի շրջանակներում կայացավ Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Սամեհ Հասան Շուքրիի հետ:
Հայաստանի ԱԳ նախարարը նշեց, որ արաբական աշխարհի հետ հարաբերությունների զարգացումը և սերտացումը կարևոր տեղ է զբաղեցնում Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում:
Զոհրաբ Մնացականյանը և Սամեհ Հասան Շուքրին բարձր գնահատեցին ավանդական բարեկամական կապերի վրա հիմնված հայ-եգիպտական հարաբերությունները և ընդգծեցին փոխադարձ պատրաստակամությունը համատեղ ջանքեր գործադրելու երկկողմ օրակարգի առավել հարստացման, քաղաքական երկխոսության ակտիվացման, առևտրատնտեսական փոխգործակցության խթանման ուղղությամբ: Այս առումով զրուցակիցները կարևորեցին բարձրաստիճան փոխայցերի իրականացումը, ինչպես նաև տնտեսական հարցերով հայ-եգիպտական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի անցկացումը:
ԱԳ նախարարներն առանձնահատուկ շեշտեցին հարուստ պատմություն և ուրույն դերակատարություն ունեցող եգիպտահայ համայնքի կարևորությունը և կամրջող դերակատարությունը երկու երկրների հարաբերություններում:
Ներկայացնելով Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական զարգացումերը՝ Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ կառավարության առաջնահերթություններից է նորարարության և բարձր տեխնոլոգիաների վրա հիմնված տնտեսության զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծումը: Այս համատեքստում նախարար Մնացականյանը զրուցակցին ներկայացրեց հոկտեմբերին Երևանում կայանալիք Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի նախապատրաստական աշխատանքները:
Կողմերը մտքեր փոխանակեցին տարածաշրջանային և միջազգային մի շարք հրատապ հարցերի շուրջ:
Նախարար Մնացականյանը եգիպտացի գործընկերոջը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի շուրջ Հայաստանի մոտեցումներն ու սկզբունքային դիրքորոշումը։