կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-02-07 10:08
Հասարակություն

Turan-ի խմբագիր Շահին Հաջիևը պատմել է Երևան այցի մասին

Turan-ի խմբագիր Շահին Հաջիևը պատմել է Երևան այցի մասին

«Իմ այցը  Երևան մեծ աղմուկ բարձրացրեց ինչպես Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում: Երկու կողմից էլ եղան անհավանական վարկածներ և դատավճիռներ: Հայկական կայքերից մեկն անգամ գրեց, որ ես սկսել եմ ԱԳՆ-ի թույլտվությամբ աշխատել Հայաստանում: Մյուս ԶԼՄ-ներն ավելի օրիգինալ գտնվեցին և  մի փոքր «սադրանքի» դիմեցին` գրելով, որ ես այցելել եմ 1915 թվականի Ցեղասպանության հուշահամալիրը»,- գրում է Turan-ի խմբագիր Շահին Հաջիևը, որը երեկ է վերադարձել Ադրբեջան:

Նա պատմել է իր առաքելության նպատակների մասին: Ըստ Հաջիևի` այդ գաղափարը ծագել է դեռ մեկ տարի առաջ: Մի քանի ամիս հարցը քննարկվել է Արդբեջանի պետական մարմինների, ինչպես նաև ՀՀ ԱԳՆ-ի հետ:

«Ինչո՞ւ էր դա պետք: Հարկ չկա բացատրելու` որքան կարևոր է հասկանալ մի երկրի հասարակության տրամադրությունները, որի հետ ռազմական հակամարտություն ունենք: Դա է հիմնական նպատակը: Հայերի և Հայաստանի համար կան մի շարք հարցեր, որոնք որոշիչ նշանակություն ունեն` 1915 թվականի իրադարձությունները, հայկական եկեղեցու քաղաքական դերը և Ղարաբաղը»,- գրում է նա:

Հաջիևի խոսքով` հենց այդ հարցերն էլ եղել են ուշադրության կենտրոնում:

«Հաշվի առնելով հայկական ԶԼՄ-ների հրապարակումներն այդ թեմայով և Բաքվի ցավոտ արձագանքը, կխոսեմ այդ թեմայից: ՀՀ ԱԳՆ-ում հավատարմագրվելուց հետո դիմել ենք հուշահամալիրի տնօրեն Հարություն Մարությանին` 1915 թվականի իրադարձությունների մասին հարցազրույց տալու խնդրանքով: Պարոն Մարությանը հրավիրեց ինձ թանգարան, սակայն հարցազրույցից հրաժարվեց` ասելով, որ թանգարանի աշխատակիցը կպատասխանի հարցերին:

Իսկ երբ այցելեցի թանգարան, աշխատակիցն ասաց, որ հարցերի պատասխանելու լիազորություն չունի: Ցուցանմուշները լուսանկարել չէր թույլատրվում: Այդպես էլ ավարտվեց թանգարան այցը»,- գրել է նա:

Ադրբեջանցի լրագրողը նաև հավելել է, որ 1915 թվականի թեման առկա է եղել ՀՀ բոլոր քաղաքական գործիչների և հասարակական գործիչների հետ զրույցներում: Ըստ նրա` Երևանում, բոլոր փաստարկներին ի պատասխան, ասում են մեկ բան` թուրքերը վաղուց են ծրագրել հայերի ոչնչացումը, որպեսզի մաքրեն Թուրքիան քրիստոնյաներից: ««Անգամ եթե հայերը ինչ-որ տեղ զենք են բարձրացրել, ոչ ոքի պետք չէր սպանել»: Ահա այդ մտքերով էլ մենք լքեցինք հուշահամալիրը»,- նշում է նա:

Haqqin.az-ը տեղեկացնում է, որ 2005 թվականից ի վեր դա Հաջիևի առաջին այցն է Երևան:

Թարգմանությունը` Անի Սահակյանի