կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-02-04 14:53
Հասարակություն

Մի՛ դիպչեք հայ ժողովրդի օրհներգին

Մի՛ դիպչեք հայ ժողովրդի օրհներգին

France  Arménie ամսագրի հրատարակչական տնօրեն Հարութ Մարտիրոսյանն ամսագրի ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Հայաստանի օրհներգը փոխելու` ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի առաջարկին: Գրառումը վերնագրվել է` «Մի՛ դիպչեք հայ ժողովրդի օրհներգին»:

«Այսպիսով` Ազգային ժողովի փոխնախագահ և  «Քաղաքացիական պայմանագիր»-ի հիմնական առաջնորդներից Ալեն Սիմոնյանը, որպես նոր Հայաստանի առաջին գործողություն, առաջարկում է փոխել «Մեր Հայրենիք» օրհներգը և այն  փոխարինել Խորհրդային Հայաստանի օրհներգով` որպես պատճառաբանություն նշելով, թե այն գրվել է Արամ Խաչատրյանի կողմից, որն աշխարհին ավելի հայտնի է, քան Բարսեղ Կանաչյանը` «Մեր Հայրենիք»-ի հեղինակը: Սակայն, որպես ընդունելի տարբերակ, առաջարկում է պահպանել երաժշտությունը և փոխել բառերը` ի միջի այլոց  նշելով, թե «Մեր Հայրենիք»-ի բառերը շատ ռազմաշունչ են:

Պատմական մշակույթի ինչպիսի պակաս… «Մեր Հայրենիք»-ը Վանի ինքնապաշտպանության երգն է, երգ, որով հայ զինվորները 1918-ին դուրս եկան Սարդարապատի ճակատամարտի` թույլ չտալով թուրքերին ոչնչացնել Հայաստանի Հանրապետությունը և հայ ժողովրդին, սա 1989, 1990 և 1991 թվականների ցույցերի երգն է, որոնց շնորհիվ Հայաստանը դուրս եկավ խորհրդային լծի տակից: Հիշենք, որ Լևոն- Տեր Պետրոսյանն էր, որ առաջարկեց այդ ընտրությունը և 1991-ի հանրաքվեով հաստատեց այն` որպես Հայաստանի Երրորդ Հանրապետության օրհներգ:

«Մեր Հայրենիք»-ը մեկ կուսակցության կամ հին հանրապետության երգը չէ, այն հայ ժողովրդի դիմադրության երգն է ընդդեմ բոլոր կեղեքումների:

Ինչ վերաբերում է փաստարկներին, դրանք ծիծաղելի են: «Մարսելիեզ»-ը չի փոխարինվում «Ես քեզ սիրում եմ»-ով, ինչ է թե` Ջոնի Հոլիդեյն ավելի հայտնի է, քան Ռուժե դը Լիլը: Ալեն Սիմոնյանի անհեթեթ միտքն ավելի խորացնենք` Շառլ Ազնավուրն ավելի հայտնի է Արամ Խաչատրյանից, ուրեմն ինչո՞ւ Խորհրդային Հայաստանի օրհներգը չփոխարինենք «Բոհեմ»-ով:

Ալեն Սիմոնյանին հիշեցնենք, որ «Մեր Հայրենիք»-ի երաժշտությունը Բարսեղ Կանաչյանինն է` Կոմիտասի` անկասկած, հայ խոշորագույն կոմպոզիտորներից մեկի աշակերտինը:

Ինչ վերաբերում է շատ ռազամաշունչ բառերին, խորհուրդ կտանք Ալեն Սիմոնյանին` խորանալ «Մարսելիեզ»-ի, իտալական, ամերիկյան  օրհներգերի, Իսրայելի օրհներգի բառերի մեջ` հասկանալու համար, որ օրհներգն արտացոլում է ժողովրդի հոգին, նրա պայքարը, նրա պատմությունը…

Եվ վերջապես, գրողը տանի, մի՞թե Ազգային ժողովի օրակարգի առաջին հարցն էր դա, թե՞ սոցիալական անարդարությանը վերջ տալը, գյուղական բնակավայրերի աղքատությունը, սահմանների  անվտանգությունը, կանանց նկատմամբ խտրականությունները, մոնոպոլիաների դեմ պայքարը, առողջապահական համակարգի բարելավումը, տնտեսական զարգացումը, արդարադատության առջև բոլորի հավասարությունը…

Այս բանավեճն իրավամբ անօգուտ է, այն կոտրում է  հայ ժողովրդին, խզում կապը Սփյուռքի հետ` Վանի ու Սարդարապատի հերոսների ժառանգների: Այնպես որ` այդ բանավեճի վերջն ազդարարելու ժամանակն է: Նիկոլ Փաշինյանը պետք է պարզորոշ իր անհամաձայնությունը հայտնի Ալեն Սիմոնյանին, և որքան շուտ, այնքան լավ, քանի որ Նոր Հայաստանի հետ կապված հույսերը հալչում են, ինչպես ձյունն արևի տակ»,- գրել է Մարտիրոսյանը:

Թարգմանությունը` yerkir.am-ի