Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մարտի 1-ի գործում և' իրավական, և' քաղաքական լուրջ գործոններ կան, իսկ այսպիսի քննությունը, որն այսօր կա, միանգամայն անհասկանալի է. լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Մեդիա պաշտպան» ծրագրի ղեկավար Աղասի Ենոքյանը:
«Բազմիցս ասվել է, որ Մարտի 1-ի գործով քննությունը պետք է գնա 10-ը սպանությունները և մեղավորներին բացահայտելու ուղղությամբ: Հիմա որ Ռոբերտ Քոչարյանին նստեցրեցինք, մենք գիտե՞նք, թե սպանություններն ովքեր են իրականացրել, բարեկամներն իմացա՞ն` ովքեր են սպանել իրենց հարազատներին, զավակներին: Ես կարծում եմ՝ Մարտի 1-ի գործի նման հանգուցալուծումը հասարակությանը չի բավարարելու: Քոչարյանին կարելի է նստեցնել, հետո` բաց թողնել, բայց սա չի բավարարելու, քանի որ կոնկրետ սպանությունները բացահայտված չեն, իսկ հանրությունը դա է պահանջում»,- ասաց նա:
Yerkir.am-ի հարցին՝ Ձեզ համար նույնպե՞ս ծիծաղելի է սահմանադրական կարգի տապալման մեղսագրումը, ինչպես Վիտալի Բալասանյանի համար, Աղասի Ենոքյանը պատասխանեց. «Քոչարյանին մեղադրում են մի հոդվածով, որը, երբ կատարվել է ենթադրյալ հանցանքը, գոյություն չի ունեցել, սա իրավական կազուս է: Զարմանում եմ՝ Քոչարյանի հետ կապված կա հասարակական հսկայական դժգոհություն, կան հանրային տարբեր մեղադրանքներ, գուցե կարելի էր ավելի ուղի՞ղ ճանապարհով գնալ, կամ` իմ նշած 10-ը սպանությունների բացահայտման ճանապարհով, բայց գնում են մի ճանապարհով, որն ի սկզբանե տապալված է: Եվ հետո, երբ ասում ենք` սահմանադրական կարգը տապալվել է, հիմա դա վերականգնվե՞լ է»:
Հարցին՝ նոր Հայաստանում կա՞ն քաղբանտարկյալներ, փորձագետը դժվարացավ պատասխանել: «Այն ժամանակ, երբ Շանթը բանտում էր, կարող էի ասել ՝ այո, բայց հիմա դժվարանում եմ: Կան մի քանի դեպքեր, որ կարելի է մի քանի հոգու հարցը քննարկել որպես քաղբանտարկյալ, բայց դա շատ մանրամասն պետք է ուսումնասիրվի, կոնկրետ նկատի ունեմ Քոչարյանի դեպքը` սա քաղաքակա՞ն պատճառներով է: Թող վերջնականորեն դեպքը բացահայտվի, մենք էլ հասկանանք՝ ինչ հոդվածներով, քաղաքական պատճառներ կա՞ն»,- նշեց նա:
Ինչ վերաբերում է հնչեղություն ստացած մյուս գործերին, ապա, ըստ Ենոքյանի, Սամվել Մայրապետյանի գործով մեր իրավապահ համակարգի գործունեությունը Եվրոպան գնահատեց բացասական, քանի որ մարդը գտնվում էր շատ վատ վիճակում, իսկ մեր դատական համակարգն ի վիճակի չէր նախնական կալանքի շրջանում թողնել նրան, որ գնա, առողջական խնդիրները լուծի, ուստի ստիպված դիմեցին ՄԻԵԴ: «Մանվել Գրիգորյանին էլ առողջական խնդիրների պատճառով բաց էին թողել, բայց փողոցի ճնշման տակ ստիպված եղան կրկին կալանավորել: Համենայն դեպս, տարածվող կարծիք կա, որ այդ պատճառով է արվել»,- շեշտեց նա:
Անդրադառնալով Haynews.am լրատվական կայքի պատասխանատու Մհեր Եղիազարյանի մահվան դեպքին, Աղասի Ենոքյանը նշեց, որ եթե իշխանություններն անհրաժեշտ ուշադրություն դարձնեին, նման բան գուցե չլիներ, քանի որ հացադուլի իմաստը քեզ վրա ուշադրություն սևեռելն է: «Համոզված չեմ՝ արդյո՞ք պաշտոնական գործիքներն ամբողջությամբ աշխատել են: Մի բան պարզ է՝ փոխանակ հացադուլը դառնար հանրության կողմից ճնշում գործադրելու միջոց, կորել ու գնացել է այդ ձայնը»,- նշեց նա: