Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի վրա կատարված հարձակումն ուղղակի սարսափելի է: «Սա նշանակում է, որ ներկայիս իշխանությունները հասարակությանն այնքան են երկու մասի բաժանել, այնքան են առանձնացրել, որ մարդիկ ընդունում են, որ կարելի է հարձակվել իր թոռների հետ զբոսնող պապիկի վրա: Սա այս մեկ տարվա հեղափոխականության` երևի ամենակարևոր արտահայտությունն է»,- այսօր լրագրողների հետ զրույցում` պատասխանելով Yerkir.am-ի կողմից հնչեցված հարցին հայտարարեց քաղաքագետ Աղասի Ենոքյանը:
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի` դատարանների մուտքերի փակման վերաբերյալ հայտարարությանը` քաղաքագետը պնդեց, որ այն 3 հիմնական մեսիջ է պարունակում. առաջին` նա չի կարողանում վերահսկել դատարանները, երկրորդ` չի կարողանում վերահսկել Արցախի իշխանություններին, երրորդ`կա պատերազմի վտանգ:
Ենոքյանը մասնավորապես նշեց, որ սահմանադրորեն Նիկոլ Փաշինյանը չպետք է վերահսկի դատարանները, քանի որ դրանք անկախ մարմիններ են և գործադիր իշխանության ղեկավարի վերհսկողության կարիք չունեն: «Նույն կերպ սահմանադրորեն ամենևին կարիք չկա, որ Նիկոլ Փաշինյանը վերահսկի Արցախի իշխանություններին: Արցախի իշխանություններն ընտրվել են Արցախի ժողովրդի կողմից և պատասխանատու են նրա համար: Այստեղ ուրիշ խնդիր կա. մինչև հիմա Արցախի և Հայաստանի ղեկավարությունները միշտ ունեցել են նույն ծագումնաբանությունը`ղարաբաղյան պայքարը: Հիմա Հայաստանում եկել է մի իշխանություն, որը, կարծես, բիզնես կապը կտրել է, ինչի հետևանքով համատեղ աշխատանքներն իրականացնելը դժվար է դարձել»,- մանրամասնեց նա` հավելելով. «Դատարաններում նման իրավիճակի ստեղծումը ձեռնտու է ներկայիս իշխանություններին: Հայտարարվեց, որ սա հեղափոխության հերթական փուլն է: Ներկայիս իշխանությունները, որոնք չեն կարողանում հասնել իրական արդյունքի, որոնք տնտեսության վիճակը շատ ավելի են վատթարացրել, քան նախկինում էր, որոնք սոցիալական ռեալ հարցեր չեն կարողանում լուծել, այսպիսի հեղափոխության հերթական փուլերով փորձում են շեղել ժողովրդի ուշադրությունը: Անընդհատ նոր թշնամիներ գտնելն ու նրանց մեղադրելը հեղափոխության տրամաբանությունն է»:
Ըստ Ենոքյանի`հեղափոխությունը միշտ «ընդդեմ»-ի գործողություն է, այն «հանուն»-ի գործողություն չէ: «Իսկ «ընդդեմ»-ի համար պետք է հասկանալ, թե ով է այս ամենին ընդդեմ: Այս անգամ սահմանվեց, որ «ընդդեմ»-ը դատարաններն են: Այս պահին ամբողջ գործադիր իշխանությունը գտնվում է Նիկոլ Փաշինյանի ձեռքում: Եթե դատարանների հետ կոնկրետ խնդիրներ կան, պետք է տրվեն կոնկրետ դատավորների անուններ, որոնք կոռուպցիոներ են: Իհարկե, եթե Դավիթ Սանասարյանը կոռուպցիոն գործարքի մեջ է մտել, ապա ո՞ւմ պետք է մեղադրի Նիկոլ Փաշինյանը: Պարզ է` նախկին իշխանություններին, որոնք ստեղծել են այնպիսի դյութիչ կոռուպցիոն համակարգ, որը գայթակղել է Սանասարյանին»,- արձանագրեց նա:
Քաղաքագետի համոզմամբ` վարչապետը քաղաքացիներին մղում է հանցագործություն կատարելու: «Դատարանների դռները փակելը արդարադատության իրականացմանը խոչընդոտել է`անկախ նրանից, թե վարչապետն ինչ կոչ է արել: Այդ մարդիկ ունեն անձնական պատասխանատվություն, որ նախատեսված է քրեական օրենսգրքով: Ցավոք, տեսնում ենք, որ այսօր չունենք ընդդիմություն, որոնք կկարողանային քաղաքական միջոցներով դիմագրավել»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է թեմայի կապակցությամբ ՀՀ նախագահի հայտարարությանը, ապա Ենոքյանն ընդգծեց, որ Արմեն Սարգսյանն ինքնամեկուսացել է այս գործընթացից: «Նախագահն իր հայտարարությամբ ասաց, որ ինքն անելիք չունի այստեղ, թեև Սահմանադրությամբ ունի: Նա Սահմանադրության երաշխավորն է, նա պիտի իր ձեռքը Սահմանադրության պուլսի վրա դրած պահի ու տեսնի, թե արդյո՞ք չկա որևէ խախտում, որտեղ անհրաժեշտ է իր միջամտությունը»,- նշեց նա:
Խոսելով Ռոբերտ Քոչարյանի և դատավարության մասին` Ենոքյանն ասաց, որ հիմնական խնդիրն այն է, թե արդյո՞ք նրան պիտի դատեն այն հոդվածով, որով նախատեսված է: «Չէ՞ որ հոդվածն ընդունվել է ավելի ուշ, քան տեղի են ունեցել այդ իրադարձությունները: Ի վերջո, լուծումն այն էր, որ դիմեն Սահմանադրական դատարան, որպեսզի եզրակացություն տրվի, այսինքն`խոհանոցային խոսակցությունները դադարեն`դրա փոխարեն ունենալով իրավական փաստաթուղթ: Չեմ բացառում` Քոչարյանին ազատելն անհրաժեշտ էր, որ այս շոուն բեմադրվեր»,- կարծիք հայտնեց նա:
Բանախոսն անդրադարձավ նաև սպասվող պատերազմի վտանգին: Ըստ նրա` այսօր Ադրբեջանում զորավարժություններ են իրականացվում` բազմաթիվ զինվորականների, մեծ քանակությամբ տանկերի, հրետանու, ավիացիայի ընդգրկմամբ, և այստեղից ենթադրելի՞ է, որ, ըստ վարչապետի, Արցախի ղեկավարությունը կարող է սկսել պատերազմ, որի հետևանքով հնարավոր է հողեր հանձնվեն և այդ ամենում մեղադրվեն Հայաստանի իշխանությունները: «Ես սա, ներողություն, բայց միայն անհեթեթություն կարող եմ համարել: Այստեղ տրամաբանություն չկա: Մարդիկ իրենց արյամբ ազատագրած հողերը կարող են զիջել թշնամուն զուտ նրա համար, որպեսզի դրա մեջ մեղադրեն Նիկոլ Փաշինյանի՞ն: Ուղղակի այս ամեն ինչը մեկ ծանրոցի մեջ փաթեթավորվեց, և սրան նախորդեց լուրջ շոուն` դատարանների մուտքերը փակելը, և դատական իշխանություններին մեղադրելու գործողություններով, կարծես, փորձ է արվում սքողել այն, ինչ կատարվելու է Արցախում»,- նշեց Ենոքյանը:
Նա հավաստիացրեց նաև, որ ՀՀ վարչապետի ռեյտինգն օր օրի անկում է ապրում: Ենոքյանի կարծիքով` Նիկոլ Փաշինյանի խոստացած սահմանադրական փոփոխությունների ճանապարհով գնալու պարագայում այլևս հնարավոր չի լինի դրանք կյանքի կոչել, քանի որ նա այլևս չունի այդքան հեղինակությունը, ու համապաստասխան քվե ապահովել նրան չի հաջողվի:
Ավելի վաղ տեղեկացրել էինք նաև, որ երեկ իշխող խմբակցությունն ու Արցախի նախագահ Բակո Սահակյանը փակ ձևաչափով հանդիպում են ունեցել: Ենոքյանը չի բացառում, որ նման հանդիպման իրական նպատակը կարող է լինել իսկապես այն պատերազմի հոտը, որ առնում ենք: «Միգուցե նաև փորձել են առաջ քաշել ներքաղաքական խնդիրները: Տեսնում ենք, որ Հայաստանը շատ է ուզում ընդգրկված լինել Արցախում սպասվող նախագահական ընտրություններին: Միգուցե այս հարցը ևս քննարկվել է»,- կարծիք հայտնեց նա:
Ենոքյանի տեսակետով`ժամանակն է Հայաստանի Հանրապետությունը վերանվանել ու դարձնել Հայաստանի Ժողովրդական Հանրապետություն, որովհետև բոլոր դիկտատուրաները կոչվում են ժողովրդական: «Կա Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն, Վիետնամի Ժողովրդական Հանրապետություն, Հյուսիսային Կորեայում նույնիսկ ժողովրդադեմոկրատական հանրապետություն է»,- ներկայացրեց նա և ավելացրեց. «Անընդհատ խոսվում է երկու թեմաների մասին`մեկը` ժողովրդի, մյուսը` կոռուպցիոն համակարգի: Իսկ այս ընթացքում ի՞նչ են արել իշխանությունները. կոռուպցիոն համակարգն արդյունավետ կերպով աշխատում է, ան վերացնելու համար պետք է օրենսդրություն փոխել: Իսկ ինչո՞՞ներկայիս իշխանությունները չեն փոխում այն: Դուք տեսե՞լ եք մի օրենք, որ ուղղված լինի կոռուպցիոն համակարգի դեմ: Ինչո՞ւ, որովհետև նրանք չեն ուզում կոռուպցիոն համակարգը վերացնել, այլ ուզում են այդ համակարգն իրենց ծառայեցնել»: