կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-06-25 13:59
Քաղաքական

Բանակցություններում քննարկվում է «Լավրովի պլանը», ես հակված եմ հավատալու Մամեդյարովին. Աղասի Ենոքյան

Բանակցություններում քննարկվում է «Լավրովի պլանը», ես հակված եմ հավատալու Մամեդյարովին. Աղասի Ենոքյան

Մինչ Հայաստանում զբաղված են խորհրդարանական շոուներով, տարածաշրջանում լարվածությունը խորանում է. խիստ լարված են ԱՄՆ-Իրան հարաբերությունները, Թրամփը նոր պատժամիջոցներ է մտցրել, երկրորդ՝ առկա է ռուս-վրացական լարվածություն, որոշակի լարում  կա նաև վրաց-ադրբեջանական սահմանին՝ եկեղեցու հետ կապված, ասվում է անգամ, որ զրատեխնիկա է առաջ քաշվել: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Աղասի Ենոքյանը: 

Ըստ նրա՝ վրացական հասարակության մոտ կա խիստ դժգոհություն իշխանություններից՝ սկսած ապրելակերպից, սոցիալական վիճակից  մինչև Ռուսաստանի հետ հարաբերություններ, որի ամբողջացման համար մեկ կաթիլ էր պետք, ինչը եղավ: Միաժամանակ, Ենոքյանը վրացական իրադարձությունների պատճառը բավականին անհեթեթ համարեց՝ չբացառելով, որ դա սադրանք էր։ 

Քաղաքագետը վստահ է՝ Ռուսաստանը կօգտագործի հնարավորությունը Վրաստանի նկատմամբ պատժամիջոցներ մտցնելու համար, ինչն արդեն արվում է. արգելում է իր քաղաքացիներին` գնալ Վրաստան՝ փակելով չվերթերը, գինիների որակի հետ կապված խնդիրներ են առաջ քաշվում: «Վերջերս Վրաստանում էի, և կարող եմ վկայել, որ ՌԴ-ից հսկայական թվով զբոսաշրջիկներ կային: Սա մեծ կորուստ է Վրաստանի համար: Բացի այս` հայտարարվեց, որ վրացական գինիներն են վատը, բանջարեղենը: Իհարկե, սրան հետևում է նաև Վրաստանի քայլը. առաջին անգամ Լարսը փակվում է Վրաստանի կողմից, և արդեն կա նախադեպը չունեցող դեպք, երբ հայկական ավտոբուսի մեջ ինչ-որ սարք էին գտել և դրա համար արգելել Վրաստանի տարածքով մուտքը Հայաստան: Սա բերելու է Հայաստանի շրջափակման, մեզ համար լուրջ խնդիրներ են ստեղծվելու: Սա արդեն ռուսները չեն, իսկ իշխանությունների կողմից խնդիրների լուծման հստակ ռազմավարություն չկա: Հայաստանը պետք է ունենա դիրքորոշում, և լավ կլիներ արագ արտահայտել այն: Իհարկե, այդ դիրքորոշումը չի կարող կոշտ լինել, քանի որ ցանկանում ենք հարաբերություններ պահպանել և՛ Ռուսաստանի, և՛ Վրաստանի հետ: Վրաստանը մեր կյանքի ճանապարհն է, այնտեղ ունենք մեծ քանակությամբ հայություն, բայց պետք է լուծումներ գտնել, քանի որ Վրաստանում սկիզբ առած ազգայնականությունը կարող է նաև այլ ուղղություն բռնել»,- ընդգծեց Ենոքյանը՝ հավելելով, որ պատեհ առիթն օգտագործել և ռուսական շուկայում վրացական ապրանքների փոխարեն հայկականը դուրս բերելու հարցով հետաքրքրված են միայն անհատներ, բայց պետական ծրագիր, քայլ գոյություն չունի:

Անդրադառնալով Ղարաբաղյան խնդրին և Ադրբեջանի կողմից հնարավոր գործողություններին՝ քաղաքագետը նշեց, որ ընդհանուր լարվածությունը տարածաշրջանում Ադրբեջանի համար հետաքրքիր հնարավորություն է ստեղծում, որպեսզի  ռազմական գործողությունները դառնան թույլատրելի և անգամ անհրաժեշտ։ «Ադրբեջանը կարող է օգտվել սրանից, եթե լուծի մնացած խնդիրները՝ կարողանա Վրաստանի հետ հարաբերությունները լուծել, գերտերություններից պարզի՝ նրանք կո՞շտ կարձագանքեն, եթե ռազմական գործողություններ սկսի: Այս հարցերից հետո Ադրբեջանը կարող է ստեղծված իրավիճակը շատ լուրջ օգտագործել»,- ասաց նա:

 Շարունակելով միտքը` Ենոքյանը հիշեցրեց Ադրբեջանի ԱԳ նախարարի հայտարարությունը խաղաղարարներ տեղակայելու վերաբերյալ։ «Նա հայտարարեց, որ բանակցությունների ժամանակ քննարկվում է զորքերի դուրսբերման և խաղաղապահներ մտցնելու հարցը:  Թեև մերոնք ասում են, որ բանակցություններ չեն ընթանում, որ միայն պատմական ակնարկներ են անում, բայց ես այս դեպքում հակված եմ հավատալու Մամեդյարովին։ Դա այն է, ինչի մասին երկար ժամանակ խոսում էինք՝ «Լավրովի պլանի» մասին, և հիմա հայտարարվեց, որ դա է հիմա  քննարկվում»,- ամփոփեց Աղասի Ենոքյանը: