Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
1988 թվականի փետրվարի 14-ին, երբ Հադրութում տեղի ունեցավ առաջին հանրահավաքը և ազդարարվեց Ղարաբաղյան շարժման սկիզբը, Ադրբեջանի ներքին գործերի նախարարի տեղակալը հայտարարեց՝ 100.000 ադրբեջանցի պատրաստ է ներխուժել Լեռնային Ղարաբաղ և սպանդ կազմակերպել. այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Սովորական ցեղասպանություն» նախագծի ղեկավար Մարինա Գրիգորյանը:
«Դա ասված էր հրապարակայնորեն՝ նրանց նիստերից մեկի ժամանակ: Ամսի 20-ին, երբ կայացվեց ԼՂ իշխանությունների հայտնի որոշումը, դրանից 2 օր հետո՝ ամսի 22-ին, ադրբեջանցիները փորձեցին իրականացնել այն, ինչ ասվել էր, այն է՝ փորձեցին, ճեղքելով Ասկերանը, մտնել Ստեփանակերտ և սպանդ կազմակերպել: Աղդամի կողմից այդ ամբոխը հասավ Ասկերանին, սակայն, չկարողանալով կոտրել Ասկերանում ապրող հայերի դիմադրությունը, նրանք հետ քաշվեցին: Դրանից հետո Ադրբեջանը որոշեց այդ ամենը կազմակերպել Սումգայիթում, որտեղ հայերն ապրում էին ոչ կոմպակտ»,- նշեց փորձագետը՝ հավելելով, որ Սումգայիթի վայրագությունը 1915 թվականի թուրքական ցեղասպան քաղաքականության շարունակությունն էր, քանի որ գործում էին նույն դաժան մեթոդներով:
«Սա Ադրբեջանի կողմից իրականացված ամենափաստագրված ցեղասպանությունն է, քանի որ կան բազմաթիվ փաստաթղթեր, վկայություններ, տեսագրություններ: Կա մի շատ լուրջ տեսանյութ, որում երևում է, թե ինչպես Ադրբեջանի հատուկ ծառայությունների ներկայացուցիչները ռադիոկապով ուղղորդում ու ցուցումներ են տալիս ջարդարարներին»,- նշեց Մարինա Գրիգորյանը՝ հավելելով, որ Սումգայիթի ջարդերը տեղի են ունեցել Ադրբեջանի իրավապահ մարմինների անտարբերության և Մոսկվայի լռության պայմաններում:
«Երեք օր մարդկանց փողոցում ցուցադրաբար և դաժանաբար սպանում էին, բայց Ադրբեջանի իրավապահ մարմինները ոչինչ չէին անում՝ կանգնեցնելու սպանդը: Սովետական կառավարությունը ևս ոչ մի քայլ չի ձեռնարկել մինչև փետրվարի 29-ը, և ընդամենը երրորդ օրը զորքերը մտան Սումգայիթ, սակայն նրանք միջամտելու և հայերին փրկելու հրաման չունեին: Ավելին` հենց փետրվարի 29-ին, երբ քաղաքում կանգնած էին տանկերը, ամենասարսափելի սպանություններն են կատարվել»,- մանրամասնեց փորձագետը:
Մարինա Գրիգորյանը ցավով նշեց, որ մինչ օրս Սումգայիթի դեպքերը որևէ իրավական և քաղաքական գնահատական չեն ստացել, և դրանում կա ՀՀ-ի բոլոր իշխանությունների մեղքը, որոնք չեն բարձրացրել Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու հարցը:
Ըստ նրա՝ չունենք նաև ապացույց, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շրջանակում բանակցությունների սեղանին ծավալուն կերպով դրվում է հայ փախստականների հարցը, ինչպես ադրբեջանական փախստականներինը:
«Հայաստանն ինքը Սումգայիթի, Բաքվի և Ադրբեջանի կողմից իրականացված հանցագործությունները չի ճանաչել որպես ցեղասպանություն: Հայաստանը պետք է գործողությունների անցնի նաև իրավական դաշտում. եթե Հայոց ցեղասպանության ժառանգները 100 տարի անց կարող են դիմել դատական ատյաններ՝ իրենց ունեցվածքը փոխհատուցելու պահանջով, ապա ինչո՞ւ դա չեն կարող անել 30 տարի իրենց ունեցվածքը կորցրած հայ փախստականները: Պետության դերն այստեղ վճռորոշ պիտի լինի, Հայաստանն անգամ ներքին կարգով նրանց նկատմամբ իր պարտավորությունները չի կատարել: Սովետական միությունը Սումգայիթի սպանությունները որակեց որպես խուլիգանություն, սակայն խորհրդային Հայաստանի իշխանությունները 1988-89-ին այս դեպքերն ընդունեցին որպես ցեղասպանություն, մինչդեռ անկախ Հայաստանի իշխանությունները չեն ընդունել այդ դեպքերը որպես ցեղասպանություն, ուստի Սումգայիթի փախստականները չունեն սոցիալական կամ իրավական հատուկ կարգավիճակ»,- ամփոփեց Մարինա Գրիգորյանը: