կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-01-31 11:13
Հասարակություն

«Գյումրին առանց տնակների» հիմնադրամի տնօրենի հաղորդման հիման վրա դատախազությունը քրգործ է հարուցել

«Գյումրին առանց տնակների» հիմնադրամի տնօրենի հաղորդման հիման վրա դատախազությունը քրգործ է հարուցել

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի դատախազությունում քրեական գործ է հարուցվել  մարզում անօթևան քաղաքացիներին բնակարանների բաշխման գործընթացում ենթադրյալ չարաշահումների փաստերի առթիվ:     

ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից տեղեկացրին, որ 2019թ. հունվարի 18-ին Շիրակի մարզի դատախազությունը «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի տնօրեն Մհեր Խաչատրյանից դիմում է ստացել Շիրակի մարզում անօթևան քաղաքացիներին բնակարաններ բաշխած պետական մարմինների համապատասխան աշխատակիցների կողմից ենթադրյալ չարաշահումներ կատարելու փաստերի վերաբերյալ: Ուսումնասիրելով դրանում առկա տվյալները՝ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածների կարգով նյութեր նախապատրաստելու հանձնարարությամբ դիմումն ուղարկվել է ՀՀ ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժին:

Նյութերի նախապատրաստման ընթացքում Մ. Խաչատրյանը հաղորդում և բացատրություն է տվել առ այն, որ իր կողմից պետական մարմինների տրամադրած բազային տվալների հիման վրա կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզել է, որ 1988թ. երկրաշարժից հետո, որպես անօթևան քաղաքացիներ հաշվառված բնակիչներին բնակարանների բաշխման ժամանակ թույլ են տրվել ենթադրյալ չարաշահումներ: Մասնավորապես՝ մեկ փլված բնակարանի դիմաց տարբեր ընտանիքների տրամադրվել  են մի քանի բնակարաններ: Բացի այդ՝ իրականում բնակարաններ տրամադրված քաղաքացիների ժամանակավոր կացարանները՝ տնակները, բնակարանների տրամադրումից հետո չեն ապամոնտաժվել, սակայն պաշտոնատար անձանց կողմից 2011 և 2013 թվականներին կազմվել են տարածքների ազատման վերաբերյալ կեղծ ակտեր, համաձայն որոնց՝ այդ տնակներն, իբր ապամոնտաժված են:

Տվյալներ են ստացվել, որ Գյումրու Շիրակացի փողոցում գտնվող մի քանի շենքերի տարբեր հասցեների փլուզված մի քանի բնակարաններում հաշվառված են եղել թվով 5-6-ական քաղաքացիներ, ինչի արդյունքում, 1990-92թթ. ընկած ժամանակահատվածում, նույն այդ հասցեների բնակարանների դիմաց Գյումրի քաղաքում ստացել են տարբեր հասցեների բնակարաններ: Բնակիչներից մեկը տված բացատրությամբ հայտնել է, որ մինչև 1988 թվականի երկրաշարժը ընտանիքի հետ համատեղ բնակվել է Լենինականի Շիրակացի 1-ին շենքի բնակարաներից մեկում, որտեղ հաշվառված են եղել միայն ինքն ու ընտանիքի անդամները: Իսկ իր փլուզված բնակարանի հասցեով բնակարաններ ստացած այլ քաղաքացիներին չի ճանաչում:

Նյութերի նախապատրաստման ընթացքում կատարված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ համապատասխան տարածներում առկա են եղել այն տնակները, որոնք, ըստ համապատասխան հանձնաժողովների կողմից կազմված՝ տարածքների ազատման և տնակների ապամոնտաժման վերաբերյալ կեղծ ակտերի, պետք է  ապամոնտաժված լինեին:

Վարույթի շրջանակներում ձեռնարկված միջոցների արդյունքում տվյալներ են ստացվել, որ Գյումրիի քաղաքապետարանի աշխատակազմի համապատասխան բաժնի պաշտոնատար անձը, հանդիսանալով տնակներից մեկի տարածքի ազատման և ապամոնտաժման հանձնաժողովի նախագահը, ստորագրել է տնակի տարածքի ազատման և ապամոնտաժման ակտի տակ՝  առանց իբրև հանձնաժողովի նախագահ, հիշյալ տնակի տեղակայման վայր այցելելու և բավարարվելով հանձնաժողովի մյուս անդամների բանավոր հայտարարություններով և ներկայացված լուսանկարով:

Հարկ է նկատել, որ վերջինս, ինչպես նաեւ Հանձնաժողովների կազմում ընդգրկված եւ գործընթացին մասնակցած՝ նույն բաժնի մեկ այլ պաշտոնատար անձ բացատրություններով առարկել են, որ իրենց նկատմամբ քրեական գործ հարուցելը մերժվի՝ քրեական պատասխանատվության վաղեմության ժամկետներն անցնելու կամ համաներման ակտի կիրառման հիմքերով:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերն առերեւույթ պարունակում են  պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնեական կեղծիք կատարելու հանցագործության հատկանիշներ եւ  անհրաժեշտ է կատարել լրիվ, բազմակողմանի եւ օբյեկտիվ քննություն՝ Շիրակի մարզի դատախազի տեղակալի կողմից դեպքի առթիվ ՀՀ քրեական  օրենսգրքի  308-րդ եւ 314-րդ հոդվածների 1-ին մասերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Քրեական գործի նախաքննության կատարումը հանձնարարվել ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությանը: