կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-01-25 10:04
Քաղաքական

Առանց Արցախի մասնակցության չի կարող որոշում կայացվել. «Ժողովուրդ»

Առանց Արցախի  մասնակցության չի կարող որոշում կայացվել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովի՝ երեկ 168.am-ին տված հարցազրույցում արված պնդումները, թե հունիսին Փաշինյանն ու Ալիեւը ԼՂ խնդրի կարգավորման ուղղությամբ կստորագրեն համաձայնագիր, հայրենի քաղաքական դաշտում տարբեր մեկնաբանությունների տեղիք են տվել:

«Ժողովուրդ» օրաթերթը երեկ կապվեց Ստանիսլավ Տարասովի հետ՝ պարզելու, թե ինչ տեղեկությունների հիման վրա է այդպիսի կարեւոր հայտարարություն արել: Նա անկեղծացել է, որ այդ հայտարարությունները տպավորությունների ու վերլուծությունների հետեւանք են: «Վերջին հանդիպման ընթացքում տպավորություն ստացանք, որ Ալիեւը բավարարված էր, Փաշինյանը` փոքր-ինչ տխուր։ Այսպես դիտարկենք. մեկուկես ժամ զրուցել են Ալիեւն ու Փաշինյանը, դրանից առաջ էլ չորս ժամ` Մամեդյարովն ու Մնացականյանը: Սա նշանակում է, որ նրանք ունեցել են քննարկման առարկա, բայց թե ինչ, ոչ ոք չգիտի»,- ասել է նա։

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց նաեւ ռուս մեկ այլ քաղաքագետ Մոդեստ Կոլերովի հետ՝ պարզելու, թե Ռուսաստանում ինչ է հայտնի Արցախյան թեմայով: Մոդեստ Կոլերովը մեզ հետ զրույցում այլ ժամկետ մատնանշեց՝ հայտարարելով, թե կողմերը ԼՂ խնդրով կարող են համաձայնագիր ստորագրել մարտին՝ գագաթնաժողովի ժամանակ: Կոլերովն էլ ասել է, թե այդպիսի փաստաթուղթ առկա է վաղուց, պարզապես վերջնական ստորագրումն է ավարտվելու մարտին: Ի՞նչ փաստաթղթի մասին է խոսքը, որը պետք է վերջնաստորագրվի:

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց նաեւ Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի հետ: Նա ընդգծեց, թե կոնֆլիկտի կարգավորման համար նախ պետք է վերականգնել  բանակցությունների ամբողջական ֆորմատը։ «Հայկական կողմն այդ մասին մի քանի անգամ ասել է։ Հարցը կապված է Արցախի ճակատագրի հետ եւ չի կարող լուծվել առանց նրա մասնակցության։ Մենք չենք հավատում այդպիսի համաձայնագրի։ Եվ երկրորդ` պետք է հասկանալ, թե ինչ է ընկած փոխզիջման հիմքում, եւ արդյոք միայն բավարարվելու ենք Ադրբեջանի բանավոր հայտարարություններով»,- – հայտարարեց Բաբայանը։

Նա նաեւ հավելեց, որ այս փուլում գլխավոր հարցը խաղաղության պահպանումն ու տարածաշրջանում կայունության ապահովումն է, իսկ բանակցությունների սեղանին առանց Արցախի ոչ մի զարգացում լինել չի կարող»: