կարևոր
4579 դիտում, 5 ամիս առաջ - 2024-01-10 10:28
Իրավական

Նախկին դատախազի բնակարանից մաքրուհիների կողմից հայտնաբերված 12,5 կգ ոսկյա ձուլակտորների գործով նոր որոշում է կայացվել. «Ժողովուրդ»

Նախկին դատախազի բնակարանից մաքրուհիների կողմից հայտնաբերված 12,5 կգ ոսկյա ձուլակտորների գործով նոր որոշում է կայացվել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախկին դատախազի բնակարանից մաքրուհիների կողմից հայտնաբերված 12,5 կգ ոսկյա ձուլակտորների գործով իրավապահները նոր որոշում են կայացրել:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ նախկին դատախազ Վլադիմիր Մնացականյանի չբնակեցված բնակարանից մաքրուհիների հայտնաբերած 12,5 կգ ոսկու ձուլակտորների ծագման և հայտնաբերման առիթով հարուցված քրեական գործով նախաքննության ավարտ է հայտարարվել, եւ գործն ուղարկվել է դատարան։

Ինչպես հայտնի է, 2022 թվականին Երեւան քաղաքի Օրբելի փողոցում գտնվող շենքի բնակարաններից մեկում, որը պատկանում էր սովետական տարիներին դատախազ աշխատած, վաղամեռիկ Վլադիմիր Մնացականյանին,
հայտնաբերվել էր շուրջ 12,5 կգ ընդհանուր քաշով, մոտ 655 հազար ԱՄՆ դոլար արժեքով ոսկի: Նախկին դատախազը մահվանից առաջ տունը կտակել է դստերը, եւ նրա դուստրը երկար ժամանակ երկրում չէր բնակվել: Ավելի ուշ դիմել է մաքրուհիներին՝ խնդրելով՝ բնակարանը մաքրեն, որի ընթացքում էլ հայտնաբերվել էր թանկարժեք մետաղը:
Թե որտեղից դատախազին այդքան ոսկի, արդյոք մահացած դատախազին է այն պատկանել, թե այլ անձի, դեռեւս պարզ չէ: Փաստ է մեկ բան՝ նախկին դատախազ Վ. Մնացականյանը մահացած է, իսկ նրա բնակարանից հայտնաբերվել են 12,5 կգ քաշով ոսկյա ձուլակտորներ:

Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ 2022 թվականի նոյեմբերին Սոաաննա Ռոբերտի Ոսկանյանը, Աննա Արամայիսի Թադևոսյանի հետ մաքրության աշխատանքներ կատարելու նպատակով գտնվելով Վլադիմիր Մնացականյանին պատկանող՝ Երևան քաղաքի Օրբելի եղբայրներ 4-րդ շենքի 60-րդ բնակարանում, հիշյալ հասցեից Աննա Արամայիսի Թադևոսյանի հետ գաղտնի հափշտակել է Վլադիմիր Մնացականյանին պատկանող միջինում 99.99% և 99.50% ոսկու պարունակությամբ, 266 միլիոն ՀՀ դրամ արժողությամբ 54 հատ ձուլակտորներ, այնուհետև Աննա Արամայիսի Թադևոսյանը և Սոաաննա Ռոբերտի Ոսկանյանը դրանք բաժանել են միմյանց միջև, մասնավորապես՝ Սոաաննա Ռոբերտի Ոսկանյանը վերցրել է 28 /քսանութ/ հատ վերը նշված ձուլակտորներից, դրանք տեղափոխել է իր հայրական՝ Կոտայքի մարզի Նաիրի համայնքի Պռոշյան երկաթգծի փողոցի 1-ին շենքի 4-րդ բնակարան և թաքցրել այդ բնակարանի ննջասենյակներից մեկում առկա մահճակալի դոշակի տակ: Ենթադրաբար քննչականին մանրամասն ինֆորմացիա էր տվել մյուս մաքրուհին, որի հետ ոսկիները միմյանց միջև էին բաժանել, բայց վերջինս անարդարություն էր համարել, որ մեկը 28 հատ էր վերցրել, իսկ ինքը՝ 26:

Տեղեկացնենք, որ ոսկյա ձուլակտորները այս պահին Կենտրոնական բանկում են, մաքրուհիները՝ մեղադրյալի աթոռին, իսկ, ահա, հիմնական հարցը՝ որտեղից նախկին դատախազին 266 միլիոն դրամի ոսկի, մնում է առեղծված»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: