կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-01-18 17:33
Հասարակություն

Հայ փրկարարները հնարավորություն կունենան վերապատրաստվելու եվրոպական լավագույն բուհերում

Հայ փրկարարները հնարավորություն կունենան վերապատրաստվելու եվրոպական լավագույն բուհերում

Հունվարի 18-ին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ Փրկարար ծառայության ընդլայնված խորհրդակցություն, որը վարեց ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը:

ՀՀ ԱԻ նախարարության տարբեր ստորաբաժանումների ղեկավարները, խորհրդակցությանն առցանց մասնակցող Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության, Երևան քաղաքի և ՀՀ մարզային փրկարարական վարչության պետերը զեկուցեցին հունվարի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում գրանցված ահազանգերի, ձեռնարկված միջոցառումների, մարզերում տեղակայված ժամանակավոր հենակետերի, ինչպես նաև տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի մասին: Մարզային փրկարարական վարչության պետերը զեկուցեցին մարզերում ճանապարհների անցանելիության, տրանսպորտային միջոցների արգելափակման, փրկարարական աշխատանքների մասին:

Արցախի Հանրապետության Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունում նշված ժամանակահատվածում գրանցվել է 387 զանգ, որից 34-ը՝ արտակարգ դեպք-պատահար:
Երևան քաղաքի փրկարարական վարչությունում նույն ժամանակահատվածում գրանցվել է 2866 զանգ, որից 215-ը՝ արտակարգ դեպք-պատահար:

ՀՀ ԱԻՆ ՃԿԱԿ պետ, փ/ծ գնդապետ Հովհաննես Խանգելդյանը զեկուցեց, որ նախորդ շաբաթվա ընթացքում «911» ծառայությունում գրանցվել է 25971 զանգ, 214 դեպք-պատահար, որից 116-ը՝ արտակարգ բնույթի: Հ. Խանգելդյանը զեկուցեց նաև, որ աշխատանքներ են տարվում խուլ ու համր քաղաքացիների կողմից “SOS Systems” հավելվածն օգտագործելու հնարավորությունները զարգացնելու համար:

ՀՀ ԱԻՆ ՃԿԱԿ հոգեբանական աջակցության բաժնի պետ, փ/ծ կապիտան Արևիկ Երիցյանը զեկուցեց, որ անցնող շաբաթվա ընթացքում գրանցվել է 9 զանգ, ծառայության աշխատակիցները քաղաքացիներին ցուցաբերել են հոգեբանական աջակցություն:

Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտոր, փ/ծ գեներալ-մայոր Համլետ Մաթևոսյանը զեկուցեց, որ շարունակվում է կրթօջախի միջազգայնացման գործընթացը: Կրթական ոլորտի համագործակցության նոր նախագծեր են մշակվում Գերմանիայի, Սերբիայի և Պորտուգալիայի համապատասխան ուսումնական հաստատությունների հետ:

ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանի հանձնարարականները վերաբերում էին տարածքային ստորաբաժանումների տարեկան ամփոփման պլաններին և հանձնարարականների կատարման ժամանակացույցին:

Խորհրդակցության ավարտին Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը տվեց մի քանի հանձնարարականներ, որոնք մասնավորապես վերաբերում էին պարգևատրումների նոր ձևաչափի ներդրմանը, նախորդ տարվա ընթացքում կատարած աշխատանքների տարեկան ամփոփումներին, մարզային փրկարարական վարչությունների ու հրշեջ-փրկարարական ջոկատների համար հողհատկացումներին, համազգեստի կրման կանոններին, փրկարար ծառայողների համար ՃԿՊԱ-ում արտոնյալ պայմաններով ուսում ստանալու հնարավորություններին և այլն:

Արտակ Նահապետյանը նշեց, որ համակարգում կան երկարամյա, անբասիր ծառայողներ, որոնք երբևէ չեն խրախուսվել, ուստի պարգևատրման ձևաչափը վերանայման կարիք ունի, և պետք է ներկայացվեն բոլոր արժանավորները: Տնօրենը նկատեց, որ խրախուսման են արժանի նաև համակարգում չաշխատող, բայց ծառայության զարգացման գործում ավանդ ունեցող քաղաքացիները: