կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-11 09:20
Առանց Կատեգորիա

Քաղծառայողները հնարավորություն կունենան իրենց ամենամյա արձակուրդը տեղափոխել հաջորդ աշխատանքային տարի․ «Փաստ»

Քաղծառայողները հնարավորություն կունենան իրենց ամենամյա արձակուրդը տեղափոխել հաջորդ աշխատանքային տարի․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․ «Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է լրացում կատարել 2018 թ.-ի նոյեմբերի 15-ի N 1287-Ն որոշման մեջ: Նշվում է, որ այս նախագծի ընդունման անհրաժեշտությունն ուղղված է գործող օրենսդրության, մասնավորապես՝ Աշխատանքային օրենսգրքի և գործող կառավարության որոշման միջև անհամապատասխանության վերացմանը և քաղծառայողների ամենամյա արձակուրդների հաջորդ աշխատանքային տարի տեղափոխման թույլատրելիությանը։ Քաղաքացիական ծառայության մասին օրենքի 30-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված է, որ քաղծառայողին արձակուրդ տրամադրելու կարգը և պայմանները սահմանում է Կառավարությունը։

Բացի դա, Աշխատանքային օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասում նշվում է, որ ամենամյա արձակուրդի տեղափոխումը թույլատրվում է միայն աշխատողի միջնորդությամբ կամ համաձայնությամբ։ Սակայն կառավարության 2018 թ.-ի նոյեմբերի 15-ի որոշման հավելվածի 18-րդ կետով սահմանված է, որ քաղծառայողի միջնորդությամբ ամենամյա արձակուրդն այլ ժամանակ տեղափոխելու դեպքում այն տրամադրվում է տվյալ աշխատանքային տարում, բացառությամբ որոշման հավելվածի 19-րդ կետում նշված մի քանի բացառությունների: Այդ կետերը սահմանված են նաև Աշխատանքային օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասում։ Աշխատանքային օրենսգրքով սահմանված նորմերը չեն խոչընդոտում աշխատողի ամենամյա արձակուրդի տեղափոխմանը, եթե դրա տրամադրման համար 18 ամսվա ժամանակահատվածը չի անցել, ինչը հնարավորություն է տալիս ամենամյա արձակուրդը տեղափոխել հաջորդ աշխատանքային տարի։

Նշվում է, որ այստեղ ակնհայտ է գործող որոշման անհամապատասխանությունը ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող օրենքին՝ Աշխատանքային օրենսգրքին, որի 167-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված է, որ ամենամյա արձակուրդը, որպես կանոն, տրամադրվում է նույն աշխատանքային տարում, բայց ոչ ուշ, քան 18 ամսվա ընթացքում՝ սկսած այն աշխատանքային տարվա վերջից, որի համար աշխատողին չի հատկացվել կամ մասնակի է հատկացվել ամենամյա արձակուրդը։

Աշխատողի միջնորդությամբ կամ համաձայնությամբ ամենամյա արձակուրդի չօգտագործված մասը կարող է տեղափոխվել և միացվել հաջորդ տարվա ամենամյա արձակուրդին։ Գործող օրենքների և կառավարության ընդունած որոշման անհամապատասխանությունը շտկելուն է միտված էկոնոմիկայի նախարարության կողմից հանրային քննարկման ներկայացված նախագիծը: Մասնավորապես՝ դրա ընդունման դեպքում քաղաքացիական ծառայողները հնարավորություն կստանան իրենց ամենամյա արձակուրդը տեղափոխել այլ ժամանակ, ավելի կոնկրետ՝ հաջորդ աշխատանքային տարի»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում