կարևոր
4894 դիտում, 1 տարի առաջ - 2023-06-17 17:23
Հասարակություն

Թուրքիայում վերապատրաստվելու ցանկություն հայտնել են միայն ԵՊՀ դասախոսները. մանրամասներ

Թուրքիայում վերապատրաստվելու ցանկություն հայտնել են միայն ԵՊՀ դասախոսները. մանրամասներ

Թուրքիայում հունիսի 28-ից հուլիսի 5-ն անցկացվելիք վերապատրաստման դասընթացներին կմասնակցեն նաև դասախոսներ՝ Երևանի պետական համալսարանից։

ԲՈՒՀ-ի մամուլի բաժնից «Փաստինֆո»-ին հայտնեցին, որ ծրագիրը թեև անցկացվելու է Թուրքիայի Ստամբուլ քաղաքում, կազմակերպիչը Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայությունն է՝ նշելով, թե դասընթացների մասնակցության հրավեր ուղարկվել է հանրապետության բոլոր բուհերին։ Դասընթացներին մասնակցությունը կամընտրական է։

«Գերմանական այդ ծառայությունը «ԵՄ-ն հանուն երկխոսության» ծրագրի շրջանակներում կազմակերպել է «Դասավանդման ժամանակակից մեթոդները և մասնագիտական զարգացումը»,- մանրամասնեց ԵՊՀ մամուլի խոսնակը։

Գերմանական նշված կազմակերպության գրասենյակը, պարզվեց, գտնվում է Վրաստանում, որտեղից «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին, վերապատրաստման դասընթացները կազմակերպվում են տարածաշրջանային երեք երկրների՝ Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, և Մոլդովայի բոլոր համալսարանների մասնագետների համար, սակայն այն տեղի է ունենում Թուրքիայում։ Հայաստանից մասնակցելու հայտ ներկայացրել են միայն Երևանի պետական համալսարանի դասախոսները։


«Հայաստանից մենք ունենք 3 մասնակից։ Բոլոր մասնակիցները միայն մեկ համալսարանից են», - «Փաստինֆո»-ին տեղեկացրել է Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության կողմից իրականացնող «ԵՄ երկխոսության ծրագրի» կազմակերպիչ Նատալիա Գվերցեթելին՝ նշելով, որ դասընթացի մասնակցության նախապայմաններից է, որպեսզի դասախոսները կարողանան հասկանալ ու խոսել անգլերեն, քանի որ դասընթացներն իրականացվելու են այդ լեզվով։ Մեր դասախոսները միայն Եվրոպայից են լինելու։ Դասավանդելու են մասնագետներ՝ Ավստրիայից և Ֆինլանդիայից։ »,- ասաց նա։

Ծրագիրն իրականացվում է արդեն երկրորդ տարին անընդմեջ։ Նախորդ տարի ևս այն անցկացվել է Թուրքիայի Ստամբուլ քաղաքում՝ հուլիսին։ Այդ ժամանակ ևս հայկական կողմից մասնակցել են միայն ԵՊՀ-ի դասախոսները՝ 2 հոգի։ «Փաստինֆո»-ն գերմանական ծառայության ներկայացուցչից հետաքրքրվեց, թե ինչով է պայմանավորված դասընթացները հենց Թուրքիայում անցկացնելու հանգամանքը։
«Դասընթացները որոշվել է անցկացնել Թուրքիայում, որովհետև տարբեր տարածաշրջանների մասնակիցները կարիք չունենան որևէ վիզայի ձևակերպման։ Այսպես մեզ համար ավելի հեշտ է կազմակերպել նաև մասնակիցների տեղաշարժը։ Բացի այդ՝ Հայաստանի մասնակիցներին Թուրքիա մեկնելու համար միայն էլեկտրոնային վիզա է անհրաժեշտ, ինչը շատ հեշտ է իրականացնել»,- ասաց նա։
Հարցին, թե հնարավո՞ր է առաջիկայում այդ դասընթացներն իրականացվեն նաև Հայաստանում՝ Նատալիա Գվերցեթելին ասաց, որ այդ ուղղությամբ նույնպես մտածել են, սակայն, իրենց ցանկությունն է այդ դասընթացների համար ընտրել, իր խոսքով, «առավել չեզոք վայր», որտեղ կարող էին գնալ տարբեր երկրների քաղաքացիներ։
«Բայց եթե կարողանանք կազմակերպել դասընթացներ ավելի փոքրաթիվ մասնակիցների համար՝ հնարավոր է, որ առաջիկայում քննարկվի նաև Հայաստանում անցկացնելու տարբերակը»,- ասաց նա։

Այսպիսի հաջորդ դասընթացները Գերմանական կազմակերպությունը նախատեսում է անցկացնել եկող աշնանը։ Մեր զրուցակիցը հայտնեց, որ այն նույնպես նախատեսում են անցկացնել Թուրքիայում։