Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
1988-1989 թթ. ժամանակահատվածում Բաքվի հայկական համայնքի հիմնական մասը լքեց քաղաքը, և այնտեղ մնացին հիմնականում ծերերը, հիվանդներին խնամողները, որոնք էլ թիրախ դարձան 1990-ի հունվարի 13-19-ը տեղի ունեցած ջարդերի ժամանակ: Խոսքը մոտ 30-35 հազար մարդու մասին է, որոնցից ոմանք մեկ շաբաթվա ընթացքում դաժանաբար սպանվեցին՝ նրանց ողջ-ողջ այրեցին, պատշգամբից ցած նետեցին... Ընդհանուր առմամբ, Բաքվում եղել է 250 հազարանոց հայ համայնք, իսկ սպանվածների մոտավոր թիվը 400-500 է: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Արցախի հարցով փորձագետ, «Սովորական Ցեղասպանություն» նախագծի համակարգող Մարինա Գրիգորյանը՝ նշելով, որ ասվածը հիմնված է արխիվային փաստաթղթերի և Բաքվի ջարդերի ականատեսների` մոտ 150 հարցազրույցների վրա:
«Այս ամենը կատարվում էր բաց տեքստով, և ո'չ Խորհրդային Ադրբեջանի ղեկավարությունը, ո'չ էլ Մոսկվայի կենտրոնական իշխանությունը ոչ մի բան չարեցին` կանգնեցնելու համար մեկ շաբաթ շարունակվող ջարդերը: Միակ բանը, որ արվել է՝ ինչ-որ կերպ մազապուրծ հայերին լաստանավով տեղափոխել են Թուրքմենստան, բայց այդտեղ ևս շատերը բռնության են ենթարկվել և սպանվել, մասնավորապես՝ անձնակազմում ընդգրկված ադրբեջանցիները գիշերն այդ հայերին նետել են Կասպից ծովը: Պետք է շեշտել՝ Բաքվում Ադրբեջանի կողմից իրականացված ջարդերը կազմակերպված են եղել պետական մակարդակով, ինչի մասին վկայող բազմաթիվ փաստեր կան, երբ նախապես ուսումնասիրվել են հայերով խիտ բնակեցված վայրերը, շրջանները, փողոցները և մշակել քարտեզներ: Երկրորդ՝ հեռուստատեսությամբ տարվել է լայնածավալ հակահայկական քարոզչություն, ինչին մասնակցում էին Ադրբեջանի մտավորականության ներկայացուցիչներ: Երրորդ՝ ոստիկանությունը ևս որևէ բան չի արել` կանխելու այդ իրադարձությունները, իսկ հարուցված քրեական գործերը ձևական բնույթ են կրել, քանի որ մեղավորները պատասխանատվության չեն ենթարկվել, ավելին` շտապօգնության բժիշկները կեղծ եզրակացություններ են տվել և սպանվածին ներկայացրել որպես բնական մահով մահացած»,- մանրամասնեց փորձագետը:
Մարինա Գրիգորյանն այս համատեքստում հարկ համարեց ընդգծել, որ Ադրբեջանի խորհրդային ղեկավարությունը և նրան ընդդիմադիր «Ազգային ճակատը» հայերի նկատմամբ գործողությունների հարցում միակարծիք են եղել, և այդպես եղել է միշտ:
«Հակահայկական շարժման հարցում Ադրբեջանի իշխանությունը և ընդդիմությունը միշտ նույն դիրքորոշումն են ունեցել: Ավելին` ադրբեջանցի իրավապաշտպան Արիֆ Յունուսը հոդված էր գրել, որում պնդում է՝ Բաքվի հայկական ջարդերը կազմակերպվել են Հեյդար Ալիևի հրահանգով: Ինչ վերաբերում է Մոսկվայի կենտրոնական իշխանությանը, ապա ամսի 20-ին խորհրդային զորքերը մտան Բաքու, բայց ոչ թե հայերին պաշտպանելու համար, այլ Բաքվի ջարդերի համար պատասխանատու Միխայիլ Գորբաչովը փորձում էր փրկել խորհրդային իշխանությունն Ադրբեջանում»,- ընդգծեց նա՝ նշելով, որ 29 տարի Ադրբեջանը փորձում է ամեն կերպ մոռացնել տալ Բաքվի ջարդերը, որոնք Սումգայիթյան ջարդերի անպատժելիության հետևանքն էին:
Հավելենք, որ karabakhrecords.info-ում կարող եք մանրամասն ծանոթանալ Բաքվի, Սումգայիթի և Մարաղայի դեպքերին: