Մեկ ամիս առաջ, Ադրբեջանական «Հ1»-ով՝ «İctimai TV»-ով, ցուցադրվեց մի տեսանյութ, որում տեսնում ենք, որ Ադրբեջանը Մռավի լեռնաշղթայի տակով (միջով) լայնամասշտաբ թունելային շինարարություն է իրականացնում՝ Քարվաճառի շրջանը կապելով նրանից հյուսիս գտնվող երբեմնի հայկական, ներկայում ադրբեջանաբնակ վարչական մյուս շրջանների հետ. գրում է ռազմական փորձագետ Արթուր Եղիազարյանը:
«Նախորդ հարցազրույցում այս մասին էի խոսում։ Մեկ ամիս առաջ, Ադրբեջանական «Հ1»-ով՝ «İctimai TV»-ով, ցուցադրվեց մի տեսանյութ, որում տեսնում ենք, որ Ադրբեջանը Մռավի լեռնաշղթայի տակով (միջով) լայնամասշտաբ թունելային շինարարություն է իրականացնում՝ Քարվաճառի շրջանը կապելով նրանից հյուսիս գտնվող երբեմնի հայկական, ներկայում ադրբեջանաբնակ վարչական մյուս շրջանների հետ։
Շինարարությունն իրականացնում է թուրքական ամենահզոր շինարարական ընկերություններից մեկը՝ «Cingiz construction»-ը։ Միլիարդավոր դոլարներ են դրվել այդ աշխատանքն իրականացնելու համար։
Հարց է առաջանում, թե հետպատերազմյան այս ժամանակաշրջանում, երբ նույն Ադրբեջանում հազար խնդիրներ կան լուծելու, ի՞նչ կարիք կար այսպես արագ ու ծախսատար աշխատանքներ իրականացնել տնտեսություն չունեցող շրջանի հետ կապ ստեղծելու համար, որտեղ անգամ բնակչություն դեռևս չկա։
Կարծում եմ դա արվում է նրա համար, որ շուտով փորձելու են արագ լուծում տալ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանային հարցերին, որոնք ցավոտ են լինելու առանձնապես հենց հայերի համար։ Ու որպես «սրտի մխիթարանք», առաջնորդվելով «20-ականների» քարտեզներով (որոնցում Խորհրդային Հայաստանը ֆիզիկապես սահմանակցում էր ԼՂԻՄ-ի հետ), ինչ որ մի հարցում «հայանպաստ» դիրքորոշում էլ պետք է լինի, որ մնացած մասը հանգիստ կուլ տան։ Դա լինելու է ՀՀ-ն հայկական մնացած Արցախի հետ կապող Բերձորով անցնող այսօրվա նեղ ճանապարհը հայերի (ՀՀ-ի կամ (և) Արցախի) ենթակայությանը դե յուրե թողնելով։ Ու երբ (եթե) դա իրականացվի՝ Քաշաթաղի շրջանի հյուսիսային հատվածն ու Քարվաճառի շրջանները կտրվելու են ադրբեջանապատկան մյուս տարածքներից, քանի որ արևմուտքից, արևելքից ու հարավից շրջափակված է մնալու հայկական տիրույթների միջև և միայն հյուսիսային մասում է սահմանակցելու Ադրբեջանի ենթակայության տակ գտնվող շրջաններին, որոնց հետ էլ ճանապարհային կապ գրեթե գոյություն չունի, քանի որ այդ տարածքները բաժանում են խստաշունչ ու անանցանելի Ամուրի (Օմարի) լեռներն ու Մռավի շեռնաշղթան։
Սա իմ անձնական կարծիքն է, թե որքանով էր այն ճիշտ՝ ժամանակը ցույց կտա։
Մռավի լեռնաշղթան ճեղքելով թունելաշինության մասին ադրբեջանական հանրային հեռուստաընկերության տեսանյութը՝ ստորև»։