կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-01-17 20:02
Իրավական

Հինգ տարի անազատության մեջ. ինչպե՞ս չինուհին հայտնվեց «Աբովյան» ՔԿՀ–ում

Կանանց գաղութում՝ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում, ներկայումս պատիժ են կրում 11 օտարերկրացի` ռուս, ուկրաինացի, ուզբեկ, ղազախ, կոլումբիացի, իրանցի, անգամ` պերուացի և չինացի կանայք։

53-ամյա Լիեն Չյուին (հեղ. անունը հրապարակում ենք իր իսկ համաձայնությամբ) Հայաստանում երբևէ դատապարտված միակ չինուհին է: Գեղեցիկ, խնամված, իր տարիքից անհամեմատ երտասարդ երևացող կինն ասում է՝ անազատության մեջ գտնվելու հինգ տարիների ընթացքում այդպես էլ նորմալ հայերեն չի սովորել: Չինուհին դատապարտյալների հետ հաղորդակցվում է մի քիչ անգլերենով, մի քիչ ռուսերենով, մի քիչ էլ հայերենով, սակայն միմյանց հասկանալու ամենահեշտ տարբերակը ժեստերի լեզուն է:

Լիեն Չյուիի հետ զրուցեցինք չինարենի թարգմանչի օգնությամբ: Զրույցի ընթացքում դատապարտյալը երբեմն կատակում էր, երբեմն՝ հուզվում:

Թրաֆիքինգի համար 8 տարվա ազատազրկման դատապարտված կինը շուրջ 2 տարի հարազատներից գաղտնի է պահել, որ անազատության մեջ է: Երկու տարի առաջ չինուհին կորցրել է ամուսնուն: Միակ մարդն, ում հետ այսօր կապ է պահում, որդին է:

Yerkir.am-ը ներկայացնում է Հայաստանում դատապարտված միակ չինուհու կյանքի պատմությունը, օտար միջավայրում հարմարվելու` նրա օրինակն ու քրեական գործում առկա ուշագրավ մանրամասները:

Չինուհիների թրաֆիքինգի գործը՝ բացառիկ

2014-ին բացահայտված` չինուհիների թրաֆիքինգի գործը մեծ հնչեղություն ստացավ: Այն բացառիկ էր նրանով, որ Հայաստանում չինուհիներին թրաֆիքինգի էին ենթարկել հենց իրենց համերկրացիները:

Համաձայն մեղադրական եզրակացության՝ 2014 թվականի հոկտեմբերին ՉԺՀ 3 քաղաքացի, նախնական համաձայնության գալով, խաբեությամբ՝ բարձր վարձատրվող մերսուհու արտագնա աշխատանքով ապահովելու կեղծ խոստում տալով, Չինաստանում հավաքագրել են 4 համաքաղաքացու ու տեղափոխել Երևան, որտեղ 4 չինուհիները ենթարկվել են սեռական ու աշխատանքային շահագործման:

Դատաքննությամբ հիմնավորվել է, որ չինուհիները սեռական շահագործման են ենթարկվել երևանյան  հյուրանոցներցի մեկում գործող մերսման սրահում: Այս գործով տուժող ճանաչված չորս չինուհիները դեռ նախաքննության ընթացքում են հեռացել Հայաստանից: Նրանք իրենց ցուցմունքներում հայտնել են իրենց Հայաստան տեղափոխած անձի անունը: Խոսքը վերաբերում է Լիո Մյաու անունով ներկայացած անձին, որի մասով գործն անջատվել է մայր գործից և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Դատավճռի հիմքում դրվել են տուժողների` նախաքննության ընթացքում տրված ցուցմունքները:

Գործով մեղադրյալներից երկուսը՝ Լիեն Չյուին և նրանից 15 տարով փոքր Չուան Վանգը (տղամարդ), մեղավոր են ճանաչվել իրենց հայրենակցուհիներին կեղծ խոստումներով հավաքագրելու, Հայաստան տեղափոխելու և «չինական մերսման» անվան տակ նրանց սեռական ու աշխատանքային շահագործման ենթարկելու համար և դատապարտվել 8-ական տարվա ազատազրկման: Չուան Ճոնգ Ճիի Վանգը ներկայումս պատիժ է կրում ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում, իսկ դատապարտյալ Լիեն Ֆընգ Վան Չուն Չյուին` ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում:

Գործի նախաքննության ընթացքում ամբաստանյալների շահերը պաշտպանել է փաստաբան Ավագ Լալայանը: Հետագայում նրանց պաշտպանությունը ստանձնել է փաստաբան Դավիթ Հունանյանը:

Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում գործը քննվել է դռնփակ պայմաններում, և լրագրողները հնարավորություն չեն ունեցել լուսաբանելու դատավարության ընթացքը: Yerkir.am–ի լրագրողը երբ դատարանում նկատել է Չինաստանի դեսապանատան ներկայացուցչին և հետաքրքրվել գործով, դեսպանատան աշխատակիցը զարմացել է, թե ինչպես է նա տեղեկացել, որ նման գործ է քննվում:

Ինչո՞ւ է չինական կողմը գաղտնի պահում իր քաղաքացիների հետ կատարվածը

Հայտնի է, որ Չինաստանում ուժեղացված վերահսկողություն է սահմանված լրատվական կայքերում և սոցիալական ցանցերում լուրերի տարածման նկատմամբ: Այս երկրում փակ է անգամ «Ֆեյսբուք» սոցիալական կայքը: Հավանաբար, սա էր պատճառը, որ չինական լրատվամիջոցներում Հայաստանում կատարված թրաֆիքինգի դեպքի վերաբերյալ որևէ տեղեկություն չկար: Չինական կողմը, հաշվի առնելով գործի բնույթը, ամեն ինչ արել է, որպեսզի Չինաստանում իրենց քաղաքացիների հետ կատարվածի վերաբերյալ ինֆորմացիոն արտահոսք չլինի:

Ինֆորմացիոն դաշտում իր փակ քաղաքականությամբ աչքի է ընկնում նաև Հայաստանում Չինաստանի դեսպանատունը: Yerkir.am-ը Հայաստանում պատիժ կրող չինացի դատապարտյալների հարցով երեք անգամ դիմել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին, սակայն թե’ մեր գրավոր և թե’ բանավոր հարցերին դեսպանատունն այդպես էլ չարձագանքեց:

Ի դեպ, «Աբովյան» ՔԿՀ-ում պատիժ կրող Լիեն Չյուին Yerkir.am-ին տեղեկացրեց, որ դեսպանատան աշխատակիցն այս տարիների ընթացքում մի քանի անգամ այցելել է իրեն, օգնել, որպեսզի կապ հաստատի հարազատների հետ և այլն:

Խոհարա՞ր, թե՞ կավատ

Լիեն Չյուին Yerkir.am-ին պատմեց, որ մինչ Հայաստան գալը Շրի Լանկայում խոհարար է աշխատել: «Այնտեղ մի ընկեր ունեի, ով ասաց, որ Հայաստանում խոհարարի գործ կա: Ես էլ զանգեցի, հետաքրքրվեցի: Պայմանավորվեցի տնօրենի հետ, ով խոստացավ, որ Հայաստանում ամսական 10.000 չինական յուան (հեղ. համարժեք է շուրջ 2000 դոլարին) գումար կստանամ, ես էլ համաձայնեցի»,-պատմեց նա:

Չինուհու խոսքով` ինքը երևանյան հյուրանոցներից մեկում մեկ ամիս խոհարար է աշխատել, սակայն չի վարձատրվել: Կինը պնդում է, որ մինչև Հայաստան գալը չի ճանաչել 4 տուժողներին: «Ես Շրի Լանկայից հետո գնացել եմ Չինաստան, մի քանի օր անց միայնակ եկել Հայաստան: Ես այդ աղջիկների և Չուան Վանգի հետ ծանոթացել եմ Երևանում»,- ասաց նա:

Լիեն Չյուիի խոսքով՝ բոլորը, այդ թվում` ինքը, գտնվել են Լիո Մյաու անունով ներկայացած տնօրենի վերահսկողության տակ, նրանից հեռախոսով առաջադրանքներ են ստացել: «Այդ տնօրենն է 4 աղջիկներին բերել Հայաստան: Ես նրանց նախկինում չեմ ճանաչել: Նա որպես Լիո Մյաու է ներկայացել, բայց հետո ոստիկաններն ինձ ասացին, որ նրա իսկական անունը Ցին Չու Մեյ է»,-պատմեց կինը և հավելեց, որ այդ մարդը մինչև բացահայտումն է հեռացել Հայաստանից:

Չինուհի դատապարտյալը, մտաբերելով իրեն և մյուս 4 աղջիկներին բերման ենթարկելու օրը, հուզվեց. «Գիշեր էր, երբ ոստիկանները եկան հյուրանոց: Ես չէի հասկանում, թե ինչ է կատարվում: Այդ աղջիկներից մեկն անգամ ինչ հարցրեց, թե ի՞նչ է կատարվում: Այդ ժամանակ մեզ Հայաստան բերած տնօրենն այնտեղ չէր, դրա համար էլ ամբողջը բարդեցին իմ ու Չուան Վանգի վրա` ասելով, թե իբր մենք հանցակիցներ ենք»:

Չինուհու խոսքով՝ գործով 4 տուժողները նախկինում Չինաստանում և այլ երկրներում մարմնավաճառությամբ են զբաղվել: «Այդ 4 աղջիկները Երևանում և' մերսում էին իրականացնում, և' մարմնավաճառությամբ զբաղվում: Նրանք հասուն կանայք էին՝ 26-40 տարեկան: Երեխա չեն, որ նրանց կարողանային խաբել և թրաֆիքինգի ենթարկել, նրանք իրենց կամքով են սեռական ծառայություններ մատուցել հայ տղամարդկանց:

Լիեն Չյուին հայտնեց, որ իր հետ դատապարտված Չուան Վանգի հետ ևս Հայաստանում է ծանոթացել: Ըստ նրա՝ Վանգն այստեղ, որպես հաշվապահ է աշխատել և զբաղվել է ֆինանսական հարցերով, թեև նրան իրավապահները որպես մենեջեր են ներկայացրել:

Չինուհին պնդում է, որ իրականում ինքն էլ է տուժող՝ աշխատանքային թրաֆիքինգի զոհ: «Իրականում ես էլ եմ տուժել, ինձ բերել, աշխատացրել են և աշխատավարձ չեն տվել: Ավելին` մի բան էլ ես եմ այդ տնօրենին գումար տվել, որ իմ վիզայի հարցերը լուծի»,-ասաց նա:

Դատապարտյալը պատմեց, որ երկու տարի հարազատներին չի հայտնել իր հետ կատարվածի մասին: Նախորդ տարի մահացել է ամուսինը, իսկ նրա մայրը ծանր հիվանդությամբ է տառապում: Ներկայումս միակ մարդը, ում հետ չինուհին կապ է պահում, 27-ամյա որդին է: «Մայրս ծանր հիվանդ է, չեմ ցանկանում, որ նա իմանա այս մասին»,- ասաց նա:

«Աբովյան» ՔԿՀ-ի օտար միջավայրում հարմարվելը չինացի դատապարտյալի համար հեշտ չի եղել: Լիեն Չյուին խոստովանում է՝ ավելի հեշտ լեզու է գտնում այլ երկրների քաղաքացիների, քան հայ կանանց հետ: Նա անազատության մեջ գտնվելու հինգ տարիների ընթացքում կալանավայրի աշխատակազմի համար խնդիրներ չի ստեղծել: ՔԿՀ-ում ասում են՝ կոնֆլիկտային չէ, հանգիստ վարքագիծ ունի, հարմարվող է:

Մեզ հետ զրույցում Լիեն Չյուին հայտնեց, որ շատ է ցանկանում վճարովի աշխատանք ունենալ: Քանի որ Հայաստանում չինուհին հարազատներ չունի, ստիպված է բավարարվել օրենքով իրեն հասանելիք խնամքի և այլ պարագաներով: Քրեակատարողական հիմնարկում մեզ տեղեկացրեցին, որ չինուհի դատապարտյալին վճարովի աշխատանքում ներգրավելու հարցը քրեակատարողական ծառայության օրակարգում է. խնդիրը դատապարտյալի՝ Հայաստանում կեցության իրավունք չունենալն է: 

Նշենք, որ, համաձայն ՀՀ քրեակատարողական օրենսգրքի, դատապարտյալը հնարավորության դեպքում ապահովվում է աշխատանքով, որի կարգը և պայմանները սահմանվում են ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգով: Նույն օրենսդրությամբ սահմանված է, որ դատապարտյալն ունի աշխատանքի վարձատրության իրավունք։

Չինացիներից հրապարակային ներողություն չեն խնդրի

Դեռևս 2015-ին Հայաստանում դատապարտված երկու չինացիները և նրանց պաշտպանը քաղաքացիական գործով հայց էին ներկայացրել դատարան՝ ընդդեմ ՀՀ քննչական կոմիտեի, ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ ավագ քննիչ Տիգրան Կիրակոսյանի, Հայաստանի Հանրապետության: Այս գործով, որպես երրորդ անձ, ներգրավվել էր «Ար» հեռուստաընկերությունը:

Դատապարտյալները պահանջում էին պատասխանողներին պարտավորեցնել հրապարակայնորեն ներողություն խնդրել է «Ար» հեռուստաընկերության կողմից պատրաստված «Չինուհիներին ստիպել են, որ, մերսելուց բացի, նաև մարմնավաճառությամբ զբաղվեն» տեսանյութի համար: Հիշյալ տեսանյութում, ըստ հայցվոր կողմի, խոսվում է հայցվորների կողմից թրաֆիքինգ կատարելու մասին, քննչական կոմիտեի ՀԿԳ ավագ քննիչ Տիգրան Կիրակոսյանը նյութեր է հրապարակում քրեական գործից, բացի այդ` տեսանյութում ցուցադրվել են հայցվորների անձնագրերի պատճենները` հստակ երևում են նրանց նկարները, անունները և անձնագրային տվյալները:

Գործով որպես պատասխանող ներգրավված քննչական կոմիտեն պատճառաբանել է, որ տեսանյութը պատրաստվել է մինչդատական վարույթի ավարտից հետո՝ նախաքննության տվյալների հրապարակման թույլատրելիության ժամանակահատվածում: Ավելին, ըստ ՔԿ-ի, տեսանյութում պաշտոնատար անձանց կողմից հայցվորների հանդեպ վիրավորական կամ զրպարտիչ արտահայտություններ չեն հնչել:

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Սուքոյանի՝ 2017թ. հունիսի 14-ի վճռով` չինացի դատապարտյալների և նրանց պաշտպանի հայցը մերժվել է՝ հաստատմամբ, որ պատասխանողի կողմից հրապարակված տեղեկատվությունը չի կարող համարվել զրպարտություն:

Չինուհուն չեն արտահանձնի

«Ինձ դատարանում ասացին, որ ես կարող եմ վեց տարի անց տեղափոխվել և պատժի կրումը շարունակել Չինաստանում»,- մեզ հետ զրույցում ասաց դատապարտյալը՝ նշելով, սակայն, որ ինքը չի ցանկանում պատիժը կրել Չինաստանում: Պատճառները մի քանիսն են: «Նախ, ես այնտեղ բազմաթիվ բարեկամներ ունեմ և չեմ ցանկանում, որ նրանք իմանան այս խայտառակության մասին: Բացի այդ` տեղյակ եմ, որ այնտեղ ավելի խիստ է»,- ասաց նա:

Նշենք, որ Չինաստանի քրեական օրենսգրքում թրաֆիքինգի համար նախատեսված պատիժը գերազանցում է 10 տարվա ազատազրկումը՝ կախված թրաֆիքինգի ենթարկված անձանց տարիքից և թվից: Չինաստանը դասվում է այն երկրների շարքը, որտեղ դեռ մահապատիժ է կիրառվում: Մահապատիժը ներկայումս իրականացվում է ներարկման միջոցով և կիրառվում է 46 հանցագործությունների դեպքում, այդ թվում`  թմրամիջոցների խոշոր չափերի անօրինական շրջանառության համար:

Չինացի դատապարտյալի արտահանձնման իրավական ընթացակարգերի հետ կապված տեղեկություն ստանալու համար դիմել էինք ՀՀ արդարադատության նախարարություն: Yerkir.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան` նախարարությունից հայտնեցին, որ Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև դատապարտյալների փոխանցմանն առնչվող երկկողմ միջազգային պայմանագիր դեռևս չի ստորագրվել:

«Հարկ ենք համարում նշել, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 54.1-րդ գլխի համապատասխան հոդվածներով սահմանված կարգով` քրեական գործերով իրավական օգնություն կարելի է ցույց տալ նաև միջազգային պայմանագրի բացակայության պարագայում` փոխադարձության հիման վրա»,- ասված է մեզ ուղարկված պատասխանում:

Նախարարությունից միաժամանակ տեղեկացրեցին, որ Հայաստանում պատիժ կրող դատապարտյալներ Չուան Ճոնգ Ճիի Վանգին և Լիեն Ֆընգ Վան Չուն Չյուիին պատժի մնացած մասը կրելու նպատակով Հայաստանի Հանրապետությունից Չինաստանի Ժողովրդական Հանրապետությանը փոխանցելու խնդրանք ՀՀ արդարադատության նախարարությունը չի ստացել ո'չ դատապարտյալներից, ո'չ էլ ՉԺՀ իրավասու մարմիններից:

Լիեն Չյուին հույս ունի, որ իր գործը կվերաբացվի, և իր անմեղությունը կապացուցվի, թեև ինքն էլ հստակ գիտակցում է, որ Չինաստան կարող է վերադառնալ լավագույն դեպքում 3 տարի հետո, եթե, իհարկե, մինչ այդ պայմանական վաղաժամկետ ազատ չարձակվի:

«Ես չգիտեմ վերադառնալուց հետո ինչ կլինի, ես հիմա ամենից շատ մտածում եմ մորս մասին...»,- ասաց նա:

Չինուհի դատապարտյալը ներում է հայցում նախագահից

2018 թվականի նոյեմբերի 6–ին ուժի մեջ մտավ Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ համաներում հայտարարելու որոշումը։ Հայաստանի երրորդ Հանրապետության ամենախոշոր համաներման ակտը, սակայն չի տարածվի Լիեն Չյուի վրա, քանի որ ՀՀ ՔՕ 132–րդ հոդվածի (Մարդու թրաֆիքինգը կամ շահագործումը) հատկանիշներով նախատեսված հանցանք կատարելու համար դատապարտված անձանց նկատմամբ համաներում չի կիրառվելու։
Փոխարենը չինացի դատապարտյալը մտադիր է ներման խնդրագրով դիմել Արդարադատության նախարարությանը։

Նշենք, որ օրենքով սահմանված կարգով՝ Արդարադատության նախարարությունը կազմում է դատապարտյալի անձնական գործը և ներկայացնում վարչապետին, որից հետո վարչապետը 5-օրյա ժամկետում այն ներկայացնում է ներման հանձնաժողովին՝ խորհրդատվական բնույթի զեկույց ստանալու համար: Այնուհետև վարչապետի առաջարկությունը՝ ներում շնորհելու կամ մերժելու վերաբերյալ ներկայացվում է հանրապետության նախագահին, որն էլ ի վերջո ստորագրում է ներման հրամանագիրը։

Հ. Գ. Թրաֆիքինգի վերաբերյալ գործից մանրամասներ ներկայացրել ենք դատապարտյալի համաձայնությամբ` հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ այս գործով առկա է օրինական ուժի մեջ մտած դատավճիռ:

Թագուհի Մելքոնյան

Չինարենից թարգմանությունը՝ Գայանե Գյուլնազարյանի