Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը մի խումբ փաստաբանների հետ եղել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի մոտ, որտեղ պետք է տեղի ունենար Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը կալանքով փոխարինելու ՀՀ դատախազության բերած վերաքննիչ բողոքի քննարկումը:
ՀՀ փաստաբանների պալատի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Արա Զոհրաբյանը զրուցել է Մանվել Գրիգորյանի կալանքը պահանջող ցուցարանների հետ, որի ընթացքում ներկայացվել է օրենքի այն սահմանումները, որով արգելվում է փաստաբանին նույնականացնել իր պաշտպանյալի հետ: Նա բացատրել է ակտիվիստներին, որ յուրաքանչյուր անձ իրավունք ունի իրավական օգնության: «Հետագայում, դիցուք, Մանվել Գրիգորյանը, եթե պատասխանատվության ենթարկվի այս ամենը դիտարկվելու է որպես ճնշում փաստաբանի նկատմամբ, ճնշում դատարանի նկատմամբ և համարվելու է, որ անձի պաշտպանական իրավունքը խախտված է»,-նշել է Արա Զոհրաբյանը:
Ակտիվիստների ներկայացուցիչ Ջիվան Աբրահամյանը ներկայացրել է, որ Մանվել Գրիգորյանի փաստաբանը դուրս է եկել դատապաշտպանի լիազորություններից և իրեն իրավունք է վերապահել ժողովրդին վիրավորել: Այս պնդմանը Արա Զոհրաբյանը պատասխանել է հարցադրումով․ «Այդ պատճառաբանությամբ դուք մտադիր եք ինքնադատաստան տեսնե՞լ փաստաբանի նկատմամբ»:
«Բացարձակապես, ժողովրդից ոչ ոք, օրենքից բացի այլ մեխանիզմով ոչ մի գործողություն չի կատարելու: Մենք Մանվելի փաստաբանին ոչինչ չենք անելու»,-նշել է ակտիվիստ Ջիվան Աբրահամյանը:
Պալատի նախագահը խոսքն ուղղելով Ջիվան Աբրահամյանին նշել է՝ «եթե փաստաբանը ոչ իրավաչափ վարքագիծ է դրսևորում, դրա համար հարթակ կա: Մենք էլ Փաստաբանների պալատում ադեկվատ ռեակցիա ենք տալիս նմանատիպ դեպքերում: Ուզում եմ ասել, եթե դուք էլ փաստաբանի կողմից կնկատեք այդպիսի վարքագիծ, դիմե՛ք Փաստաբանների պալատին: Վստահեցնում եմ ձեզ, մենք դա քննարկման առարկա կդարձնենք: Թափանցիկ կլինի»:
Զրույցի ավարտին, ակտիվիստների ներկայացուցիչը և Պալատի նախագահը իրենց միջև ձեռք բերված պայմանավորվածությունն ամրագրել են ձեռքսեղմումով: