կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-12-27 16:49
Առանց Կատեգորիա

Ի՞նչ ենք փնտրում Դաշնակցության շուրջ ու չենք գտնում

Ի՞նչ ենք փնտրում Դաշնակցության շուրջ ու չենք գտնում

Ոչ ոք չի կարող ինձնից ավելի լավ իմանալ, թե ինչ է կատարվում իմ ընտանիքում: Իսկ եթե ընտանիքը նաև ավանդական հայկական ընտանիք է, և նրա անդամները ներքին խոսակցություններն ու հարաբերությունները տան չորս պատերից դուրս քննարկման նյութ չեն դարձնում, առավել ևս անհնար է, որ «դուրսը» շատ ավելին իմանա այդ ընտանիքի մասին, քան ընտանիքի անդամներն` իրենք:

Ինչու եմ սա ասում: Վերջերս մի քանի հրապարակումներ տեսա հայաստանյան լրատվամիջոցներում, որոնցում «անդրադարձ» կար իմ ընտանիքի` Դաշնակցության ներքին կյանքին: Չէի ասի, թե զարմացա, բայց տհաճություն, այնուամենայնիվ, զգացի, որովհետև առանձնապես հաճելի չէ, երբ «ուրիշից» բաներ ես լսում քո ընտանիքի մասին, որոնք կապ չունեն ոչ ընտանիքիդ, ոչ քեզ և ոչ էլ նույնիսկ հեռավոր ազգականիդ հետ: Մի խոսքով` բամբասանք:

Նման «հրապարակումները» ԱԺ արտահերթ ընտրություններից հետո սովորաբար այսպիսի նախամուտք ունեն. «Մամուլում լուրեր են շրջանառվում, որ հաշվի առնելով խորհրդարանական ընտրություններին ՀՅԴ-ի գրանցած արդյունքները, Դաշնակցության վերնախավում փոփոխություններ են լինելու»: Բնականաբար, անհնար է գտնել որևէ քաջատեղյակ աղբյուր, որից մամուլը նման «տեղեկություն» է քաղել և դրել շրջանառության մեջ: Այսինքն, սա ավելին չէ, քան ձեր հարևանուհին մեկ ուրիշ հարևանուհու հետ իր զրույցն սկսի այսպես. «Ախչի, բա լսե՞լ ես, ասում ա…»: Վերնագիր են դնում. «Դաշնակցությունում բունտ է հասունանում»: Չէ, հա… 128 տարի Դաշնակցությունում բունտ չի եղել, հիմա՞ պետք է լինի: Ես այդ 128 տարիներից վերջին 28 տարում գոնե չեմ հիշում մի դեպք, որ Դաշնակցությունում ինչ-որ բան հասունացած լինի առանց դաշնակցականների գիտության: Սա գեղեցիկ խոսք չէ, ոչ էլ դաշնակցականներին և Դաշնակցությանը մյուսներից շահեկանորեն տարբերակելու փորձ: Սա, որպես կառույց` Դաշնակցության առանձնահատկությունն է, Կանոնագիրը, եթե կուզեք` քաղաքական մեծ ընտանիքում ավանդույթների պահպանության և շարունակականության պատճառը: Դաշնակցությունից վերցրեք Կանոնագիրը, և այն կփլուզվի: Այդ «բարալիկ» գրքույկում ասված է մի շատ պարզ բան` դաշնակցական ժողովն է որոշումներ կայացնում տվյալ ժամանակահատվածի համար, իսկ ժողովների միջակայքում` տվյալ ժողովի ընտրած մարմինը:

Մարմինների կայացրած որոշումներն ու ձեռնարկած քայլերն անխտիր քննարկման նյութ են դառնում հաջորդ ժողովներում, մարմինները հաշվետվություն են ներկայացնում իրենց ժողովներին: Բացի այդ` կուսակցական կյանքի ողջ անցուդարձը դաշնակցականների աչքի առջև է՝ համապատասխան գրությունների ու շրջաբերականների շնորհիվ, որոնք վերից վար իջնում են մինչև խմբեր ու քննարկման նյութ դառնում խմբային ժողովներում: Ժամանակին այդ գրությունները փոխանցվում էին սուրհանդակների, զինատար խմբերի, քարավանների միջոցով, մեր դարում` նորին մեծություն համացանցի: Եվ այսպես` արդեն 128 տարի:

Այս օրերին հայաստանյան մամուլի, այսպես կոչված, «ներդաշնակցական պրպտումները», որպես կանոն, տպավորություն են թողնում, որ ինչ-ինչ շրջանակներ փորձում են Դաշնակցության շուրջ աժիոտաժ ստեղծել առաջիկա Ընդհանուր ժողովից առաջ: Ո՞ւր էր, թե այս ամենը լիներ պարզ հետաքրքրասիրության հետևանք: Սեփական արշիններն առած` Դաշնակցություն են չափում: Ջիվանին կասեր` խելքի աշեցեք: Թե ինչ արդյունքներ են տվել այդ չափումները` դատեք ինքներդ: Հայաստանյան մամուլը բազմիցս անդրադարձել է Դաշնակցության «դրսի և ներսի հակասություններին»: 2008-ին գրում էին, որ «դուրսը» դժգոհ է Սերժ Սարգսյանի հետ կոալիցիա կազմելու` «ներսի» որոշումից: 2009-ին արդեն հայաստանյան մամուլն ինձ համոզում էր, որ «դուրսը» դժգոհ է կոալիցիան լքելու` «ներսի» որոշումից: Տրամաբանության նշույլ կա՞ այստեղ: Գոնե ես տրամաբանություն չեմ տեսնում այստեղ, որովհետև թե մեկ և թե մյուս որոշումը կայացվել է ՀՅԴ հայաստանյան կառույցի ղեկավար մարմնի կողմից (ՀՅԴ ԳՄ), որն իր հերթին չի կարող «դժգոհել», օրինակ, ՀՅԴ ԱՄՆ արևմտյան կամ արևելյան կառույցների ղեկավար մարմինների որոշումից` սատարել Թրամփի՞, թե՞ Քլինթոնի թեկնածությանը: Դաշնակցության մեջ սա կոչվում է կազմակերպական ապակենտրոնություն, որ ես սիրով խորհուրդ կտայի նաև մեր մյուս կուսակցություններին, որոնք մեկ անձի մատի շարժումից այն կողմ ոչինչ չեն տեսնում:

Ինչեր չեն ասել ու գրել ՀՅԴ «վերնախավի երկարակեցության» և այդ պատճառով շարքերում եղած «դժգոհությունների» մասին: Ավելորդ է ասելը, որ հայաստանյան մամուլը դա անում է իրեն հատուկ մի «բանիմացությամբ», որի վրա չգիտես լաս, թե խնդաս: Դեռ մի կողմ թողնենք այն փաստը, որ Հայաստանում գրանցված 80 կուսակցություններից ոչ մեկի հանդեպ մամուլն այնպիսի հետաքրքրասիրություն չի ցուցաբերում, ինչպիսին Դաշնակցության նկատմամբ: Դա ինչ-որ տեղ բնական է, բայց կուսակցությունների միջև նման ցցուն խտրականություն դնելն էլ մի բան չէ: Կարող ենք հայտնվել ծիծաղելի իրավիճակներում: Ինչո՞ւ չենք գրում ՀՀՇ-ՀԱԿ-ի, ՀՀԿ-ի, ՕԵԿ-ի, ԲՀԿ-ի, «Ժառանգության» և մյուսների վերնախավի ու շարքերի «հարաբերությունների» մասին: Գուցե չկա՞ն այդպիսի հարաբերություններ: Ես, առհասարակ, չեմ հիշում, որ մամուլը գրած լինի շարքային ՀՀՇ-ականների (եղե՞լ են այդպիսիք) և Լևոն Տեր-Պետրոսյանի հակասությունների մասին: Պատկերացնո՞ւմ եք այսպիսի վերնագիր. «ԲՀԿ-ում Գագիկ Ծառուկյանի դեմ բունտ է հասունանում»… Բազմաթիվ կուսակցապետեր ուրիշ կուսակցությունների ցուցակներով պատգամավոր էին դառնում, բայց նրանց կուսակցություններում բունտեր չէին հասունանում, շարքերը չէին բողոքում, չգիտես ինչու:

Ահա և տեղ հասանք: Դաշնակցությունն է այսօր դասական առումով միակ կուսակցությունը Հայաստանում, որտեղ կա կարգապահություն և, միևնույն ժամանակ, քննարկումների և ընտրությունների ազատություն: Տվեք ինձ մեկ կուսակցության անուն, որի ղեկավար մարմնի ընդամենը մեկ անդամի է տրվում հաշվետու ժողովին վճռական ձայնով մասնակցելու իրավունք: Սա ի՞նչ է նշանակում: Սա նշանակում է, որ մեր մամուլի պատկերացրած «դաշնակցական վերնախավն» ավելի թույլ դիրքեր ունի իր վերադաս ժողովում, քան տվյալ կառույցի շարքային պատգամավորները: Հետևաբար, ՀՅԴ «վերնախավում» մոտալուտ փոփոխությունների մասին բամբասելու փոխարեն կարելի է սպասել ժողովի ավարտին, երբ կընտրվի նոր մարմին:

Դաշնակցության երկարակեցության պատճառներից մեկն էլ այն է, որ յուրաքանչյուր նոր մարմին չի կրկնում նախորդին: Փոխվում են դեմքերը, փոխվում է մարմնի անդամների միջին տարիքը, իսկ եթե նույն մարդը թեկուզ 2-րդ, 3-րդ անգամ է ընտրվում տվյալ մարմնի կազմում, ապա պարտավորված է լինում աշխատել ու գործել հերթական ժողովի ու նորընտիր մարմնի որոշումներով: Ասվածի օրինակները մեր առջև են, և ցանկության դեպքում կարելի է ուսումնասիրել ու տեսնել այն բոլոր փոփոխությունները, որ հենց շարքային դաշնակցականների քվեարկություններով են կատարվել՝ ՀՅԴ ղեկավար մարմիններում:

Իսկ եթե ՀՅԴ «վերնախավի փոփոխություն» ասելով հայաստանյան մամուլը հատկապես ՀՅԴ Բյուրոյի կազմի փոփոխությունը նկատի ունի, ապա մեր երկու ձեռքի մատները չեն հերիքի հաշվելու համար, թե որքան փոփոխություններ են կատարվել վերջին 30 տարիների ընթացքում: Ինձ ցույց տվեք մեկ ուրիշ կուսակցություն, որի «վերնախավը» գոնե 4 տարին մեկ փոխվում է 50-60 տոկոսով: Չմտաբերեցի՞ք այդպիսի կուսակցություն: Չեք էլ մտաբերի, որովհետև այդպիսի կուսակցություն պարզապես չկա Հայաստանում: Նույն վիճակն է ՀՅԴ ԳՄ-ի, Երևանի ՔԿ-ի, մարզային կոմիտեների, Երևանի կոմիտեների պարագայում: Հետևաբար, ի՞նչ ենք փնտրում Դաշնակցության շուրջ ու չենք գտնում:

ԷԴԻԿ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ