Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հ.Յ.Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմինը, քննելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը, խոր մտահոգություն է հայտնում առաջադրվող մի շարք փոփոխությունների վերաբերյալ:
Առանց հայեցակարգի, պատշաճ հիմնավորման ու հանրային քննարկման նախարարությունները միավորելու, մի շարք պետական կառավարման մարմիններ վերակազմակերպելու և լուծարելու կառավարության նախաձեռնությունը որևէ քննադատության չի դիմանում։ Խնդրահարույց և կամայական այդ որոշումը հղի է լրջագույն բացասական հետևանքներով։ Չժխտելով օպտիմալացման միջոցով պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունը՝ չկշռադատված և շտապողական ցանկացած քայլ համարում ենք անընդունելի։ Հատկապես անթույլատրելի է Սփյուռքի և Մշակույթի նախարարությունների, որպես առանձին պետական կառավարման մարմինների, գոյությունը հարցականի տակ դնելու մոտեցումը:
Սփյուռքի հետ հարաբերությունները նոր մակարդակի վրա բարձրացնելու, մեծ հայրենադարձություն կազմակերպելու մասին կառավարության հայտարարած նպատակները, թվում էր, պետք է հանգեցնեին հայեցակարգային նոր մոտեցումների որդեգրման։ Սակայն Սփյուռքի նախարարության գործունեությունը վերարժևորելու փոխարեն՝ առանց լայն, համակողմանի հանրային և փորձագիտական քննարկման որոշում է կայացվել լուծարել նախարարությունը։ Համահայկական կառույցի բացը մասամբ լրացնող Սփյուռքի նախարարությունը փակելու որոշումը վստահաբար բացասական արձագանք է գտնելու նաև արտերկրի մեր հայրենակիցների մոտ: Անկախ նրանից, թե վերոնշյալ նախարարությունն իր առջև դրված խնդիրները կարողացել է լուծել, թե ոչ, այն կոչված է ոչ միայն հանդիսանալու արտերկրի ու Հայաստանի հայությանն իրար կապող պետական հիմնական օղակը, այլեւ հայությանը ՄԵԿ ու ԱՄԲՈՂՋԱԿԱՆ տեսնելու գաղափարական մոտեցման դրսևորումն է ։
Սփյուռքի ամրապնդումն ու հզորացումը ռազմավարական կարևոր խնդիր է և հայրենիքի անվտանգության ու առաջընթացի հիմնական երաշխիքներից մեկը:
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը կոչ է անում երկրի իշխանություններին՝ վերանայել կառավարության կառուցվածքի մասին շրջանառության մեջ դրած օրենքի նախագիծը և հատկապես Սփյուռքի նախարարությանը վերադարձնել իր իսկական առաքելությունը՝ ըստ հարկի նորոգված ու բարեփոխված օրակարգով:
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին
21.12.2018