Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը վերջին անգամ տրանսպորտից մեկ շաբաթ առաջ է օգտվել: Երևանի ավագանու նիստից հետո լրագրողների հետ զրույցում նա ասաց. «Մետրոյից եմ շատ օգտվում: Հաճախ եմ ավտոբուսներից և երթուղային «ԳԱԶել»-ներից օգտվում: Չեմ ասում, թե ամեն օր, բայց շաբաթը երկու անգամ ստացվում է»:
Դիտարկմանը` վիճակն, իրոք, ծայրահեղ է, մարդիկ սպասում են լուծումների, քաղաքապետը պատասխանեց. «Ասել եմ և ասում եմ, որ բարեփոխելու ենք և բարեփոխում ենք»:
Իսկ թե ե՞րբ կլուծվի հարցը, քաղաքապետը հիշեցրեց` երբ խոսում էր վարչապետի հետ, այդ հարցի պատասխանը տրվել է: «Դուք խոսակցությունը չեք լսել, ուստի այսօր կարող եմ բացել չակերտները: Նախ` նորից պետք է արձանագրեմ, որ մենք ստացել ենք այս ժառանգությունը: Ուզենք, թե չուզենք` սա ունենք: Ոչ թե մենք ստացել ենք ուղղակի վատ տրանսպորտային համակարգ, այլ ստացել ենք այնպիսի տրանսպորտային համակարգ, որը գրեթե քանդված է: Առաջին հերթին նախորդ իշխանությունները, ցավոք, բազմիցս հայտարարել են, որ իրենք փոխելու են տրանսպորտային ցանցը: Երբ հարցրել են` ե՞րբ եք փոխելու, 2017 թվականին ասել են`այս տարին, 2018-ին ասել են` այս, բայց ոչինչ չի փոխվել: Եվ ինչո՞վ է սա վնաս տվել մեզ. նրանք հերիք չէ` ճիշտ չեն իրազեկել հանրությանը, այն տնտեսվարողներին, որոնք սպասարկում են մեր տրանսպորտային ցանցը, ուղղակի մեսիջ են տվել, որ մենք հեսա փոխելու ենք, և այդ մարդիկ ոչ մի լումա ներդրում չեն արել իրենց տրանսպորտային միջոցների մեջ տարիներ շարունակ, ու եկել, հասել է ուղղակի եզրին այս ամեն ինչը: Երթուղային տաքսիներն իրենց մաշվածության եզրին են հասել, ու սա մեզ «նվեր» են արել նախորդ իշխանությունները»,- շեշտեց քաղաքապետը:
Դիտարկմանը` հիմա իրենք են իշխանության ու իրենցից են պահանջում քաղաքացիները, նա պատասխանեց. «Ես դա գիտեմ, ու օր ու գիշեր մենք աշխատում ենք այս ուղղությամբ, և այն խոստումները որ նրանք տվել են ու չեն անում, մենք ասում ենք ու անելու ենք: Դրա համար չենք ասում` այս տարի, չենք ասում` մյուս տարի կլինի, ու այսպես` 7 տարի շարունակ: Ես ասում եմ` առնվազն երկու տարի ժամանակ է պետք, եթե մենք խոսում ենք ամբողջական ցանցի փոփոխման մասին»:
Նա պարզաբանեց, թե ինչու է առնվազն 2 տարի անհրաժեշտ: «Բրիտանական WYG ընկերությունը, որը քաղաքապետարանի պատվերով կատարել է ցանցի մշակում, տարիներով է դա արել: 10 առաջադրանքից էր բաղկացած այդ ուսումնասիրությունը: Վերջին 9-րդ և 10-րդ ուսումնասիրությունները նրանք նոր են ուղարկել մեզ: Այժմ մենք քոմենթներ ենք արել այս վերջին երկու հատվածի մասին: Նաև ասել ենք` այս, այս հարցերը մեզ չեն բավարարում, հավելյալ ինֆորմացիա է պետք: Նրանք մեր այս քոմենթներին հունվարին, փետրվարին նոր կպատասխանեն, և նրանց պատասխաններից է կախված` մեզ ձեռնտո՞ւ է, թե՞ ոչ: Նոր, այդ պահից սկսած, պետք է ներգրավենք մեկ այլ ընկերության, որ այս տեսական մասը բերի իրական մասի»,- պարզաբանեց Մարությանը:
Հարցին` արդունքում կարո՞ղ ենք ունենալ այնպիսի տարբերակ, որ հրաժարվենք դրանից ու զրոյից սկսենք, նա պատասխանեց` այո, և դա նույնպես ժառանգություն է:
Դիտարկմանն էլ` արդեն միլիոնավոր գումարներ են ծախսվել, Մարությանն արձագանքեց. «Միլիոնավոր գումարներ չեն ծախսվել, և ես չեմ ծախսել: 850 հազար եվրոյի չափով տրամադրվել է այդ ընկերությանը, և նրանք իրենց հիմքում ունեն ուղևորահոսք, որի հիման վրա ստացել են իրենց հաշվարկը: Այդ հաշվարկն արված է 2014 թվականին: Այս պահին անցել է 4 տարի, և մեր թիմը հարց է բարձրացրել` արդյո՞ք նրանց նշած ուղևորահոսքը համապատասխանում է այսօրվա մեր ուղևորահոսքին, իսկ նրանք չեն կարողանում այս հարցին պատասխանել: Նրանք ասում են` մեզ պետք է հավելյալ ուսումնասիրություն, և այդ ուսումնասիրությունը չեն անելու, որովհետև մեծ ուսումնասիրություն պետք է լինի, իսկ այդ դեպքում մենք շատ ժամանակ կկորցնենք: Նրանք անելու են կետային ուսումնասիրություն: Եվ եթե 20%-ից պակաս եղավ շեղումը, կարող ենք հիմք ընդունել այդ թիվը, եթե` ոչ, ապա ամբողջ ուսումնասիրությունը դրվում է հարցի տակ»,- ասաց Մարությանը: