կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-12-17 17:35
Հասարակություն

Իմիգրանտների շարունակական հոսքը Հայաստան թույլ չի տա, որ աշխատավարձերը բարձրանան. տնտեսագետ

Իմիգրանտների շարունակական հոսքը Հայաստան թույլ չի տա, որ աշխատավարձերը բարձրանան. տնտեսագետ

Վերջին ամիսների ընթացքում նկատվում է առանձին ասիական երկներից, մասնավորապես` Հնդկաստանից, Ֆիլիպիններից, աշխատանքային միգրանտների թվի աճ Հայաստանում: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՅԴ «Հրայր Մարուխյան» հիմնադրամի աջակցությամբ ստեղծված Աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակի ներկայացուցիչ, տնտեսագետ Սուրեն Պարսյանը` անդրադառնալով հարցին, թե աշխատաշուկայում օտարազգի աշխատուժի ազդեցությունն ինչպես կանդրադառնա երկրի սոցիալ-տնտեսական նկարագրի վրա:

Նրա խոսքով` վերջին տարիներին գրանցվել է Հնդկաստանի Հանրապետության քաղաքացիների՝ Հայաստանի Հանրապետություն այցելությունների քանակի շեշտակի աճ: Ըստ արտաքին գործերի նախարարության տվյալների՝ 2016 թվականին Հնդկաստանի 3204 քաղաքացի է ստացել ՀՀ մուտքի արտոնագիր, 2017 թվականին՝ 10642, իսկ 2018 թվականի հունվարի 1-ից նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում՝ 28659:

«Հայաստանի տնտեսության և աշխատաշուկայի համար սա բավականին զգալի թիվ է»,- ասաց Պարսյանը և հավելեց, որ դրան նպաստող մի քանի հանգամանք կա:

«Մեր միգրացիոն օրենսդրությունը բավականին «փափուկ» է. շատ հեշտ հնարավոր է  մուտք գործել Հայաստան, նաև` աշխատանք գտնել: Նրանց նաև աջակցում են տեղում գործող բազմաթիվ գործակալություններ, որոնք տրամադրում են փաստաբանական, իրավաբանական ծառայություններ, որոնց արժեքը տատանվում է 30-150 հազար դրամի շրջանակում` կախված երկրից, այդ իմիգրանտի աշխատանք ունենալու հանգամանքից և այլ հարցերից: Այս դաշտը ևս կանոնակարգման ենթակա պետք է դառնա, եթե չենք ուզում ապագայում գործ ունենալ աշխատանքային թրաֆիքինգի երևույթների հետ: Ներկայումս այդ իմիգրանտները հիմնական աշխատում են շինարարության և սպասարկման ոլորտներում: Նրանց թիվը վերջին ամիսներին անընդհատ աճում է, ինչը լուրջ գնահատման և վերլուծության անհրաժեշտություն ունի: Չպետք է բարձիթողի վիճակում թողնել այդ գործընթացը: Այն պետք է հստակ կարգավորվի»,- ասաց նա:

Պարսյանի խոսքով` ներգաղթյալներն օդանավակայանում միանգամից ստանում են մուտքի թույլտվություն: «Արդեն աշխատանքի անցնելու համար հարկավոր է փաստաթղթեր հավաքել և դիմել ոստիկանություն` կեցության կագավիճակ ստանալու համար: Իսկ այդ կեցության կարգավիճակը տրվում է 10 տարով, որից հետո նրանք կարողանում են հանգիստ աշխատել Հայաստանում, և որևէ խնդիր ու սահմանափակում չկա»,- նշեց նա:

Ըստ տնտեսագետի` ասիական երկրներից ժամանող աշխատանքային իմիգրանտների մի մասի դեպքում Հայաստանը տարանցիկ երկիր է դեպի ԵՄ, ԱՄՆ և այլ վայրեր տեղափոխվելու համար:

Հարցին` ի՞նչ վտանգ կարող է լինել իմիգրանտների թվի աճից, Պարսյանը պատասխանեց, որ մեր աշխատանքի շուկան մեծ չէ: «Մոտ 500 հազար աշխատող ունենք, և 30 հազար այլազգիներ են գալիս` որպես աշխատող, որը կազմում է ամբողջ շուկայի 6 %-ը: Եթե այս տեմպը շարունակվի, մեր աշխատաշուկայի վրա զգալի սոցիալական և տնտեսական ազդեցություն կարող է ունենալ: Եթե ամիս ամսվա վրա  իմիգրանտների 10-20 % աճ է ապահովվում, և այդ տենդենցը շարունակվի, ապա 3-4 տարի հետո մենք կունենանք 100 հազարին հասնող աշխատանքային իմիգրանտներ Հայաստանում»,- նշեց նա:

Բացի այդ, տնտեսագետի խոսքով, նրանք պատրաստ են աշխատել ավելի ցածր աշխատավարձով, ինչի արդյունքում աշխատաշուկայից դուրս է մնում ՀՀ քաղաքացին, որն այդ աշխատանքը պետք է բարձր գնով կատարեր: «Դա կխոչընդոտի նաև առանձին ոլորտներում աշխատավարձերի բարձրացմանը: Մենք խոսում ենք` Հայաստանում պետք է աշխատավարձերն աճեն, բայց եթե անընդհատ ունենք աշխատողներ, որոնք պատրաստ են ցածր աշխատավարձով աշխատել, աշխատավարձի աճ առանձին ոլորտներում տեղի չի ունենա: Եթե մեզ գոհացնում է այդ վիճակը ուրիշ բան, բայց, իմ կարծիքով, Հայաստանի մրցակցային առավելությունը չպետք է լինի ցածր աշխատավարձը: Բացի այդ` աշխատանքային իմիգրանտներն օրական աշխատում են 12-14 ժամ, ինչը անթույլատրել է 21-րդ դարի սոցիալական պետությունում»,- եզրափակեց նա: