Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հունիսի 11-12-ը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում գումարված` Եկեղեցիների համաշխարհային խորհրդի` «Ճգնաժամը Սիրիայում. մարտահրավերներ հավատքի համայնքների համար» թեմայով միջազգային խորհրդակցության ավարտին ընդունվեց հայտարարություն:
Հայտարարությունում ասվում է.
«Հունիսի 11-12-ը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով եւ Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի հետ համագործակցաբար Էջմիածնում կազմակերպված խորհրդակցության շրջանակներում հավաքվել էին Սիրիայի, Մերձավոր Արեւելքի Եկեղեցիների խորհրդի, Եկեղեցիների Համաշխարհային խորհրդի, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի եւ Վատիկանի ներկայացուցիչները եւ հոգեւոր առաջնորդները` քննարկելու Սիրիայում շարունակվող ճգնաժամի պայմաններում հավատքի համայնքներին սպառնացող մարտահրավերները:
Մենք հավաքվեցինք հայերի եւ ասորիների ցեղասպանության հարյուրամյակի նախօրեին եւ աղոթեցինք արդարության եւ խաղաղության համար:
Մենք այցելեցինք Հայոց Ցեղասպանության զոհերի հուշահամալիր եւ հիշեցինք բոլոր նրանց, որոնք իրենց կյանքով վճարեցին հավատքի եւ ազգային պատկանելության համար: Այս հավաքը համընկավ նաեւ Հոգեգալստյան տոնին, երբ Սուրբ Հոգին իջավ` միաբանելու բոլոր լեզուներով խոսող հավատացյալներին: Սուրբ Հոգին մեզ մղում է հավատալու, որ միայն մարդկային ջանքերով հնարավոր չէ ձեռք բերել խաղաղություն ու արդարություն բոլոր ժողովուրդների համար:
Դիակոնիկ եւ մարդասիրական օժանդակությամբ եկեղեցիները շարունակում են Սիրիայի ժողովուրդների հանդեպ Քրիստոսի տածած անվերապահ սիրո վկան լինել: Կարեւոր է, որ եկեղեցիները շարունակեն այն մարդկանց կողքին լինել, որոնք ապաստանել են հարեւան երկրներում: Ուստի, մենք խրախուսում ենք համագործակցությունը տարբեր եկեղեցիների եւ եկեղեցական կառույցների միջեւ Սիրիայում եւ միջազգային շրջանակներում:
Այն եկեղեցիներին, որոնք հաշտեցման ուղին են բռնել, մենք կոչ ենք անում շարունակել կամուրջներ կառուցել՝ զարգացնելով երկխոսությունը մուսուլման եղբայրների եւ քույրերի հետ: Մենք երախտապարտ ենք Հայ Առաքելական Եկեղեցուն եւ Հայաստանի կառավարությանը` իրենց երկրում ավելի քան 12.000 սիրիացի փախստականներ ընդունելու համար:
Սիրիայի խնդրին նվիրված միջազգային եւ էկումենիկ խորհրդակցության ժամանակ, որը կազմակերպվել էր Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի կողմից 2014 թ-ի հունվարին, մենք արտահայտեցինք մեր մտահոգությունը Սիրիայում ծայրահեղ բռնության եւ մարդկային աղետի պատճառով տուժած մարդկանց նկատմամբ եւ հստակորեն շարադրեցինք մեր խորը համոզմունքը, որ այդ երկրի ճգնաժամին չպետք է տրվի ռազմական լուծում:
Մոտ չորս ամիս է անցել Ժնեւ 2 խաղաղարական գործընթացի ձախողումից: Մեծ ցավով ենք դիտարկում իրավիճակի վատթարացումը: Մեզ համար նողկալի է տների, դպրոցների, հիվանդանոցների եւ աղոթատեղիների մասսայական եւ համատարած ոչնչացումը: Պատերազմի ներթափանցմամբ հարեւան Իրաք մենք ականատեսն ենք լինում տագնապալի եւ վտանգավոր զարգացումների: Հետեւաբար, խիստ անհրաժեշտ ենք համարում կրկին կոչ անել հակամարտության բոլոր կողմերին՝ հետամուտ լինել զինված հակամարտության եւ թշնամության անհապաղ դադարեցմանը Սիրիայում եւ Իրաքում:
Մենք կոչ ենք անում հանել մարդասիրական նպատակներով դեպի Սիրիա փոխանցվող դրամական փոխանցումների սահմանափակումները, ինչպես նաեւ հումանիտար օգնության արգելափակումը, դադարեցնել զենքի հոսքը, հակամարտության բոլոր կողմերի ֆինանսավորումը եւ դուրս բերել բոլոր օտար զինյալներին:
Մենք պահանջում ենք անմիջապես ազատ արձակել Հալեպի երկու արքեպիսկոպոսներին՝ Հալեպի եւ Ալեքսանդրետայի Հույն Ուղղափառ Մետրոպոլիտ Նորին Սրբազնություն Բուլոսին եւ Հալեպի Ասորի Ուղղափառ Եկեղեցու Մետրոպոլիտ Նորին Սրբազնություն Մոր Յուհաննա Գրեգորիոսին, ինչպես նաեւ Հայր Պաոլո Դալ’Օլիոյին, բոլոր գերիներին եւ անարդարացիորեն բանտարկվածներին:
Այս պայմաններն են ձեւավորում մեր մտադրություններն ու հույսերը մեծ էկումենիկ ընտանիքում եկեղեցիների եղբայրության ճանապարհին՝ հավատացյալ բոլոր ժողովուրդներին խաղաղություն եւ արդարություն բերելու նպատակին ընդառաջ»: