Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Համաշխարհային ֆինանսական ճգնաժամից հետո մի քանի տարի պահանջվեց, որ վերականգնվի արտերկրից Հայաստան ուղարկվող գումարների նախկին մակարդակը: Ավելին՝ դրանք սկսել էին բավականաչափ գերազանցել նախաճգնաժամային ցուցանիշները: Սակայն անցած տարի վիճակը դարձյալ փոխվեց: Մասնավոր տրանսֆերտների հոսքը ոչ միայն վերադարձավ, այլև նույնիսկ մի փրքր զիջեց 2008թ. մակարդակը:
Ֆիզիկական անձանց կողմից ոչ առևտրային նպատակով Հայաստան փոխանցվող գումարներն անցած տարի զգալիորեն նվազեցին: Եթե մինչև սեպտեմբեր դեռեա պահպանվում էր աճի դրական դինամիկան, ապա հոկտեմբերից հետո տրանսֆերտային հոսքերը դարձան բացասական: Տարեվերջից ընդամենը մեկ ամիս առաջ (դեկտեմբերի տվյալները դեռևս չեն հրապարակվել) մասնավոր ոչ առևտրային փոխանցումները կրճատվել են 4,8 տոկոսով:
Համաձայն Կենտրոնական բանկի հրապարակած տվյալների, անցած տարվա 11 ամիսներին բանկային համակարգի միջոցով ընդհանուր առմամբ արտերկրից ոչ առևտրային նպատակով ստացվեց 1 մլրդ 601 մլն դոլար: Հոկտեմբեր-նոյեմբերին արձանագրված կտրուկ անկման հետևանքով տրանսֆերտների հոսքերն այլևս դադարեցին դրական լինել: Տարեսկզբին ակնկալվող 9 տոկոսի փոխարեն 11 ամիսների տվյալներով տրանսֆերտները նախորդ տարվա համեմատ նվազեցին ավելի քան 80 մլն դոլարով: Անցած տարվա 11 ամիսների ընթացքում բանկային համակարգի միջոցով Ռուսաստանից պակաս ստացվեց ընդհանուր առմամբ շուրջ 109,4 մլն դոլար (անկումը՝ 7,5 տոկոս):
Եթե 2013թ. 11 ամիսներին ռուսական շուկայից Հայաստան էր ուղարկվել 1 մլրդ 445 մլն դոլար, ապա անցած տարվա նույն ժամանակահատվածում այդպիսի փոխանցումներն ընդամենը 1 մլրդ 336 միլիոնի շրջանակներում էին: Սա համարժեք է 2008թ. նույն ժամանակահատվածում ռուսական շուկայից ոչ առևտրային նպատակով ուղարկված գումարներին: Այլ կերպ ասած, դրանք վերադարձել են 6 տարի առաջվա մակարդակին, երբ նոր էր սկսվում համաշխարհային ճգնաժամը:
Թեև ռուսական շուկայից ուղարկվող գումարները սկսեցին նվազել տարվա կեսերից, այնուհանդերձ կտրուկ անկում տեղի ունեցավ հոկտեմբեր-նոյեմբերին: Այդ ամիսներին գրանցվեց ռեկորդային նվազում, մասնավորապես 2013թ. նոյեմբերի 147,3 միլիոնի դիմաց անցած տարվա նույն ամսին ստացվեց ընդամենը 95,1 մլն դոլար: Սա նույնիսկ ավելի քիչ է 2009թ. նոյեմբերի համեմատ, երբ գրանցվեց ռուսական տրանսֆերտների ռեկորդային կրճատում»,–գրում է թերթը։
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում։