Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում Հայ Յեղափոխական Դաշնակցությունը ներկայացված չի լինի Հայաստանի Հանրապետության 7-րդ գումարման Ազգային Ժողովում:
Սա պարտություն է, սակայն ոչ` մեր ընտրողների:
Եվ այս պարտության մեջ մենք տեսնում ենք հետեւյալը.
Ա. ընտրողն այսօր իր ձայնը տվեց անհատին, ոչ գաղափարին ու ծրագրին,
Բ. ընտրության մասնակիցների մի ստվար զանգվածն այսօր կենտրոնացած է «ներքին թշնամու» կերպարի վրա ու ապշելու աստիճան անհոգ է արտաքին եւ ներքին վտանգներին հանդիման,
Գ. Դաշնակցության մոտեցումներն այսօր ընկալվում են փոքրամասնության կողմից,
Դ. պատշաճորեն չի կարեւորվում արցախյան գործոնը քաղաքական օրակարգում,
Ե. ձեւավորվում է Ազգային ժողով` առանց հստակ գաղափարական եւ ազգային դիմագծի:
Այս կարճատեւ քարոզարշավը նաեւ կարեւորվեց նրանով, որ մենք՝
Ա. Ստացանք իրատեսական պատկերացում համակիրների այն բանակի մասին, որը կմասնակցի մեր պայքարին: Այդ բանակը փոքրաթիվ է, բայց փոխարենը իրական, նրա որոշումը հստակ է, ոչ մոդայիկ եւ թելադրված է միայն ու միայն ներքին համոզմամբ ու հստակ գիտակցությամբ: Ոչ մի անգիտակից քվե, ոչ մի պատահական մարդ:
Բ. Կարողացանք բանավիճել, բարձրաձայնել մեր մտահոգությունները, հակադարձել վտանգավոր միտումներին, բերել մեր փաստարկները: Այս պահին մեր խոսքը լայն ընկալում չունեցավ ու թերագնահատվեց, սակայն մեզ հաջողվեց ցույց տալ իրավիճակն անտեսված կողմից, մտածելու ու վերլուծելու առիթ ստեղծել ու արթնացնել զգոնությունը: Ժամանակի ընթացքում անկողմնակալ, հայրենիքի ճակատագրով մտահոգ ու Արցախի հիմնախնդրի նշանակությունը ճիշտ պատկերացնող մեր քաղաքացիները կհամադրեն ամեն օր ստացվող նորությունները մեր հնչեցրած մտահոգությունների հետ եւ կգիտակցեն, թե ինչի մասին էինք խոսում, ահազանգում:
Մենք շնորհակալ ենք ՀՅԴ-ին կողմ քվեարկած քաղաքացիներին,
Մենք շնորհակալ ենք մեր երիտասարդներին՝
– անմնացորդ նվիրումի ու կրակոտ էներգիայի համար,
– մեր ընդհանուր գործի մեջ հոգի դնելու համար,
– հայության ամենաազգային եւ ամենապատասխանատու կազմակերպության հետ իրենց կյանքը կապելու համար:
Շնորհակալ ենք մեր շարքերին՝
• ամենօրյա հետեւողական աշխատանքի,
• տարիներով ապացուցված հավատարմության,
• խստապահանջության, դիտողությունների, բայց եւ կարգապահության համար:
Փակվում է պատմության այս փուլը ու գալիս է նորը: Մենք մուտք ենք գործում այդ նոր պատմության մեջ համազգային կուռ կառույցով, ապագայի մեր երազանքով ու պայքարելու վճռականությամբ:
Հայ Յեղափոխական Դաշնակցություն
10 դեկտեմբեր 2018թ.