կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-12-07 11:06
Հասարակություն

Երևանում Չինաստանի նոր դեսպանատան կառուցումը մոտ ապագայում կավարտվի

Երևանում Չինաստանի նոր դեսպանատան կառուցումը մոտ ապագայում կավարտվի

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում  Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Տյան Էրլունին:

Քաղաքապետարանից  հայտնում են, որ ողջունելով հյուրին՝ քաղաքապետ Մարությանը գոհունակությամբ նշել  է Երևանի և Չինաստանի քաղաքների միջև արդյունավետ համագործակցության փաստը: Քաղաքապետը նշել է, որ փոխգործակցության հուշագրեր են կնքվել Երևանի եւ Պեկինի, ինչպես նաև՝ Չինաստանի խոշորագույն քաղաքներից՝ Ցինդաոյի միջեւ: Հայաստանում և, մասնավորապես, Երևանում Չինաստանի կառավարությունը տեխնիկական աջակցության մի շարք ծրագրեր է իրականացրել՝ անհատույց տրամադրելով քաղաքային ավտոբուսներ, շտապօգնության մեքենաներ և այլ տեխնիկա:

Հայկ Մարությանը հույս է հայտնել, որ նաեւ դեսպանության աշխատանքի շնորհիվ Չինաստանի կառավարությունը կշարունակի ծրագրերը տարբեր ոլորտներում, ինչպես նաեւ կխրախուսի չինական բիզնեսի ներկայացուցիչներին՝ ներդրումներ կատարել Երևանում:

Շնորհավորելով Հայկ Մարությանին եւ իր թիմին մայրաքաղաքի կառավարումը ստանձնելու կապակցությամբ՝ դեսպան Տյան Էրլունը համոզմունք է հայտնել, որ այս փոփոխությունը կնպաստի Երևանի զարգացմանը:

Դեսպանը տեղեկացրել է, որ Երևանում Չինաստանի նոր դեսպանատան կառուցման աշխատանքները մոտ ապագայում ավարտին կհասցվեն, և շնորհակալություն է հայտնել քաղաքային իշխանությանը՝ այս հարցում աջակցության համար: Կողմերը պայմանավորվել են շարունակական ջանքեր ներդնել՝ խորացնելու մայրաքաղաք Երևանի և  չինական քաղաքների միջև համագործակցությունը: