կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-12-05 21:15
Արցախ

Գալիք տարում Տիգրանակերտում շարունակվելու են պեղման աշխատանքները

Գալիք տարում Տիգրանակերտում շարունակվելու են պեղման աշխատանքները

«Հուշարձանների վերականգնման և պահպանման ծրագրով» 2019 թվականի պետական բյուջեից նախատեսվում է հատկացնել 120 մլն դրամ՝ 2018 թվականի 100 մլն դրամի դիմաց:

 «Արցախպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ այս մասին ասել է ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը՝ մանրամասնելով, որ 2019 թվականին մեծ ուշադրություն է դարձվելու հուշարձանների պահպանության գործընթացին:
 
«Իրականացվելու են աշխատանքներ՝ կապված բնապատմական արգելոցների ստեղծման ու դրանց համակողմանի ուսումնասիրության հետ, ինչպես նաև մեծ տեղ է հատկացվելու հուշարձանների հայտնաբերման և ուսումնասիրման գործին՝ իրականացնելով պեղման-հետազոտական մեծածավալ աշխատանքներ առանձին վերցված հուշարձաններում, որոնք բխում են ոչ միայն Արցախի պատմությունն ուսումնասիրելու և խթանելու գիտական նկատառումներից, այլև այս կամ այն հուշարձանի նախագծային և վերականգնման աշխատանքները լիարժեքորեն բարձր մակարդակով իրականացնելու անհրաժեշտությունից: Վերսկսվելու են հուշարձանների վկայագրման, մոնիթորինգի և պահպանական գոտիների կազմման աշխատանքները: Ընթացքավորվելու են նաև շարունակական բնույթ կրող պեղման-ուսումնասիրման աշխատանքները Տիգրանակերտ հնավայրում: 2019 թվականին կշարունակվեն նաև հուշարձանների վերականգնման, բարեկարգման և նախագծային աշխատանքները»,- ավելացրել է Լ. Հովհաննիսյանը:
 
Իսկ «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ին պետական աջակցության համար նախատեսված է հատկացնել 80 մլն 884 հազար դրամ՝ 2018 թվականի 82 միլիոն 907.1 հազար դրամի դիմաց:
 
«Ծրագրով նախատեսված միջոցներն ուղղվելու են պետական սեփականություն հանդիսացող պատմամշակութային անշարժ հուշարձանների, պատմական միջավայրի, պատմամշակութային հողերի և դրանց հարող տեղանքապատկերների ամբողջական պահպանմանը: Առանձնահատուկ ուշադրության կենտրոնում կմնան պատմամշակութային և բնապատմական արգելոցները, կշարունակվեն դրանց բարեկարգման աշխատանքները, կընդլայնվի այցելուներին մատուցվող ծառայությունների ցանկը»,- նշել է ԱՀ ՄԵՀԶ նախարարը: