կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-03-28 06:50
Մշակույթ

"Երեկը" ` գալիք հաղթանակի սպասումով

"Երեկը" ` գալիք հաղթանակի սպասումով

Հայաստան-Ռուսաստան ընտրական հանդիպման վերլուծությունն սկսենք մարզիչների մեջբերումներով:

Երեկ խաղից հետո հրավիրված մամուլի ասուլիսում Դիկ Ադվոկատը խոսեց հանդիպման մասին. «Ինչպես երեկ ասացի, խաղում էին երկու թիմեր, որոնք ցանկանում էին հաղթել: Ռուսաստանն ավելի շատ հնարավորություններ ուներ, բայց վերջին որոշիչ պահին ինչ-որ բան պակասում էր: Մենք խաղացինք շատ ագրեսիվ թիմի դեմ: Դիտելով հանդիպումը` այնքան էլ գոհ չեմ արդյունքից, քանի որ շատ պահեր ունեինք գոլեր խփելու, որոնք չօգտագործեցինք: Հայաստանի հավաքականի մասին ուզում եմ լավ խոսքեր ասել: Թիմը շատ լավ աշխատեց: Եթե Հայաստանը երկրորդը լինի, իսկ մենք առաջինը` լավ կլինի: Հակառակ դասավորությանը ես համաձայն չեմ»:

Իր կարծիքը հայտնեց նաև Վարդան Մինասյանը. «Հանդիպման առաջին 15 րոպեները լավ անցկացրինք, սակայն հետո չգիտեմ ինչ կատարվեց թիմի խաղի հետ: Ընդմիջումից հետո տակտիկական փոփոխություններ կատարեցինք, և ինչ-որ բան ստացվեց: Սակայն, ընդհանուր առմամբ, խաղի որակն ինչ չգոհացրեց: Ինչպես ասել էի, մենք ֆունկցիոնալ խնդիրներ ունեինք: Բայց տղաներին շնորհակալություն հայտնեցի երկրորդ կեսի համար, և ամենից կարևորն այն է, որ տղաները բնավորություն ցույց տվեցին: Մենք շատ էինք կպել մեր դարպասին: Պետք է ավելի շուտ սկսեինք դիմավորել մրցակցին»:

Մինասյանը փոքր-ինչ նյարդայնացավ, երբ լրագրողը խնդրեց գնահատել «Եվրո-2012»-ում մեր շանսերը. «Ես երբեք չեմ ասել, որ մենք դուրս ենք գալու «Եվրո-2012»-ի եզրափակիչ փուլ, որ հիմա էլ գնահատեմ հնարավորությունները: Թիմն այսօր բալանսավորված չէր, իսկ ֆուտբոլում, եթե մի ֆուտբոլիստ էլ լավ ֆունկցիոնալ վիճակում չի լինում, ամբողջ խաղը կարող է փչանալ: Եթե հավաքականը լինի ֆունկցիոնալ ավելի լավ վիճակում, մենք բոլորովին այլ խաղ ցույց կտանք»,- եզրափակեց Մինասյանը:

Մեր հավաքականի գլխավոր մարզիչը երկրորդ խաղակեսի սկզբում փոփոխություններ կատարեց, որոնք շատ ճիշտ էին և դրականորեն անդրադարձան խաղի որակի վրա, կատարեց նաև տակտիկական փոփոխություններ, որի համար նա գովասանքի է արժանի:

Մեր թիմն անկախ արդյունքից և որոշ խաղային գոտիներում ունեցած խնդիրներից, որը հիմնականում անփորձության հետ էին կապված, պայքարում էր ամեն գնդակի համար: Հանդիպումն ընթանում էր չափազանց լարված մթնոլորտում, երկրպագուներն անդրդվելի էին, մարզադաշտը մի քանի անգամ պոռթկաց շարունակական ալիքներով, ինչն անկախ Հայաստանի պատմության մեջ երբևէ չէր պատահել:

3 միավորի փոխարեն վաստակեցինք 1-ը, սակայն ավելի վատ էլ կարող էր լինել: Ինչ արած` պետք է չկորցնել հույսը և առաջ նայել:

Ինչևէ, Հայաստանի և Ռուսաստանի հավաքականները կհանդիպեն Սանկտ Պետերբուրգում հունիսի 4-ին: Ինչպես հանդիպման ավարտից հետո մեզ ասացին ռուս երկրպագուները. «Ձեր հավաքականը դեռ երիտասարդ է, բայց արդեն հայտարարել է իր մասին` հաղթելով Սլովակիայի նման ուժեղ թիմի»:

Ֆոտոռեպորտաժը կարող եք դիտել այստեղ

«Երկիր»-ի մարզական մեկնաբան`

Անի ՄԵՋԼՈՒՄՅԱՆ

Ֆոտոռեպորտաժը`  Անդրանիկ ԼԱՎՉՅԱՆԻ