կարևոր
6280 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-17 14:56
Սփյուռք

Գալիք սերունդներին պէտք է ժառանգենք ամուր յենարան, պայքարը շարունակելու եւ դրանից յաղթական դուրս գալու համար. Արամ Շահնազարյան

Գալիք սերունդներին պէտք է ժառանգենք ամուր յենարան, պայքարը շարունակելու եւ դրանից յաղթական դուրս գալու համար. Արամ Շահնազարյան

ՀՅԴ 132-ամեակի առիթով ՀՅԴ Թեհրանի եւ հիւսիսային շրջանի ԿԿ-ի խօսքը

Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը նշում է իր ծննդեան 132-ամեակը:

Մաքառումի, պայքարի, նւիրումի, զոհաբերութեան, պարտութիւնների եւ, մանաւանդ, յաղթանակների տարիներ:

Այսօր, մէկ դար եւ 32 տարիների պանծալի պատմութեամբ է, որ ձեզ հաշւետւութեան ենք ներկայացել:

132 տարին կարող է թւալ անվերջանալի, ձանրացուցիչ մի յաւերժութիւն: Բայց չպէտք է մտահան անել այն իրողութիւնը, որ կազմակերպութիւնների կեանքում ծերութիւնը, ուժասպառութիւնը տարիների թւով չէ, որ չափւում է, այլ՝ կենդանի գործով, նպատակների եւ գաղափարների այժմէականութեամբ:

Առ այդ՝ իր կատարած գործով, հետապնդած նպատակներով եւ իր դաւանած գաղափարներով Դաշնակցութիւնը ինչքանով է ծերացած եւ ինչքանով է մնում թարմ ու երիտասարդ:

Սա է հիմնական հարցը:

Դաշնակցութիւնն ի սկզբանէ եղել է պայքարի, գործի ու մաքառումի կուսակցութիւն եւ այդպէս շարունակել է իր երթը՝ ամբողջ 132 տարի: Դաշնակցութեան երթի ընթացքը ուղենշել է հայկական յեղափոխութեան առաքեալը, Հայ Յեղափոխական Դաշնակցութեան էութեան եւ գաղափարախօսութեան դարբինը՝ Քրիստափոր Միքայէլեանը:

«Չկայ այս աշխարհում աւելի կրթիչ օրինակ, քան գործերի կենդանի օրինակն է:

Չկայ աշխարհի ոչ մի լսարան, որ լինէր ժողովել այնքան ունկնդիրներ, որոնք ունենում է գործի ասպարէզ նետւած յեղափոխական քարոզիչը:

Չկայ ոչ մի ձայն աշխարհումն աւելի հեռու, աւելի մեծ տարածութեան վրայ լսւող, քան գործերի գոռում-գոչիւնն է:

Չկայ ոչ մի լեզու, որով կարելի լինէր խօսել ամբողջ մարդկութեան առաջ հասկանալի խօսքերով, բացի գործերի լեզւից»,- ասել է մեծ յեղափոխականը, որի պատգամի ընդմիջից է, որ իրար յաջորդ դաշնակցական սերունդները գտել են իրենց ուղին լուսաւորող փարոսը, կառչած մնալով գործին ու գաղափարին՝ գերազանցապէս իւրացնելով Դաշնակցութեան հիմնադիր երրորդութեան մէկ այլ հսկայի՝ Ռոստոմի սահմանած յստակ բանաձեւը. «Յեղափոխութիւնը նախ գործ է, յետոյ գաղափար,- այս է ճշմարտութիւնը: Աւելի ճիշտ՝ յեղափոխութիւնը գործ է գաղափարի համար»:

Անշուշտ, գործին եւ գաղափարին նւիրւած յեղափոխական որեւէ կազմակերպութիւն չի կարող ժամանակների յորձանուտում մնալ անփոփոխ: Դաշնակցութիւնը հէնց այդպիսին է. մշտանորոգ եւ այժմէական:

Դաշնակցութեան կեանքի երկար ու ձիգ տարիների ընթացքում փոխւել են պայքարի եւ գործի ասպարէզները, փոխւել են անձնուրաց գործիչները, փոխւել են հայ ժողովրդի գոյութեանը սպառնացող մարտահրաւէրները: Այս բոլոր վերիվայրումների ընթացքում, ըստ պահանջի, Դաշնակցութիւնը փոխել է իր պայքարի զէնքը,  կառոյցն ու գործելակերպը, բայց ոչ գաղափարները, սկզբունքներն ու նպատակները:

Ճիշտ է, որ գործելակերպի որոշ ձեւեր կարող են հնանալ տարիների ընթացքում: Ճիշտ է նաեւ, որ ժամանակը եւ միջավայրը պարտադրում են նոր մտածողութիւն՝ գործող կազմակերպութիւններին, սակայն հիմնական մի առանցք կայ, որ կեանքի եւ գոյատեւման պայման է հանդիսանում՝ անփոփոխ պահելով ապրող մարմնի իսկութիւնը:

Հէնց այդ էատարրը՝ գաղափարական առանցքն է, որն ապրեցնում է Դաշնակցութեանը վերանորոգ կենսունակութեամբ՝ հակառակ տարիների թողած ծանր հետքին:

Այսօր եւս, ինչպէս 132 տարի առաջ, Դաշնակցութիւնը հետապնդում է մէկ նպատակ՝ իր բոլոր միջոցներով ծառայել հայ ժողովրդին եւ Հայաստանին, ապահովել ազգի եւ Հայրենիքի գոյութիւնը, զարգացումը եւ անվտանգութիւնը: Եւ հէնց այս սրբազան նպատակն է, որ ստիպում է Դաշնակցութեանը մնալ պատնէշի վրայ:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Չափազանց ծանր եւ օրհասական օրեր է ապրում մեր Հայրենիքը՝ Հայաստանի եւ Արցախի Հանրապետութիւնները: Վտանգւած է հայոց պետականութեան լինելիութիւնը: Մեզ պատուհասած աղէտի ծաւալները յաճախ թւում են աներեւակայելի:

Չմոռանա՛ք. Հայոց պետականութիւնը հայ ժողովրդի գերագոյն կազմակերպւածութեան մարմնաւորումն է, հաւաքական կամքի դրսեւորումը: Մեր հայրենիքը՝ Հայաստանն ու Արցախը, հայ ժողովուրդը եւ հայոց պետականութիւնն այն հիմնական առանցքն ու կռւանն են, որի վրայ հիմնւելով, նրա առանցքի շուրջ համախմբւելով կարելի է կերտել ամբողջական հայրենիք, ամբողջական հայութեամբ:

Եւ հէնց այդ պատճառով է, որ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան համար Արցախի հարցը կայ եւ մնում է օրակարգային գերխնդիր: Հակառակ միջազգային մեծապետական խաղերի եւ շահերի, թշնամու դէմ Հայաստանի գործող իշխանութիւնների ամբողջական անձնատւութեան եւ հակազգային խարդաւանքների, Դաշնակցութիւնը ի լուր աշխարհի յայտարարում է, որ Արցախի անկախութեան պահպանումը, արցախահայութեան ֆիզիկական անվտանգութեան ապահովումը շարունակում է մնալ մեր գերխնդիրը եւ դրա համար մղւող պայքարը սրբազան պայքար է, որի երթը ոչ ոք չի կարող կասեցնել:

Արցախեան պայքարի ճակատում, Դաշնակցութիւնն ընտրել է հայոց արծւաբնի հայկականութիւնից ոչ մի զիջում ընդունելու ուղին:

Ո՛չ մի զիջում Արցախի ինքնորոշման իրաւունքից:

Ո՛չ մի զիջում Արցախը մայր Հայրենիքին միացնող սահմաններից:

Ո՛չ մի զիջում Արցախի անվտանգութեան երաշխիքներից:

Տեղատւութեան գորշ այս օրերին, երբ ամէն ինչ թւում է կորած ու վերջացած, համազգային թաւալգլոր գահավիժման ընթացքը կասեցնելու, պարտութիւնից յաղթանակ կերտելու, մեր Հայրենիքի անվտանգութիւնը եւ սահմանները վերականգնելու, կորցրածը յետ բերելու եւ Արցախի ազատագրումը յաւերժացնելու եւ ամրագրելու համար մեզ անհրաժեշտ է աննկարագրելի մեծ ճիգ ու ջանք եւ նւիրաբերում: Դաշնակցութիւնը ինչպէս միշտ պատրաստ է այդ նւիրաբերման եւ զոհողութեան, որը կարող է յանուն հայոց պետականութեան պահպանման համազգային նոր, առաւել բիւրեղացած համախմբման առանցքը դառնալ:

 «Հայ ժողովրդին համար, այսօր, վաղը, ինչպէս երէկ, հայրենիքը վտանգի տակ է ու այս պատճառով, հայ ժողովուրդը, ամէն տեղ ու ամէն վայրկեան, իր արիւնէն՝ արիւն եւ իր կենսունակութենէն կենսանիւթ պէտք է հայթայթէ հայրենիքի պաշտպանութեան եւ ապահովութեան գործին»,- Դաշնակցութեան մեծ տեսաբան Սարգիս Զէյթլեանի այս պատգամը, կէս դարւայ խորքից, արդիական կոչնակի պէս հնչում է նաեւ այսօր, երբ Հայրենիքն առաւել, քան երբեւէ մեր նւիրաբերման եւ զոհողութեան կարիքն ունի:

Գաղափարապաշտութեան, յանուն Հայրենիքի եւ հայի նւիրաբերման եւ զոհաբերման այս բարձր գիտակցութիւնը հիմնական էատարրն է եւ նպատակը,  որով եւ շաղւել է Հայ Յեղափոխական Դաշնակցութեան կուռ մարմինն ու ոգին: Դաշնակցականները երիցս ապացուցել են, որ հաւատարիմ են էատարրին ու նպատակին եւ դրանց իրագործման ու պահպանման համար՝ պատրաստ են անանձնանալ, խիզախել եւ զոհաբերել: Ինչպէս դաշնակցական մեծերից Խաժակ Տէր-Գրիգորեանն է ժամանակին ասել. «Բացէք հայ ժողովրդի վերջին հարիւրամեակի պատմութիւնը եւ այնտեղ չէք գտնի ազգային-քաղաքական խիզախումի որեւէ էջ, որի թիկունքում չլինի Դաշնակցութեան գործի եւ շնչի տիրական ներգործութիւնը»:

Սիրելի՛ ներկաներ,

Դաշնակցութեան օրը տօնակատարութիւնից բացի, լաւագոյն առիթ է նաեւ խնկարկելու յիշատակը Հայ Յեղափոխական Դաշնակցութեան յայտնի ու անյայտ այն բոլոր մեռելների, որոնք անանձնացան, խիզախեցին ու ընկան՝  Բանկ Օտոմանում, Խանասորում, Վան-Վասպուրականում, Տարօն-Սասունում, Վիտոշում, Սարդարապատում, Բաշ Ապարանում, Ղարաքիլիսայում, կարմիր Փետրւարում, Լիսբոնում, Լիբանանի ու Սիրիայի քաղաքացիական պատերազմներում, եւ Արցախում, որպէսզի ապահովեն հայ մարդու բարօրութիւնը եւ Հայրենիքի ազատութիւնն ու անկախութիւնը: Մենք այստեղ ենք, որպէսզի վերանորոգ ուխտով պատգամենք նրանց, որ ննջեն խաղաղութեամբ, քանզի դեռ կան դաշնակցականներ, որոնք պատրաստ են անանձնանալ, խիզախել եւ զոհաբերել յանուն մեր մեծ տեսլականի՝ Ազատ, Անկախ եւ Միացեալ Հայաստանի կերտման:

Չմոռանա՛նք. մենք պարտք ենք ոչ միայն անցած ու գնացած դաշնակցական սերունդներին, որոնք ոչինչ չխնայեցին յանուն գաղափարի եւ գերագոյն նպատակի, այլ նաեւ, եւ յատկապէս՝ գալիք սերունդներին, որոնց պէտք է ժառանգենք ամուր յենարան, պայքարը շարունակելու եւ դրանից յաղթական դուրս գալու համար:

Հակառակ միջազգային մեծապետական խաղերի եւ շահերի, թշնամու դէմ Հայաստանի գործող իշխանութիւնների ամբողջական անձնատւութեան եւ հակազգային խարդաւանքների, Դաշնակցութիւնը ի լուր աշխարհի յայտարարում է, որ Արցախի անկախութեան պահպանումը, արցախահայութեան ֆիզիկական անվտանգութեան ապահովումը շարունակում է մնալ մեր գերխնդիրը եւ դրա համար մղւող պայքարը սրբազան պայքար է, որի երթը ոչ ոք չի կարող կասեցնել:

Տեղատւութեան գորշ այս օրերին, երբ ամէն ինչ թւում է կորած ու վերջացած, համազգային թաւալգլոր գահավիժման ընթացքը կասեցնելու, պարտութիւնից յաղթանակ կերտելու, մեր Հայրենիքի անվտանգութիւնը եւ սահմանները վերականգնելու, կորցրածը յետ բերելու եւ Արցախի ազատագրումը յաւերժացնելու եւ ամրագրելու համար մեզ անհրաժեշտ է աննկարագրելի մեծ ճիգ ու ջանք եւ նւիրաբերում: Դաշնակցութիւնը ինչպէս միշտ պատրաստ է այդ նւիրաբերման եւ զոհողութեան, որը կարող է յանուն հայոց պետականութեան պահպանման համազգային նոր, առաւել բիւրեղացած համախմբման առանցքը դառնալ։

Արամ Շահնազարյան