կարևոր
4033 դիտում, 1 տարի առաջ - 2023-01-04 13:50
Քաղաքական

Տեղի է ունեցել շատ լուրջ բան. պաշտոնական Երևանը անոնսել է գալիք աղետը. Վահե Հովհաննիսյան

Տեղի է ունեցել շատ լուրջ բան. պաշտոնական Երևանը անոնսել է գալիք աղետը. Վահե Հովհաննիսյան

Հայրենիքի փրկությունը սեփական հաշվապահությունից դիտարկողները միայն իշխանությունում չեն։ Այս մասին գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» փորձագետ Վահե Հովհաննիսյանը։

«Երկիր Նաիրից՝ 29800 ք/կմ

Հասարակության 90-%ը չի լսել Նիկոլի ձեւակերպումը, լսածների 90-%ը լուրջ չի ընդունել ասվածը։ Իրականում տեղի է ունեցել շատ լուրջ բան. պաշտոնական Երեւանը անոնսել է գալիք աղետը։

Իսկ «Երկիր Նաիրին, բիբլիական ելքը, անապատի միջով քայլելը» սեփական կառավարման օրոք պատմական աղետներին լիրիկական տեսք տալու պարզունակ փորձեր են։

Պատմությունից հայտնի է, որ աղետի չափը եւ կառավարիչների՝ որպես Մեսիա ինքնաընկալումը հաճախ ուղիղ համեմատական են։

Սա ռեալ պրոբլեմ է, որովհետեւ երբ այս գիշատիչ տարածաշրջանում պետությունները կորցնում են ռացիոնալիզմն ու սառը հաշվարկները, կոնկրետ քայլերի եւ կոնկրետ գործողությունների ունակությունը, պետությունները բախվում են աղետի։ Բացառություն կարծես թե չի եղել։

Այսպես որ գնա՝ ռացիոնալ պետականաշինության եւ գրագետ կառավարման փոխարինումը լիրիկայով բերելու է Երեւանի հրդեհմանը (իմա՝ ռմբակոծությանը) եւ Ներոնի անալոգիայով  բանաստեղծություն գրելուն։

Ռազմադաշտից՝ պետություն

Ամենավտանգավորը, սակայն, ոչ թե գործող ղեկավարի ասածն է, այլ նրան հակադրության բացակայությունը։ «Երկիր Նաիրից՝ 29800 ք/կմ» թեզին պետք է հակադրվեր գրագետ այլընտրանք՝ մոտավորապես «Ռազմադաշտից՝ պետություն» ձեւակերպմամբ։ Ու այդ հակադրության բացակայությունն է հենց ընկած համատարած մոլորության, հասարակության տարբեր շերտերի կողմից իրականության աղավաղած ընկալման, եւ նույնիսկ՝ խեղդվող Արցախի հանդեպ անտարբերության հիմքում։

Վերջին օրերին, վերջին փուլում լիդերության բացակայությունը, այն է՝ քաղաքական մտքի, ձեւակերպված խնդիրների, անձնազոհության պարտադիր փաթեթով, ավելի ակնառու է դառնում։

Մենք չենք կարողանում ստեղծել Հայաստանի նոր լիդերությունը, որի առանցքում կլինի նոր միտքը։ Ու չենք կարողանում մեր հասարակությանը ասել, որ «Բիբլիական ելք, անապատի ճանապարհ» եւ այլ լիրիկական զեղումները կատարված աղետի եւ գալիք աղետի մի կարճ, ժամանակավոր փուլն են։ Սա մահաբեր լիրիկա է։

Մենք չենք կարողանում ձեւակերպել մեր թեզը, որ ելքը մեկն է՝ մեր հայրենիքը չդադարող ռազմի դաշտից դեպի պետություն վերադարձնելը։ Այսքան պարզ ու այսքան սպասված գաղափարը չենք կարողանում ձեւակերպել ու խոսել մեր հասարակության հետ։ Նոր լիդերությունը պետք է լուծի կարեւորագույն խնդիրը. ավարտել մեզ վրա դրվող էքսպերիմենտը, վերականգնել պետականությունը, որպեսզի հնարավոր լինի խուսափել նոր աղետից ու սկսել վերականգնումը։

Մենք սա չենք անում, ու այդ պատճառով այսօրվա Հայաստանը  անիմաստ «ռեզերվացիա» է հիշեցնում՝ կոլաբորացիոնիստների, կոնֆորմիստների, հայրենիքի գիշատիչների հոծ քանակներով։ Այստեղ Նիկոլը միակ մեղավորը չէ։

Անտարբերությունը եւ անիմաստությունը միայն իշխանությունից չէ, որ գալիս է։ Հայրենիքի փրկությունը սեփական հաշվապահությունից դիտարկողները միայն իշխանությունում չեն։

 Վստահ եմ՝ բոլոր հանրային դեմքերին այս օրերին հազար անգամ հարցրել են՝ ի՞նչ է լինելու. Լաչինը, Արցախը, Զանգեզուրի միջանցքը, Ջերմուկը, Հայաստանը։ Համբերատար պատասխանել ենք, բայց ժամանակն է, որ մտահոգ զրույցներից անցնենք հանրային պրոցեսի, մտահոգությունը վերածենք քաղաքական ձեւակերպումների ու դրանից հետո պարզ ասենք մեր քաղաքացիներին, թե ինչի´ դեպքում ինչ է լինելու։ Եվ նաեւ խոսենք, թե դժվար պահին, այս ճակատագրական պահին, ո´վ իրեն ինչպես պահեց կամ կպահի»,- գրել է նա։